Տիգրան Սարգսյան.«Համատարած կաշառակերություն է»
Կառավարության որոշմամբ հավանություն է ստացել «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը, որով նախատեսվում է նոտարի պաշտոնում նշանակվելու հնարավորություն ընձեռել նաև իրավաբանի առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող ՀՀ գործունակ քաղաքացիներին` անկախ ստաժավորման հանգամանքից։ ՀՀ վարչապետն ասել է, որ չնայած բավական երկար ժամանակ է, ինչ ներդրվել է նոտարական այս համակարգը, բայց համատարած դժգոհություն կա։ «Սա այն ոլորտն է, որտեղ նույնպես իրականացվել է մոնիտորինգ,- նշել է Տիգրան Սարգսյանը։ – Համատարած կաշառակերություն է գործառույթների կիրառման առումով, ընդ որում քաղաքացիներին տեղյակ չեն պահում, թե իրականում ինչ վճարներ պետք է իրականացնի քաղաքացին, միանգամից գումարը վերցնում են։ Պարզվում է, որ այդ գումարը 2-3 անգամ գերազանցում է սահմանված սակագները։ Պետք է նաև այդ խնդրին անդրադառնալ։ Սահմանել ենք որոշակի միջանցք, ասենք, ծառայությունն արժե 3000-5000 դրամ։ Համատարած 5000 դրամ են վերցնում, չկա որևիցե մեկը, որ ասենք, 3000 դրամով այդ ծառայությունը մատուցի։ Հետևաբար պետք է անդրադառնանք սակագներին և վերանայենք դրանք, ուղղակի վերացնենք այդ սանդղակը։ Օրենսդրական այս փոփոխությունը մեզ խիստ անհրաժեշտ է« որովհետև ուզում ենք նոտարների քանակն ավելացնել« բայց չենք կարողանում։ Փակ համակարգ ենք ստեղծել և կախվածության մեջ ընկել նոտարներից։ Հիմա քայլ առ քայլ պետք է շտկենք իրավիճակը»։
ArmAr.am












