Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Բուլղարիայում տեղի է ունեցել «Հայոց պատմություն» բուլղարերեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսը

Ապրիլ 21, 2011թ. 18:55

Ապրիլի 19-ին, Բուլղարիայի ԱԳՆ մշակույթի ինստիտուտի, Հայաստանի դեսպանության և «ՌԻՎԱ» հրատարակչության նախաձեռնությամբ Բուլղարիայի ԱԳՆ դիվանագիտական ինստիտուտի ցուցահանդեսային սրահում կայացավ ամերիկահայ պատմաբան, Բոստոնի համալսարանի պրոֆեսոր Սիմոն Փայասլյանի «Հայոց պատմություն» բուլղարերեն թարգմանությամբ հրատարակված գրքի շնորհանդեսը:

Գիրքն անգլերենից թարգմանել է Կալինա Լյուբամիրովը, խմբագրել` Սոֆիայի Սրբ. Կլիմեն Օրհիդսկի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետի հայագիտական բաժնի դասախոս, պատմաբան Հակոբ Օրհմանջյանը:

Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ ԲՀ ԱԳՆ մշակույթի ինստիտուտի տնօրեն Լյուդմիլա Դիմիտրովան: Միջոցառման գլխավոր բանախոսն էր Սոֆիայի Սրբ. Կլիմեն Օրհիդսկի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Իվան Իլչևը, ով հանգամանալից ներկայացրեց գրքի արժանիքները, ինչպես գիտական և պատմական, այնպես էլ գեղարվեստական տեսանկյունից: Իրեն համարելով հայերի մեծ բարեկամ` պրոֆեսոր Իլչևը անդրադարձավ նաև հայ- բուլղարական դարավոր բարեկամությանը, երկու ազգերի պատմական անցյալի առնչություններին և ներկայիս փոխադարձ բարիդրացիական հարաբերություններին:

Շնորհանդեսին ներկա էին Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արսեն Սհոյանը, Բուլղարիայի ԱԳՆ պաշտոնյաներ, Բուլղարիայում հավատարմագրված դեսպաններ, այլ դիվանագիտական ներկայացուցչությունների մշակութային հարցերով պատասխանատուներ, դիվանագետներ, համայնքային կառույցների մշակութային և ստեղծագործական միությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, դասախոսներ և ուսանողներ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն