Ադրբեջանական հակահայկականության նոր ռազմավարության ձևավորման նախադրյալները
Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ
Ադրբեջանում նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնում կազմակերպված կլոր սեղանի քննարկման ժամանակ ռուս փորձագետ-քաղաքագետ Սաադատ Կադիրովան ասել է, որ Ադրբեջանը պետք է Ռուսաստանում բնակվող իր հայրենակիցներից ստեղծի «քաղաքականության ոլորտի լուրջ մասնագետներ»: Այս մասին գրում է 1news.az-ը, և նշում, որ քաղաքագետը բերել է սփյուռք ունեցող այլ ազգերի օրինակներ, ապա ներկաներին առաջարկել` նոր ծրագրեր ներկայացնել ադրբեջանական սփյուռքի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Ի դեպ, Սաադատ Կադիրովան` որպես ադրբեջանական սփյուռքի միավորման գլխավոր գաղափար, առաջ է քաշել «Ադրբեջանի տարածքային ամբողջականության խնդիրը»:
ԱՀ նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնն այս երկրի գլխավոր վերլուծական կենտրոններից մեկն է, որը լուրջ ազդեցություն ունի երկրի քաղաքական վերնախավի դիրքորոշումների վրա: Հետևապես, նման գիտաժողովի հրավիրումն, անշուշտ, ազդեցություն է ունենալու Ադրբեջանի հետագա արտաքին և ներքին քաղաքականության վրա: Հակահայկականության տարբեր դրսևորումների շուրջ ադրբեջանցիների միավորման փորձերը նկատվում են այս պետության ստեղծման առաջին իսկ օրվանից:
Ադրբեջանում, որը որպես պետություն կազմավորվել է Թուրքիայից, հակահայկականությունը նույն ակունքներն ունի, ինչ Թուրքիայում: Ադրբեջան պետության առաջացումն անմիջապես ուղեկցվեց հակահայկականությամբ, ինչն արտահայտվեց 1918-1920թ.թ. հայերի ջարդերով Արցախում, Բաքվում և ադրբեջանահպատակ այլ տարածքներում:
Այս ժամանակաշրջանը կարելի է համարել Ադրբեջանում հակահայկականության դրսևորման առաջին փուլը (դրանից առաջ ժամանակակից Ադրբեջանի տեղի բնակչությունը պարբերաբար ունեցել է հայատյացության բռնկումներ, բայց դա մենք չենք նշում, որովհետև այդ ժամանակ դեռ գոյություն չուներ ադրբեջանցի հասկացությունը և Ադրբեջան պետությունը, իսկ տեղի բնակիչները կոչվում էին կովկասյան թաթարներ):
Խորհրդային կարգերի հաստատումից հետո ադրբեջանցիները հնարավորություն չունեին բացահայտ ցուցադրել իրենց հայատյացությունը, այդ պատճառով հակահայկականությունը հիմնականում արտահայտվում էր հայկական հուշարձանների ոչնչացմամբ և պատմության կեղծմամբ,[1] որը կարելի է համարել հակահայկականության երկրորդ շրջան: Երրորդ փուլը 1988-1990 թվականներն էին, երբ ԽՍՀՄ փլուզման շրջանում ադրբեջանական հակահայկականությունը վերածվեց բացահայտ ֆիզիկական բռնության և արտահայտվեց հայերի ցեղասպանությամբ` Սումգայիթում, Բաքվում և այլ հայաշատ վայրերում:
Չորրորդը փուլը 1991-1994 թվականներն էին: Այս շրջանում ադրբեջանական հակահայկական տեղեկատվական քաղաքականության նպատակներն էին[2].
- հանրային կարծիքի համախմբում` «ծավալապաշտական» նկրտումներ ունեցող «հայ անջատողականների» և «ագրեսորների» դեմ պայքարում
- հայկական զինված ուժերի կողմից «բռնազավթված» տարածքների «ազատագրման» և մոտալուտ հաղթանակի անխուսափելիության գաղափարների ներդրումը հասարակական գիտակցության մեջ:
Ադրբեջանի հակահայկական քարոզչության հինգերորդ փուլ կարելի է համարել 1994-1997թթ., որը մենք պայմանականորեն կանվանենք «լաց ու կոծի» շրջան: Այս փուլում Ադրբեջանը ձգտում էր երկարաձգել զինադադարը և բոլոր ամբիոններից բարձրաձայնել «միլիոնավոր» փախստականների խնդիրների մասին:
Վեցերորդ փուլը 1998-2002թվականներն էին, երբ Ադրբեջանը սկսեց ակտիվորեն մշակել տեղեկատվական պատերազմների ռազմավարություն: Այս շրջանում է, որ ի հայտ եկավ, ապա ձևավորվեց ու զարգացավ «ադրբեջանցիների ցեղասպանություն» գաղափարախոսությունը: 1998թ-ի մարտին Հեյդար Ալիևը ստորագրեց «ադրբեջանցիների ցեղասպանության մասին» հրամանագիրը, որը, հետագայում զարգանալով, վերածվեց Հայաստանին մեղադրելու գլխավոր փաստարկի և ադրբեջանցիների միավորման գաղափարախոսության[3]: Սկսեցին հրատարակվել բազմաթիվ գրքեր և Ադրբեջանում, և բոլոր այն երկրներում, որտեղ կային ադրբեջանական դեսպանատներ: Բանը հասավ նրան, որ այս տարիներին սկսեց նշվել «ադրբեջանցիների ցեղասպանության օրը», բացվեցին օրվան նվիրված հուշարձաններ:
