Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Նոր հանձնաժողով`Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը խթանելու նպատակով

Ապրիլ 23, 2011թ. 18:55

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը խթանելու և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգելու նպատակով, ստեղծվել է պետական հանձնաժողով և հաստատվել է հանձնաժողովի կազմը: Հանձնաժողովի նախագահը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է:

Հանրապետության ղեկավարի հրամանագրով, մի շարք հանձնարարականներ են տրվել ՀՀ նախարարություններին, գերատեսչություններին, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային: Մասնավորապես հանձնարարվել է՝

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի, սփյուռքի, կրթության և գիտության, մշակույթի նախարարներին և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին` ձևավորել և պետական հանձնաժողովի անդրանիկ նիստին ներկայացնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի խորհրդատվական խմբի անվանական կազմը` ապահովելով մշակույթի, կրթության, գիտության ոլորտների մասնագետների, ինչպես նաև ցեղասպանության հանցագործության միջազգային ճանաչման գործընթացում հայ ժողովրդի ջանքերին սատարող գործիչների ներգրավվածությունը:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարարություններին` աջակցել սփյուռքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի ձևավորմանը, իրականացվող աշխատանքների համադրմանը` ապահովելով պետական հանձնաժողովի հետ դրանց արդյունավետ փոխգործակցությունը:

Հայաստանի Հանրապետության դեսպանություններին, գլխավոր հյուպատոսություններին և միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչություններին` ակտիվացնել ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, ապահովել պատշաճ աջակցություն և մասնակցություն իրենց հավատարմագրման երկրներում ու կառույցներում կազմակերպվող` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

Հրամանագրի համաձայն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստը կհրավիրվի 2011 թվականի մայիսի 30-ին` Երևանում:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն