Հրանուշ Բեջանյան. «Իշխանության ձևավորման ազգային սկզբունքը»
Հեղինակի կողմից
Հեղինակը, ազգը դիտարկելով որպես արարչագործությամբ ստեղծված բանական համակարգ, ուժեղ ու ազգանպաստ իշխանության ձևավորումը տեսնում է ազգի հոգևոր դաշտի հենքի վրա, որի զարգացման համար պարտադիր է համարում Արարչի կողմից սահմանված բարոյական նորմերի կիրառումը: Վերլուծությունների միջոցով ցույց է տալիս իմաստասերների և իշխանության համագործակցության արդյունքում իշխանավորների աշխարհաճանաչման և մարդաճանաչման, հոգևոր գիտելիքների իմացության ձեռքբերման անհրաժեշտությունը, ինչը կօգնի իշխանությանը տնօրինել ազգային արժեքները, պահպանել ազգի ճիշտ տեղն ու դերը արարաչագործության Մեծ ծրագրում:
«Իշխանության ձևավորման ազգային սկզբունքը»
«Զորությունների դու Տեր և թագավոր բոլոր գոյությունների.
Օրհնաբանված ողորմություն և բոլորի Աստված,
Որ իշխում ես լայնատարած և ընդարձակ անսահմանության վրա,
Դու ես չափն ու քանակությունը բոլոր մեծությունների…
Զի դու միայն ես երկնքում անճառ և երկրում` անզննին,
Գոյության տարրերի մեջ և աշխարհի բոլոր ծագերում,
Սկիզբն ամեն ինչի, և ամեն ինչի մեջ`ամբողջ լրումով»:
Սուրբ Գրիգոր Նարեկացի, «Մատյան ողբերգության»
Ամեն մի կենդանի էակ, ինչպես նաև մարդը, իրենից ներկայացնում է ոչ իր կամքով ստեղծված մի ինքնակառավարվող համակարգ, որը ձգտում է գոյապահպանման, և որի գոյապահպանումը պայմանավորված է մեկ այլ ինքնակառավարվող համակարգի պահպանումով, որի մասնիկն է կազմում ինքը: Ինչպես մարդու օրգանիզմի բջիջը, ունենալով ամբողջական տեղեկատվություն օրգանիզմի մասին և լինելով ամբողջական համակարգ, կազմում է մարդու որևէ օրգանի մասնիկը, օրգանը մարդու` ճիշտ այդպես էլ մարդը մասնիկն է իրեն շրջապատող բնության, բնությունը` մոլորակի, մոլորակը` տիեզերքի և այդպես անսահման:
Ամեն մի մասնիկի գոյապահպանումը հնարավոր է, եթե հաշվի են առնվում ոչ միայն իր, այլ նաև այն համակարգի գոյապահպանման խնդիրները, որի մասնիկն է ինքը: Այսպիսով` ամեն ինչ շաղկապված է մեկ ընդհանուր օրենքով, չկա ոչ մի պատահական բան, ամեն ինչ հաշվարկված է ամբողջական համակարգի պահպանման համար: Պարզ է դառնում, որ այն համակարգը, որը հաշվի չի առնի այդ և դուրս գալով ընդհանուր ռիթմից` կփորձի գործել միայն իր համակարգի պահպանման համար, տեղի կունենա մի երևույթ, որն այսօրվա բժշկության մեջ անվանում ենք քաղցկեղ: Արարչի կողմից ստեղծված է կատարյալ հնարավորություն ամեն մի համակարգի հավերժ գոյապահպանման համար: Սակայն ամեն մի առանձին համակարգ, կարծես իրեն տրված ազատության սահմաններում, էվոլյուցիոն զարգացման միջոցով միայն կարող է հասնել ամբողջական համակարգի նույն օրենքով գործող ընթացքին, նույն ռիթմով գործելուն, որը կապահովի ինչպես իր, այնպես էլ ամբողջական համակարգի հավերժական գոյապահպանումը:
Մարդկությունը իր գիտակցության զարգացման ընթացքում անցնում է տարբեր ոլորտներով` ֆիզիկական, հուզական, մտավոր, հոգևոր, ամեն ոլորտում փորձում հասկանալ իրեն և շրջապատող աշխարհը, արդեն այդ ոլորտին համապատասխան ընկալումներով առնչվում արարչագործական ծրագրի իրականացման համար գործող երևույթներին, շարժիչ ուժերին, զգում դրանց ազդեցությունը, անում եզրահանգումներ. ցավոք, շատ հաճախ այն ծառայեցնում իր` անձնական նեղ գաղափարներին ու ծրագրերին:
Ժամանակակից մարդկության հիմնական մասը իր գիտակցական զարգացման ներկա փուլում գտնվում է մտավոր ոլորտում և սկսել է առնչվել հոգևոր ոլորտի հետ, սակայն դեռևս չի հասել հոգևոր գիտակցությանը:
Ամեն մի համակարգի էվոլյուցիոն զարգացումը և ընդհանուր ռիթմով ճանապարհի անցումը տեղի է ունենում երկու ուժերի` չարի ու բարու համառ պայքարում:
Բարին, որը քաոսից ստեղծում է կանոնակարգված համակարգ և չարը, որը փորձում է ամեն մի կանոնակարգված համակարգ վերածել քաոսի: Այս պայքարը տեղի է ունենում ամեն ինչի մեջ. և’ բնության, և’ կենդանի էակների, և’ մարդկության մեջ, այն բոլոր ոլորտներում, որ անցնում է մարդը իր գիտակցության զարգացման ընթացքում: Եվ պատահական չէ, որ մարդկությունը այդ ճանապարհն անցնելիս մշտապես պարտավոր է պահպանել որոշակի կանոններ, բարոյական նորմեր. ամբողջության հետ մեկ օրենքով գործելու համար: Դրանք մարդու գործունեության այն բարոյական նորմերն են, որի պահպանումը պարտադիր է, առանց որի մարդկային էվոլյուցիոն զարգացումը դատապարտված է:
Այդ նորմերը պահանջում են, որ մարդկային ամեն մի գործունեություն լինի տիեզերական ռիթմին համընթաց և նպաստի նրա գոյապահպանմանը: Բարոյական նորմերը չպետք է մարդը ինքը ստեղծի, այն պարտադրվում է տիեզերական բանականության, այն է` Աստծո կողմից: Եվ պատահական չէ, որ մարդկության ստեղծման օրից տրվում են որոշակի գիտելիքներ, ուղեցույց, իր զարգացման աստիճաններին համապատասխան, հոգևոր ուսմունքի ձևով, որով մարդկությունը պետք է կառուցի իր առաջխաղացումը, ընթացքը` տրվում է այն ճանապարհը, որը մարդկությանը պիտի տանի դեպի ընդհանուր համակարգի հետ նույն ռիթմով գոյատևելուն, դեպի հավերժություն, այսինքն` դեպի Աստված:
Երբ մարդը գործում է գիտակցական զարգացման հոգևոր ոլորտում, փոխվում են նրա ընկալումները, չարին հաղթելու մոտեցումները: Զենքը դառնում է սերը, Աստվածային սերը արարչագործությամբ ստեղծված ամենի հանդեպ, որով նա ոչ թե հարվածում, այլ զինաթափում է հակառակորդին: Քանզի չարը արարչագործության արդյունք չէ, այլ ինքնածին մի երևույթ, ինչը առաջանում է մարդուն տրված ազատ կամքի սխալ որոշումներից ու գործողություններից, որը գալիս է նրա աշխարհաճանաչման դեռևս ցածր գիտակցական մակարդակից: Հոգևոր դաշտում գտնվող մարդու համար դառնում են հասկանալի չարչարանքներ կրած և խաչին գամված Քրիստոսի խոսքերը. «Աստված, ներիր նրանց, նրանք չգիտեն, թե ինչ են անում»:
Քանի դեռ մարդկությունը չի հասել հոգևոր գիտակցությանը, նա ընդունակ չէ գործել բացառապես հոգևոր օրենքներով և դեռևս օգտագործում է նյութական ոլորտում գործող միջոցները: Ուստի մարդկությանը մնում է ձգտել կատարելության` այդ ճանապարհին իր գործողություններում կարողանալով հաշվարկել և գտնել այն լուծումները, որը կարող է առավելագույնս ոչնչացնել չարին` իր կողմից նվազագույնս չարի առկայությամբ: Սա մի պատերազմ է, որտեղ որքան էլ հակառակորդը պարզ ու հստակ երևա, միևնույնն է, այն ունի իր աներևույթ կողմը, որը աննկատ է, և կարող է լինել անգամ իր` չարի դեմ պայքարողի մեջ: Այս պատերազմում իրական հաղթանակ կարելի է տանել, երբ ամեն մի զինվոր չարից ազատագրումը սկսում է հենց ինքն իրենից: Եվ ցանկացած պարագայում` լինի դա սրբազան պատերազմ հանուն հայրենիքի, թե գաղափարի, պետք է ձգտել մնալ տվյալ իրավիճակի համար հնարավորինս ամենաբարձր բարոյական նորմերի մեջ, ապահովելով մարդկության ճիշտ ընթացքը դեպի գիտակցական ընկալման բարձրագույն աստիճան` Աստվածային սիրով զորացում` դեպի լիակատար և ճշմարիտ հաղթանակ:
Հիմք ընդունելով Աստվածաշունչն ու ժամանակակից ճշգրիտ գիտության բացահայտումները, միանշանակ կարելի է ասել, որ ազգը նույնպես արարչագործությամբ ստեղծված մի համակարգ է, որն ունի իր նյութական, հուզական, մտավոր, հոգևոր ոլորտները: Եվ որպես բանական համակարգ, հենց հոգևոր ոլորտում է նախանշվում նրա տեղն ու դերը արարչագործության ծրագրում: Իր լեզվի, ավանդույթների ու մշակույթի միջոցով նա կարողանում է պահպանել իր տեսակը, իսկ հավատքն ու կրոնը օգնում են նրան մնալու Աստվածային օրենքների մեջ և չխախտելով ներդաշնակությունն ու ճիշտ կապը արարչագործության բարձր համակարգերի հետ` իր մեջ կրում է համամարդկայինը:
Կենսունակ ու հավերժական կլինի այն ազգը, ում ազգային արժեքներն ու դավանած կրոնը ինչպես ազգային, այնպես էլ համամարդկային են: Այսօր մարդը գտնվում է գիտակցական զարգացման այն փուլում, որտեղ տեղի է ունենում չարի ու բարու ամենաահեղ ճակատամարտը, քանզի այն ճակատամարտ է մտավորից հոգևորին` երկրայինից երկնայինին անցնելու համար, և կհաղթանակեն այն ազգերը, ովքեր կօգտագործեն ինչպես նյութական, այնպես էլ հոգևոր ոլորտի հնարավորությունները: Մենք ապրում ենք գիտակցության ընկալման այն շրջանում, երբ չարի ուժերը օգտագործում են մարդկության մեծ մասի համար դեռևս լիովին չբացահայտված մտքի ու հոգու դաշտի կործանարար զենքի իրենց զինանոցը: Եվ չարի ու բարու պայքարում կհաղթանակի այն կողմը, ով օգտագործում է մարդկության ինչպես նյութական, այնպես էլ հոգևոր ոլորտում իրեն տրված Աստվածային զորության հնարավորությունները:
Ազգը որպես զարգացող համակարգ իր մեջ կրում է ինքնապահպանման և զարգացման համար անհրաժեշտ մի ուժ, որն ստեղծողն է նորի, առաջադեմի` պահպանելով արարչագործության ճիշտ ընթացքը: Դրանք մարդիկ են, ովքեր մշտապես զգում են արարչագործության ռիթմը և առաջինն են տեսնում զարգացման ճշմարիտ ուղին: Նրանք ազգի ինչպես հոգևոր, այնպես էլ աշխարհիկ դասի ներկայացուցիչներ են, որոնց մի մասը աղոթքներով ու հոգևոր բարձրագույն ոլորտների հետ առնչվելու համար անհրաժեշտ ծեսերի ու սիմվոլների օգնությամբ, (որոնք ունեն մարդկության համար չբացահայտված, սակայն անգամ գիտական բացահայտումներով հաստատված մեծ խորհուրդ ու նշանակություն), ջանում են պահպանել ազգի հոգևոր դաշտը` կապը Արարչի հետ: Մյուս մասը, եթե անգամ զանազան պատճառներով չի ընկալել ու չի օգտագործում այդ միջոցները, իր բարոյական վարքով, ազգային արժեքների (լեզու, մշակույթ, գիտություն) ստեղծմամբ և պահպանմամբ մնում է արարչագործության ծրագրին հավատարիմ: Որպես կանոն, նրանց խորթ են նյութապաշտական, փառասիրական մղումները և ցանկացած իրավիճակներում իրենց մեջ մշտապես կրում և պահպանում են ազգի տեսակը: Բազում փորձությունների ենթարկվելուց հետո, մարդկային այս տեսակից ձևավորվում է մի ընտրանի, որի ներկայացուցիչները լինելով հոգևոր զարգացման մեջ մտավոր և ավելի բարձր մակարդակներում, նյութական աշխարհի խնդիրները կարողանոմ են տեսնել իրենց ճշմարիտ պատճառահետևանքային կապերով, ընդհուպ մինչև տիեզերականը: Գուցե դա է պատճառը, որ նրանց խորթ են չարությունն ու դատելու հատկությունները: Նրանք երկրային կյանքում մնալով աննկատ` ներկայանում, ճառագայթում են մարդու իրենց տեսակը, որը համախմբում և ստեղծում է նոր, երիտասարդ հոգևոր բջիջներ` կենսունակ տվյալ ժամանակի համար` իրենցից հետո թողնելով հոգևոր զորություն: Սրանք ազգի այն հոգևոր բջիջներն են, որոնց անհրաժեշտությունը զգացվում է հատկապես ազգի համար հոգեկան ամենածանր կամ օրհասական պահերին, քանի որ նրանց միջոցով է մնում ոչ միայն կապը արարչագործության հետ, այլև նրանց հոգու զորությամբ ու ազատ բանականությամբ են գտնվում ճշմարիտ լուծումները` մարդուն տրված ազատ կամքի սահմաններում, որոնք կարող են լինել ամենամոտը արարչագործության ծրագրին` Աստծո կամքին: Նման մտավորականների և հոգևոր դասի համատեղ գործունեությունը կարող է ոչ միայն պահպանել, այլ նաև վերականգնել ազգի հոգևոր դաշտը, եթե այն խաթարված է, քանզի նրանց հայտնի ու տեսանելի է Արարչի կողմից թողած դարձի ճանապարհը:
Ցանկացած երկրում ազգի իշխանության թեկնածուները հանդես են գալիս տվյալ երկրի հասարակությունից (նույն ազգից, եթե հասարակությունը միատարր է) և իրենց մեջ կրում են այդ հասարակության (ազգի) տվյալ ժամանակի բարոյական նորմերը:
Իշխանությունը իրականում կոչված է ծառայելու ժողովրդին, իրականացնելու նրա նյութական, մտավոր, հոգևոր արժեքների կազմակերպված տնօրինումն ու ղեկավարումը, իր ժողովրդի և այլ ազգերի ու պետությունների միջև կապերի ստեղծումը: Եթե հասարակությունը ներկայացնում է ազգ` կրում է պատասխանատվություն ազգի առջև: Սակայն, եթե ազգի հոգևոր դաշտը արդեն գտնվում է այլոց ազդեցության տակ, ապա իշխանությունը կծառայի այլոց, որքան էլ դա անցանկալի լինի անգամ իրեն` իշխանությանը: Եթե իշխանությունը ծնունդ է առնում խաթարված բարոյական նորմերով հոգևոր դաշտից, իր գործունեությամբ ավելի է վատթարացնում այդ դաշտը պահպանող և վերականգնող պայմանները, որը պետք է ծնի նոր իշխանություն: «Ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանավորին»: Ստացվում է փակ շղթա:
Որքան էլ ազգին առաջ մղող իրական ուժը Արարչի հետ նրա հոգևոր կապը պահպանող անդամներն են, անառարկելի է իշխանավորների մեծ դերը այդ խնդրում, քանզի նրանց են վստահված ազգի արժեքների տնօրինումը: Հայ Մեծ մտածող Գրիգոր Տաթևացին արտահայտում է այն միտքը, որ հոգևոր, մարդաճանաչման ու աշխարհաճանաչման գիտելիքների մատուցումը պետք է սկսել իշխանավորներից, քանզի նրանք ունեն ազդեցության մեծ ոլորտ, որը կնպաստի փակ շղթան ճեղքելուն, հանրության մտավոր և հոգևոր ճիշտ, ավելի արագ առաջընթացին: «Ինչպիսին ժողովրդի իշխանն է, այնպիսին նրա սպասավորներն են՚» (Աստվածաշունչ Սիրաքի իմաստություն 10.2):
Ցավոք սրտի, այսօր հանդիպում ենք մի իրականության, երբ ազգի փրկությունը կապվում է ազգի ղեկավարման աթոռի հետ, հիմք ընդունելով, որ այնտեղ են ազգի փրկության լծակները` չհասկանալով, որ ամեն մի բանական համակարգի ղեկավարման լծակները գտնվում են այդ համակարգը արարողի մոտ, որի հետ կապը կարելի է պահպանել միայն հոգևոր` բարոյական նորմերով սահմանագծված դաշտի միջոցով, գիտակցաբար, իրեն ընձեռնած ազատ կամքը նույնացնելով Արարչի կամքի հետ: Երբ անտեսվում, և որ ավելի վտանգավոր է, հոգևոր դաշտը դրվում է այլ համակարգերի ազդեցության տակ, խզվում է կապը արարչագործության ընթացքի հետ, և լծակները հայտնվում են այդ համակարգի մոտ, որն էլ ներմուծելով իր նորմերը, ստեղծում է իրեն ցանկալի, նոր հոգեկերտվածք: Այս դեպքում ազգի միտքը շեղվում է իրական խնդիրներից, դառնալով նեղ ենթագիտակցական մղումներ` ընդհուպ մինչև միջանձայինը, որը փորձ է արվում լուծել ազգովի:
Երբ բարոյական նորմերը խաթարվում են, հասարակության կողմից իշխանության ընտրությունը դառնում է ձևական, ինքնանպատակ, և արդարության հասկացությունը բնորոշում է միայն ընտրության գործողության բնույթը, քանզի միևնույնն է, անբարո նորմեր ունեցող դաշտից այն ոչ թե լավի ու վատի մեջ է, այլ վատի ու վատթարի, որը էապես չի կարող փոխել ազգի կամ տվյալ հասարակության վիճակը:
Երբ ազգի մոտ խաթարվում է մտքի ու հոգու ճիշտ կապը, նա կորցնում է իր ճիշտ տեղն ու դերը արարչագործության մեծ ծրագրում: Այս երևույթը ինքնին չարի ծնունդ է: Նման դեպքում ամենաազնիվ մղումներով ղեկավարն անգամ, ստանձնելով իշխանության ղեկը, կհայտնվի և կխճճվի չարի որոգայթներում:
Այսօր մենք ականատեսն ենք նման գործընթացների, որի ամենակատարյալ օրինակը մեծ տերությունների կողմից առաջարկվող գլոբալացումն է, անտեսելով արարչագործության մեջ արդեն գոյություն ունեցող իրական, բնական գլոբալացումը, որտեղ բացառվում է տեսակի վերացման վտանգը:
Ազգային իշխանության ձևավորման համար, ինչպես բազմիցս նշվեց, անհրաժեշտ է ունենալ ազգային հզոր հոգևոր դաշտ, որի համար կա մեկ ճանապարհ` պահպանել Արարչի կողմից սահմանված օրենքները` բարոյական նորմերը, վերադառնալ արարչագործության ծրագրի ընթացքին: Ինչպես հոգևոր, այնպես էլ մարդու բնույթը ուսումնասիրող գիտական ուսմունքներում, վերականգնումը տեղի է ունենում անցած ուղու դիտարկմամբ, սեփական նպատակների, գործողությունների անաչառ վերլուծությամբ ու թույլ տված սխալների համար անկեղծ զղջմամբ, որը հոգևոր ուսմունքում կոչվում է ապաշխարհություն` քավություն:
«Ինչպես որ առանց Քրիստոս Աստծո մեր հոգիներին փրկություն չկա,
Եվ ոչ էլ առանց աչքի տեսողության` լույսի զվարճանք, Եվ կամ արևի քաղցրություն` առանց արևածագի,-
Այսպես էլ առանց ծածուկ մեղքերի խոստովանության
Եվ ինքնապարսավ մեղադրանքների` չկա քավություն»:
Սուրբ Գրիգոր Նարեկացի
«Մատյան ողբերգության»
Ծանր է քավության ընթացքը, որն անպայմանորեն ուղեկցվում է բարձր հուզականությամբ, որից հետո մարդու հոգին խաղաղվում և իրականացնում է կապը արարչագործության հետ: Առավել ևս բարդ է, երբ այն վերաբերվում է ազգին: Այս ըմբռնելու դեպքում այդքան բաղձալի, գրավիչ չի լինի իշխանության գահը, և այնտեղ կհայտնվի ազգի նվիրյալը, ով կարող և պատրաստ է ազգի համար տառապելու` նրան ծառայելու: Չնայած դժվար է, սակայն քավությունը հիմք է ստեղծում` նպաստում ամենակարճ և ամենաամբողջական ձևով խնդրի լուծմանը:
Շեղումը արարչագործության ընթացքից, որը աղբյուրն է ցանկացած բացասական երևույթների (սկսած հիվանդություններից մինչև ճակատագրի խեղում), քավությունից հետո դառնում է փորձություն, ինչը հաղթահարելուց հետո սպասվում է վերելք, որն էլ հնարավորություն կտա մարդուն (ազգին) հավերժության ճանապարհը անցնել պահպանելով իր տեսակը:
Աստվածաշունչն ու ժամանակակից գիտության բացահայտումները նաև հիմք են տալիս մտածելու, որ չարի ու բարու կռիվը, որը կա ցանկացած խնդրի առկայության դեպքում, տեղի են ունենում տարբեր` ինչպես մարդու համար տեսանելի ու ընկալելի, այնպես էլ նրա ընկալումներից դուրս` ավելի բարձր ոլորտներում: Եվ եթե այնտեղ չարին չի տրվել համապատասխան հակահարված, ապա այն կարող է իջնել նյութական ոլորտ և դրսևորվել այնպիսի ձևերով, որոնց դիմակայելը մարդն անկարող է:
«Սակայն, որպեսզի փրկության հույսն իմ իսպառ չկտրեմ
Եվ, մնալով անզեն, չմատնվեմ ձեռքն այն աներևույթ հակառակորդների,
Որոնց մասին ես հիշատակեցի վերև ահավոր պատկերների տակ,
Եվ որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ ինքնածին բուսած ընտանի թշնամիներ,
Ապա, ես այստեղ այդ բազմամբոխ ու հզոր մարտիկների դեմ ցույց պիտի տամ նաև
Աստվածային ամենահաղթ և անպարտելի ախոյաններ,
Չնայած որ դա կսկծալի ցավ է,
Անհասանելի ծառերի դժվարակութ պտուղ,
Եվ անկոխ ճամփաների տառապալից տաժանք:
Բայց աչքերից կաթած կաթիլ մի արցունք
Կարող է բանսարկուի չարագունդ զորքերը բոլոր ցամաքեցնել,
Ինչպես տկար խլրտումով գետնաքարշ սողացող
Բազմոտանի զեռունների ու որդերի վրա
Ընկած ձեթի կաթիլ և կամ դույզն ինչ թույն սատակչական:
Հեծեծող սրտի հոգուց դուրս ելած հառաչանքները
Բարկ արևի հետ խառն ու տոթաշունչ խորշակի պես
Հալեցնում են մեղքերի սառույցները սաստիկ,
Քանզի որդերի պես որքան հեշտածին են մեղքերը,
Նույնքան էլ դյուրամեռ են նրանք այս դիմադրական միջոցներով:
Սուրբ Գրիգոր Նարեկացի, «Մատյան ողբերգության»
Մարդու, նաև ազգի համար անընկալելի ոլորտներում հաղթանակ տանելու միակ միջոցը Արարչի` արարչագործության մեջ լինելն է` իր մտավոր դաշտի միջոցով: «Որտեղ միտքդ է, այնտեղ դու ես» (Սուրբ Գրիգոր Նարեկացի):
Ազգը բանականության, հավատքի ու կրոնի օգնությամբ, վերը նշված մեթոդներով ու ձևերով, իր մեջ եղած հոգևոր առողջ բջիջների միջոցով արտահայտում է իր ազատ կամքի համաձայնությունը Արարչի կամքի հետ, վերադառնում է արարչագործության ծրագիր և գործի է դրվում վերջինիս հզոր շարժիչ ուժը, որն արդեն մարդուն դեռևս անհասկանալի ձևով լուծում է խնդրի իր բաժինը, թողնելով այն մասը, որը վերապահված է լուծելու մարդուն իր տրամաբանության ու բանականության միջոցով` պատրաստ մշտապես օժանդակելու, եթե մարդը գործում է իր օրենքների սահմաններում:
Նյութական աշխարհում ստեղծվում են նպաստավոր պայմաններ հոգևոր դաշտի վերականգման և նրան համապատասխան իշխանավորների ձևավորման համար: Նման հոգևոր դաշտում գործում են մարդու ազատ, բանական միտքը և ոչ ենթագիտակցականը` բնազդայինը և առողջ վերլուծությունների ու որոշումների արդյունքում, Աստծո օգնությամբ, առանց ատելության ու բռնությունների ընտրվում է տվյալ ժամանակի համար ամենանպաստավոր ղեկավարը: Տեղին է մեկ անգամ էլ հիշել Աստվածաշնչյան դրույթը.«Ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանավորին»: Սակայն ոչ մի իշխանություն, առավել ևս ազգային, չի կարող լուծել իր ժողովրդի (ազգի) խնդիրները, եթե իր կողքին չունենա այդ ժողովրդի (ազգի) մտավոր և հոգևոր ոլորտի առողջ բջիջը ներկայացնող անդամներին:
Հզոր կլինի այն ազգը, ում իշխանությունը կընդունի հոգևոր խորհուրդների նշանակությունը, ազգի դավանած հավատքին հատուկ ձևերով կպաշտպանի նրան աներևույթ ուժերից, առողջ բանականությամբ զննելով ու շտկելով տեսանելի ու ընկալելի շեղումները, կընդունի և կիրականացնի Աստվածային նորմերին չհակասող օրենքներ, իշխանության ղեկը հաջորդին կփոխանցի ապաշխարհությամբ ու խաղաղությամբ` պահպանելով ներդաշնակ կապը ինչպես իր և ժողովրդի, այնպես էլ սեփական խղճի ու Աստծո հետ:
Բոլոր ժամանակներում ազգի հզոր ղեկավարներն իրենց կողքին ունեցել են ազգի իմաստուններին, ովքեր իրենց իմացությամբ և իմաստությամբ վերլուծել և գտել են ճշմարիտ ուղիները ազգի խնդիրների լուծման համար: Նրանք իրենց խորհուրդներով օգնել են իշխանավորներին, ցանկացած խնդրի համար առաջին հերթին այն լուծել արարչագործության ծրագրին համապատասխան, ընտրել խնդրի լուծման ճիշտ դերակատարներին, առանց որի հնարավոր չէ դիմակայել և լուծել այն խնդիրները, որոնք տեսանելի են անգամ հասարակ մահկանացուին.
1. Ազգային արժեքների կորստի վտանգ (գլոբալիզացիա, զանազան քայքայիչ գործունեություն արտաքին ուժերի կողմից):
2. Աղանդների քայքայիչ գործունեություն:
3. Ազգի իրական նվիրյալներ, ովքեր ազգի հզորացումն ու քայքայիչ արտաքին ուժերին դիմակայելը տեսնում են ազգի դավանաբանությունն ու կրոնը վերադարձնելով արմատներ` նշելով այն ժամանակահատվածը, երբ ազգը ավելի հզոր էր:
4. Ազգի իրական նվիրյալներ, ովքեր չընկալելով ազգի ներկա դավանանքն ու կրոնը, ազգին տանում են դավանափոխության, իրենց պատկերացմամբ` ավելի կատարյալին:
5. Չարի օրեցօր ավելացումը ազգի յուրաքանչյուր անդամի մոտ տարբեր պատճառներով ու ձևերով:
Չխորանալով այս խնդիրների լուծման կոնկրետ ուղիների մեջ, հարկ է նշել, որ դրա համար պետք է օգտագործել դարերի պատմություն ունեցող մեր հոգևոր ժառանգության վրա հիմնված աշխարհարաճանաչման և մարդաճանաչման գիտելիքների զինանոցը, հոգևոր մեկնությունները ժամանակակից գիտական բացահայտումների հետ համադրելով` ցույց տալ ազգի արժեքների ու դավանանքի ճշմարտացիությունը, մարդկության գիտակցության զարգացման առաջընթացում նրա առաջատարությունը: Այն պետք է իրականացնել երկխոսությամբ, որի լեզուն կարող է լինել գիտական փաստերն ու պատմական արժեքները, հոգևոր մեկնությունները: Իսկ երկխոսության դաշտը, աներևույթ չարից պաշտպանելու համար, որպես վահան ունենալ ազգային արժեքները, գաղափարախոսությունը, հավատքն ու կրոնը: Դրա համար հայ ազգը ունի բոլոր բավարար հնարավորությունները:
Հայ ազգը մարդկության հոգևոր առաջընթացում առաջինն է ընդունել ամենաառաջատար դավանանքն ու ստեղծել համապատասխան կրոնական կառույցը: Եթե առաջինն է, ապա նշանակում է, որ բազում ազգերի մեջ ոչ միայն իր մեջ կրում էր աստվածային էությունը, այլև առաջինն էր, որ պատրաստ էր` պարարտ հող ուներ նրա երևույթացման համար: Նշանակում է նա ունի մեծ դերակատարում արարչագործական Մեծ ծրագրում:
Այսօր, երբ մարդկությունը մտնում է մտավորից հոգևոր ոլորտ` և հայտնի է դառնում հոգևորի գերակայությունը, հայ ազգը կարող է ստանձնել իր իրական դերն արարչագործության մեջ` հենվելով հազարամյակների պատմություն ունեցող, բազում փորձություններ կրած հոգևոր առաջընթացի փորձի և այդ ընթացքում համամարդկային արժեքներ ստեղծած իր մեծերի թողած վերլուծությունների ժառանգության վրա, աշխարհին ներկայանալ որպես մարդկության հոգևոր դաշտը առաջ մղող ուժ, քանի որ մարդկության հոգևոր առաջընթացը մշտապես ընթանում է նույն օրինաչափություններով` նյութական, հուզական, մտավոր, հոգևոր ոլորտներում` պարզապես տարբեր ժամանակներում:
Հայ ազգը ունի ասելիք ու տալիք մարդկությանը արարչագործության` անընդհատ զարգացման մեջ պահելու խնդրում: Եվ փոխանակ հարյուրամյակների պատմություն ունեցող պետություններից ու ազգերից թելադրվող կարգերն ու օրենքներն անվերապահորեն ընդունելու, որտեղ անգամ մարդու իրավունքներում հաշվի է առնվում ավելի շատ նրա կենդանական, բնազդային, քան ավելի կարևոր հոգևոր ծագումը, փոխարենը ներկայացնելու Դավիթ Անհաղթի, Անանիա Շիրակացու, Սուրբ Գրիգոր Նարեկացու, Գրիգոր Տաթևացու, մյուս մեծերի ու աշխարհի ժամանակակից գիտական բացահայտումներով հիմնավոր իր տեսակետը, որը նրան կազատի փոքրության բարդույթից, կդարձնի հզոր նյութական աշխարհում առաջատար համարվող այլ ազգերի ու պետությունների կողքին, որպես փաստ ներկայացնելով ոչ միայն հիմնարար վերլուծություններ ու եզրահանգումներ, այլև բազում փորձություններ կրած իր գոյության փաստը:
Հրանուշ ԲԵՋԱՆՅԱՆ,
Հոգեբան, ինժեներ-կիբեռնետիկ, «Հարք» մշակութային, կրթավերականգնողական հ/կ նախագահ
ArmAr.am













