Ավագ Հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Ապրիլի 21-ին, վաղ առավոտից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեցին Ավագ Հինգշաբթի օրվա արարողությունները: Միածնաէջ Սուրբ Տաճարում առավոտյան ժամերգության ավարտին կատարվեց Ապաշխարողաց կարգը, ապա մատուցվեց Սբ. Պատարագ` ի հիշատակ մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի ժամանակ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման:
Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Տ. Շահե աբեղա Անանյանը: Ս. Պատարագի ընթացքում Հոգեշնորհ Հայր Սուրբն ընթերցեց Ս. Բարսեղ Կեսարացու ճառը՝ ասված Ավագ Հինգշաբթի Ս. Հաղորդությունից առաջ:
Կեսօրից հետո Մայր Տաճարում կատարվեց Ոտնլվայի արարողությունը: Միաբանների թափորը Ն.Ս.Օ.Տ©Տ© Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին Վեհարանից առաջնորդեց Ս. Տաճար, ուր Նորին Սրբության հանդիսապետությամբ աղոթքների ընթերցումից հետո Ս. Խաչով և Ավետարանով օրհնվեցին յուղն ու ջուրը: Հայրապետական ՙՊահպանիչ՚ աղոթքից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հիսուս Քրիստոսի օրինակով ծնրադիր լվաց և օրհնված յուղով օծեց առաքյալներին խորհրդանշող 12 անձանց ոտքերը: Ոտնլվայի համար ընտրվել էին երկու եպիսկոպոսներ, երկու աբեղաներ, երկու ճեմարանականներ, համալսարանական երկու երիտասարդներ, երկու զինվորներ և երկու մանուկներ:
Ոտնլվան ավարտվեց Ավե¬տարանի այն հատվածի ընթերցմամբ, ուր հիշատակվում է Քրիստոսի կողմից կատարված ոտնլվան:
Արարողությունից հետո օրհնված յուղը սարկավագները բաժանեցին ներկա հավատավոր ժողովրդին:
ArmAr.am












