Մենք մեղադրո’ւմ ենք
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամներին
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի դեսպաններին
Թուրքական կառավարությունների (օսմանյան, երիտթուրքերի և քեմալական) կողմից 1894-1923թ.թ. իրականացված հայ ժողովրդի ցեղասպանությունն ու Մեծ հայրենազրկումը ապացուցված են անհերքելի վկայություններով, որոնք պահվում են Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ավստրիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Միացյալ նահանգների, Կանադայի և աշխարհի այլ երկրների պաշտոնական արխիվներում:
Այս հանցագործություններն իրականացրած երկրի ներկայիս իրավահաջորդը Թուրքիան է, որը անցած շուրջ վեց ամիսներին ղեկավարելով Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն և ունենալով խորհրդարանական վեհաժողովի նախագահ` Թուրքիայի ներկայացուցիչ ու, հանդես գալով Եվրոպայի խորհրդի անունից, խոսելով բարձր արժեքներից, մարդու իրավունքներից և ժողովրդավարությունից, շարունակում է ժխտել հայ ժողովրդի և մարդկության դեմ կատարված ոճրագործությունը, իրագործել մշակութային ցեղասպանություն, խտրական մոտեցում ցուցաբերել Թուրքիայում ապրող ոչ թուրք ժողովուրդների նկատմամբ` ասիմիլիացիայի ենթարկելով նրանց, և այլն:
Թուրքիայի պաշտոնյաները` Չավուշօղլին, Դավութօղլին, Էրդողանը և Գյուլը, օգտագործելով Եվրոպայի խորհրդի ամբիոնը, խրախուսում և պրոպագանդում են անպատժելիությունը, խտրականությունը, ծաղրում և վիրավորում են անցանկալի հարցեր տվող պատգամավորներին` վիրավորելու հիմքը նաև նշելով պետության պատկանելությունը, և այս ամենը Չավուշօղլուի հովանավորությամբ ուղեկցվում էին թուրքական շքախմբի ծափահարություններով: Օգտագործելով պաշտոնական դիրքը` Չավուշօղլին իր երկրի վարչապետին անցանկալի հարցերից զերծ պահելու նպատակով նաև նախաձեռնել էր հերթագրված պատգամավորների հերթականության խախտում:
Հետևաբար, այն ճառերը, որոնք Թուրքիայի նախագահի, ապա և վարչապետի ու արտգործնախարարի կողմից հնչեցին Եվրոպայի խորհրդում, ուղղակի հերքվում են այդ կառույցները ղեկավարող թուրք պաշտոնյաների իրական վարքագծով և գործելակերպով: Ակնհայտ է, որ այս անձինք դրսևորում են խտրականություն, քարոզում են անհանդուրժողականություն, դեմ են արժանապատվության հարգմանը և չեն կրում համամարդկային արժեքներ:
Թուրքիայի իշխանությունների խոսքերն ու գործերը հիմնականում և աներկբա ձևով հակասության մեջ են, օրինակ. Թուրքիայի ղեկավարները խոսում են`
– հայ-թուրքական հաշտեցումից, բայց հրաման են տալիս քանդել Կարսում կագնեցված հայ-թուրքական բարեկամության հուշարձանը,
– խաղաղությունից, մինչդեռ Թուրքիան շուրջ 20 տարի միակողմանի փակել է փաստացի գոյություն ունեցող հայ-թուրքական սահմանը, ինչը, համաձայն միջազգային իրավունքի, պատերազմական գործողություն է հարևան երկրի դեմ,
– յուրաքանչյուր էթնիկ և կրոնական խմբերի իրավունքները հարգելու մասին, սակայն չեն ստորագրում ու վավերացնում Փոքրամասնությունների մասին շրջանակային կոնվենցիան, ինչպես նաև` Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների Եվրոպական խարտիան,
– խոսքի ազատությունից, բայց գործածության մեջ են պահում քրեական օրենսգրքի 301 հոդվածը` այն հաճախ օգտագործելով ազատ խոսքի դեմ,
– ազատ ընտրություններից, այնինչ կուսակցությունների համար անցողիկ շեմը շարունակում են պահել 10 տոկոսը,
– լրագրողների գործունեությունը չխոչընդոտելու պարտավորությունից, երբ Թուրքիայի բանտախցերում են գտնվում 57 լրագրող http://www.osce.org/fom/76374,
– կրոնի և դավանանքի ազատությունից, սակայն իրավական կարգավիճակ չեն տրամադրում Հայ առաքելական և Հույն ուղղափառ եկեղեցիներին` չվերադարձնելով նրանց սեփականություն եկեղեցիներն ու եկեղեցապատկան տարածքները,
– հանդուրժողականությունից, մինչդեռ վարչապետը հայերին Թուրքիայից արտաքսելու վերաբերյալ հայտարարություններ է հնչեցնում,
– արդար դատաիրավական համակարգից, բայց այդպես էլ համակողմանի ու պատշաճ քննություն չի իրականացվել Հրանտ Դինքի սպանության գործով և այլն:
Հայոց ցեղասպանության և Մեծ հայրենազրկման 96-րդ տարելիցի շեմին դարձյալ հնչեցնելով Թուրքիայի ղեկավարների և միջազգային կառույցներում թուրք պաշտոնյաների ժխտողականության ու երկդիմի վարքագծի մասին` կրկին ահազանգում եմ, որ ներկայիս Թուրքիան պատրաստ չէ ամբողջական և ուղիղ առերեսման իր պատմության սև էջերի հետ:
Զարուհի Փոստանջյան
ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ
Եվրոպական ժողովրդական կուսակցություն
ArmAr.am












