Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն

1915թ. սպանված հայ հրապարակախոսների անուններն ավելացվել են Թուրքիայում սպանված լրագրողների ցանկին

Ապրիլ 20, 2011թ. 21:50

24Թուրքիայի արդի լրագրողների ասոցիացիան 1915թ. սպանված հայ հրապարակախոսների անուններն ավելացրել է իր կազմած՝ Թուրքիայում սպանված լրագրողների ցանկին, իսկ ապրիլի 24-ին հիշատակի արարողություն է նախաձեռնել:

«Հյուրիեթ դեյլի նյուզ» թուրքական անգլալեզու թերթը փոխանցում է, որ երեկ հրավիրած ասուլիսում այս մասին հայտարարել է Ասոցիացիայի նախագահ Ահմեդ Աբաքայը: Հայկական երկլեզու «Ակօս» թերթի խմբագրապետ Ռոբեր Կոպտաշը նույն ասուլիսում նշել է, որ սա առաջին դեպքն է, երբ Թուրքիայում որևէ լրագրողական կազմակերպություն հրապարակավ հայտարարում է, որ 1915թ. հայ լրագրողներ են սպանվել:

Այս ցանկում, որտեղ նախկինում ընդգրկված էր թուրքական պետության հիմնադրումից առաջ և հետո երկրում սպանված 76 լրագրողի անուն, այդ թվում, միայն մեկ սպանված հայ լրագրողի՝ Հրանտ Դինքի անունը, այժմ ընդրգկված են նաև 1915թ. ցեղասպանությանը զոհ գնացած Գրիգոր Զոհրաբի, Դանիել Վարուժանի, Ատոմ Յարճանյանի (Սիամանթո) Ռուբեն Սևակի, Ռուբեն Զարդարյանի, Երվանդ Սիմաքեշանլյանի, Հովհաննես Հարությունյանի, Արմեն Դորյանի, Լևոն Լարենցի անունները:

Վերջերս մի շարք թուրք մտավորականներ էին կոչ արել՝ Մեդիայի թանգարանի՝ Թուրքիայում սպանված լրագրողների ցանկում նշել նաև 1915-ին սպանված հայերի անունները:

Ցանկում ավելացված հայ մտավորականները ոչ միայն գեղարվեստական արձակի կամ պոեզիայի հարուստ ժառանգություն են թողել, այլև հրապարակախոսական ու գրական հոդվածներով հանդես եկել ժամանակի մամուլի էջերում, պարբերական հրատարակություններ խմբագրել:

Զոհրապի, Սիամանթոյի, Սևակի, Վարուժանի հետ այս ցանկում ընդգրկված Ռուբեն Զարդարյանը խմբագրել է «Ազատամարտ» թերթը, Արմեն Դորյանը ֆրանսահայ հանդեսի խմբագրապետ է եղել, Լևոն Լարենցը՝ բանաստեղծ, թարգմանիչ, գրականության պրոֆեսոր:

Ռուզան Խաչատրյան
«Ռադիոլուր»

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն