Զգույշ լինենք սխալ մեկնաբանություններից
Շուրջ մէկ դար առաջ կատարուած պատմական իրողութիւնը շարունակւում է մեկնաբանուել սխալ արտայայտութեամբ: Սխալներն ու վրիպումները կատարւում են ոչ միայն օտարների կողմից, այլ շատ յաճախ հայերի կողմից: Հայ պատմաբանների, Հայաստանի պետական պաշտօնեաների, հոգեւոր առաջնորդների, հեռուստատեսութեամբ, թերթերով եւ վերջապէս պարզ ժողովրդի կողմից:
Փորձենք գտնել այն ճշգրիտ մեկնաբանումն ու սահմանումը, որը անսխալ կը բնորոշի պատմական անժխտելի իրողութիւնը.
Հայոց աշխարհ, հայոց լեզու, հայոց լեռներ… Այո, այս բոլորը հայոց են եղել հազարամեակներ շարունակ ու հայոց կը մնան այնքան ժամանակ, ինչքան ժամանակ գոյատեւելու է հայ ժողովուրդը:
1. «Հայոց ցեղասպանութիւն» արտայայտութիւնը սխալ է: «Հայկական ցեղասպանութիւն» չկայ, «հայերի ցեղասպանութիւն» դարձուածքը նոյնպէս սխալ է, իսկ «Հայաստանի ցեղասպանութիւն» արտայայտութիւնը լիովին անիմաստ է: Անորոշ է նաեւ «թուրքերի ցեղասպանութիւն» գրելաձեւը:
2. Անգլերէն լեզուով մշտապէս օգտագործվող The Armenian Genocide դարձուածքը նոյնպէս սխալ է: Ճիշդ է Genocide against the Armenian. Գերմաներէն՝ Der völkmord an den Armenien.
3. Կոպիտ սխալ է, երբ Հայաստանում ու սփիւռքում տպուող քարտէսների վրայ Արեւմտեան Հայաստանի տարածքի վրայ անթոյլատրելիօրէն գրում են «Թուրքիա»: Եթէ մենք համոզուած չենք, որ այդ տարածքը մեր հայրենիքի մէկ մասն է, ապա օտարներին համոզելն առաւել դժուար գործ է:
4. Թուրքիան որպէս երկիր եւ թուրք ժողովուրդ, պաշտօնապէս գոյություն չունէր, երբ հայոց դեմ գործադրուեց ցեղասպանութիւն: Այս պատմական փաստը յոյժ կարեւոր է:
5. Մեր գրականութեան մեջ համարեա շարունակաբար օգտագործւում է՝ «հայերի ցեղասպանութիւնը Թուրքիայում» սխալ արտայայտութիւնը: Այս սխալը կրկնում են օտարները: Այն անճիշդ տպաւորութիւնն է թողնւում, թէ հայերը եղել են մի կրօնական փոքրամասնութիւն Թուրքիայում եւ անհանդուրժողականութեան հետեւանքով բնաջնջուել են:
ՀԱՅՈՑ ԴԷՄ ԳՈՐԾԱԴՐՈՒԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ ծրագրուած իրագործուել է Օսմանեան կայսրութիւնում, որի կազմի մէջ էր գտնւում նաեւ Հայաստանի արեւմտեան հատուածը: Իրաւաբանական ճշգրիտ արտայայտութիւնը հետեւեալն է. ՀԱՅՈՑ ԴԷՄ ԳՈՐԾԱԴՐՈՒԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ:
Հայերը ցեղասպանութեան են ենթարկուել իրենց երկրում՝ Արեւմտեան Հայաստանում, Օսմանեան կայսրութեան կողմից ծրագրուած միջոցներով: Այս ճշգրիտ մեկնաբանութեանը հետեւում է, որ ցեղասպանութեան ենթարկուած հայ ժողովուրդը կորցրել է իր հայրենիքի Արեւմտեան մասը ու նրա բնակչութիւնը, մշակոյթն ու նիւթական հարստութիւնը, ուստի Օսմանեան կայսրութեան իրաւայաջորդող Թուրքիայի Հանրապետութիւնը (1923 թ.) պարտաւոր է փոխհատուցում կատարել Հայաստանի Հանրապետութեանն ու սփիւռքին:
Անկախութիւնից յետոյ Հայաստանում եւ սփիւռքում Ֆաշիզմի դէմ առաջադէմ մարդկութեան, այդ թւում նաեւ հայ ժողովրդի տարած յաղթանակին, իր արժանի գնահատականը չի տրւում: Հայ ժողովուրդը պատմութեան ընթացքում տուժած ու ցեղասպանութեան ենթարկուած ժողովուրդ է, սակայն այս հողագնդի վրայ հպարտօրէն ապրող, ստեղծող ու կենսունակ ազգ է, որը իր մարդկային իրաւունքների վերականգնման ու պաշտպանութեան ուղղութեամբ արդարացի պահանջներն ունի: Հայոց դէմ գործադրուած ցեղասպանութիւնը ոճրագործութիւն է համայն մարդկութեան դէմ, ուստի հայ ժողովրդի պայքարը յանուն արդարութեան, նոյնպէս համամարդկային տարողութիւն ու բնոյթ ունի:
Ոչ ոք մեր իրաւացի պահանջներին կարեւորություն չի տայ, եթէ մենք հանդէս չգանք ուժեղի դիրքերից ու սեղանի վրայ չդնենք մեր պահանջների համար նախապէս վճարածի անդորրագիրը…
Մարդկութեանը ֆաշիզմից փրկելու գործում փոքրաթիւ հայ ժողովուրդը մասնակցել է 600 000 իր ազատատենչ զաւակներով, որոնցից 300 000-ը ընկան հերոսի մահով, իրենց կեանքը նուիրաբերելով Եւրոպայի ազատագրմանն ու մարդու իրաւունքների պաշտպանութեան գործին: Ահա այն մեծագոյն կապիտալն ու պահանջի իրաւունքը, որը հայ ժողովուրդը պէտք է ներկայացնի միջազգային հանրութեանն ու կազմակերպութիւններին…
Մենք՝ հայերս, ըստ արժանւոյն չենք գնահատում մեր ժողովրդի հսկայական ներդրումը մարդկութեանը ֆաշիզմի ժանտախտից փրկելու գործում: Ցեղասպանութեան ենթարկուած հայ ժողովուրդը իր մէջ ոյժ է գտել փրկելու այլ ժողովուրդներին բնաջնջումից: Այստեղ հարկ է հաստատել, որ հարիւր հազարաւոր հրեաների Auschwitz, Buchenwald, Zaisenhausen եւ այլ համակենտրոնացման ճամբարներից մահից փրկել են սովետական զինուորները, եւ այդ փրկարար գործին իրենց մասնակցութիւնն են բերել նաեւ մեր ազգի զաւակները: Հրեաները պէտք է առաջինը իրենք ճանաչէին հայոց դէմ գործադրուած ցեղասպանութեան փաստը, դրանով իսկ վարձահատոյց լինելով հայ ժողովրդին:
Պէտք է վերջ դրուի խնդրողի դերում հանդէս գալու հոգեբանութեանը: Հայ ժողովուրդը թանկ է վճարել մարդկութեան ազատութեան համար և այսօր փոխհատուցում է պահանջում …
Կարեւոր է, որպէսզի իւրաքանչիւր հայ խորապէս գիտակցի ու համոզուած լինի, որ մեր ժողովուրդը իր օրինական պահանջների համար նախապէս վճարել է:
«ՈՂԲԱՄ ՄԵՌԵԼՈՑ,
ԲԵԿԱՆԵՄ ՇԱՆԹԵՐ,
ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ…»
ՊԱՐՈՒՅՐ ՍևՎԱԿ
Արամայիս ՄԻՐԶԱԽԱՆԵԱՆ, Սթոքհոլմ
ArmAr.am