Ադրբեջանական հակահայկական տեղեկատվական քաղաքականության յոթերորդ շրջանը սկիզբ առավ 2003թ-ից, երբ նորանշանակ նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ ուշադրության կենտրոնում հայտնվեց տեղեկատվական քաղաքականությունը, ահռելի ֆինանսական հոսքեր ուղղվեցին այս ուղղությամբ: Հայաստանը և հայությունը ներքարոզչական դաշտում դիտարկվեցին որպես «սպառնալիք» Ադրբեջանի համար, իսկ միակ փրկությունը համարվեցին զինվելն ու ռեվանշիզմը:
Այսպիսով, աստիճանաբար ստեղծվեց մի համակարգ, որի նպատակներն են հեղինակազրկել ՀՀ-ն, ԼՂՀ-ն և հայկական սփյուռքը, հայությանը ներկայացնել որպես ցեղասպան ազգ ու ագրեսոր[4]: Քարոզչության ուժգնացմանը զուգահեռ` ավելի ագրեսիվ դարձավ նաև Ադրբեջանի դիվանագիտությունը, «ոչնչացնել Հայաստանը»` կոչերը դարձան առօրեական: Միևնույն ժամանակ հայկական քաղաքական գործիչները և լրատվամիջոցները տարածեցին մի թեզ, թե ադրբեջանական հակահայկական քարոզչությունն ունի ներքին սպառման նպատակ և մեզ չի վերաբերում: Այն, որ ադրբեջանական հակահայկականությունն ունի նաև ներքին սպառման նպատակներ` ճիշտ է, բայց այդ դեպքում հարց է առաջանում. այդ ի՞նչ հասարակություն է ապրում մեր հարևան երկրում, որին անհրաժեշտ է հայատյաց գաղափարներով սնել: Իսկ եթե ապագայում հարկ լինի քարոզից գործի վերածել այդ հայատյացությունը, դա է՞լ պիտի համարենք Ադրբեջանի` մեզ չվերաբերող ներքին խնդիր:
Հայաստանի հանրությունը պետք է գիտակցի, որ Ադրբեջանի հակահայկական դաստիարակությունն արդեն ապահովել է ապագայում առնվազն երկու սերնդի հակահայկական կեցվածքը, որն անհրաժեշտ պահին կարող է ինքնադրսևորվել: Իսկ քարոզչության օրենքներն ասում են, որ թշնամանքը կարող է զսպել միայն ուժը և թշնամուն համարժեք հոգեբանական հակահարված տալը: Դա հասկանալով է, որ ադրբեջանցիներն սկսել են այսպես կոչված «ժողովրդական դիվանագիտության» շրջանակներում հայերի հետ հանդիպումների ժամանակ մեզանում դրական ադրբեջանցու կերպար ձևավորել, այն դեպքում, երբ նույն մարդիկ Ադրբեջանում ցուցաբերում են ծայրահեղ հակահայկական վարք: Կան փաստեր, որ հայ-ադրբեջանական «խաղաղ» հանդիպումներին ադրբեջանական կողմից մասնակցում են հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ, կամ էլ նրանց կողմից վերապատրաստված անձինք[5]: Ադրբեջանցիները նման քաղաքականությամբ խնդիր ունեն բթացնել հայության զգոնությունը և խեղդել ադրբեջանցու իրական պատկերը հայ հանրության ներսում: Նկատենք, որ այս հարցում նրանց աջակցում են նաև միջազգային շատ կազմակերպություններ:
Այսպիսով, եթե Ադրբեջանը սկսի դարերով կուտակված հայատյացությունը և ժամանակակից հակահայկական տեղեկատվական համակարգը ուղղորդել «տարածքների ամբողջականության վերականգնման» գաղափարի շուրջ,(որի դրսևորումները նկատվում էին նաև նախկինում), ինչպես որ առաջարկել էին երեկ ԱՀ նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնում կայացած գիտաժողովի ժամանակ, մեզ անհրաժեշտ է շտապ ձևավորել որևէ գաղափարախոսություն` Ադրբեջանի հակահայկականությանը և գաղափարապես, և հոգեբանորեն դիմակայելու համար, որովհետև գաղափարական և հոգեբանական ոլորտի պարտությունը անխուսափելիորեն բերում է պարտության ֆիզիկական ոլորտում:
[1] Պատմության կեղծման հիմնադիրն էր ԽՍՀ ԳԱ Մերձավոր և Միջին Արևելքի ինստիտուտի տնօրեն Զիա Բունիաթովը, որը զարգացրեց այն տեսությունը, թե իբր ադրբեջանցիները Կովկասյան Աղվանքի հետնորդներն են:
[2] «Ադրբեջանի հակահայկական տեղեկատվական համակարգը», «Նորավանք» ԳՀԿ, Երևան 2009թ., էջ 22
[3] Մարտի 31-ը նշվում է որպես «ադրբեջանցիների ցեղասպանության օր», որի իրականացման համար պաշտոնապես մեղադրվում են հայերը:
[4] «Ադրբեջանի հակահայկական տեղեկատվական համակարգը», «Նորավանք» ԳՀԿ, Երևան 2009թ., էջ 26
[5] Նույն տեղում` էջ 32
Թեգեր` Ադրբեջան, Բաքվում, հակահայկականություն, հայերի ջարդերը Արցախում, հայերի ցեղասպանությունը Սումգայիթում, Ռուսաստան, Սաադատ Կադիրովա












