Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Բաց նամակ Հայաստանում ԱՄՆ դեսպան տիկին Մարի Յովանովիչին

Ապրիլ 21, 2011թ. 23:24

armenian_genocide_turkey_largeՆամակի հեղինակն է  Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը: Ստորև ներկայացնում ենք նամակը.

Հարգարժան տիկին դեսպան.

Ընդամենը 3 օրից` ապրիլի 24-ին, ողջ աշխարհասփյուռ հայ ժողովուրդը նշելու է Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցը: Օսմանյան Թուրքիայի ղեկավարության կողմից ծրագրված և իրականացրած 20-րդ դարի ամենամեծ ոճիրին զոհ գնացին ավելի քան 1.5 մլն անմեղ մարդիկ, նրանց սպանեցին միայն այն բանի համար, որ հայ են, որ ցանկանում են ապրել իրենց նախնյաց հողում:

Ավելին, սարսափելի նախճիրից 96 տարի անց,  Թուրքիան շարունակում է իր հակահայ քաղաքականությունը, փակ է պահում Հայաստանի հետ սահմանը, Արցախի հարցում ցուցաբերում է միակողմանի և անհավասարակշիռ մոտեցում, այս կերպ էլ ավելի վտանգ սպառնալով տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը: Ընդամենը 2 տարի առաջ սկիզբ դրված հայ-թուրքական գործընթացը, որի ջատագովն  ու «հովանավորյալն» էր նաև Ձեր երկիրը, ձախողվեց պաշտոնական Անկարայի հերթական ուխտադրուժ և թշնամական բացահայտ կեցվածքի պատճառով:

Դարասկզբի Ցեղասպանությունը, 90-ականների սկզբին Արցախին պարտադրված պատերազմը, Բաքվի և Սումգայիթի եղեռագործությունները տրամաբանական շարունակությունն են այն հայատյաց քաղաքականության, որ որդեգրել է թուրք-ադրբեջանական ելուզակը` ցանկանալով ամեն կերպ ազատվել տարածաշրջանում հայ ժողովրդի ներկայությունից:

Ձեր երկրի լուռ անտարբերությունն այս հարցերի նկատմամբ  ոչ միայն վիրավորական է, այլ նաև տպավորություն է ստեղծում, որ ԱՄՆ-ն մեր ժողովրդի մեծագույն ողբերգությունը` Հայոց ցեղասպանությունը, օգտագործում է սեփական քաղաքական խնդիրները լուծելու համար: Այլապես ինչպես կարելի է բացատրել ԱՄՆ գրեթե բոլոր նախագահների նախընտրական խոստումները, որ անպայման կճանաչենք Հայոց ցեղասպանությունը, և ընտրվելուց հետո լուռ և երդմնազանց պահվածքը:

Այս տարի` ընդամենը մի քանի օրից, Ձեր երկրի նախագահը` Բարաք Օբաման, հնարավորություն ունի ապացուցելու, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունը հիմնված է ոչ թե պատեհապաշտ խոստումների, այլ իրական գործընկերության, սեփական խոսքը հարգելու սկզբունքների վրա:

Տարիների ընթացքում մեր ժողովուրդը լռել է, հավատալով, որ Ցեղասպանության կազմակերպիչ երկիրն արժանի պատիժ կստանա, և կլինի վերջապես մեր ժամանակների Նյուրնբերգը: Նոր աճող սերունդը, սակայն, չի պատրաստվում երկար լռել և խոսել խնդրանքների լեզվով: Մենք տեր ենք մեր Արդար Դատին, մեր նախնյաց Իրավունքներին…

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն