Արա Պապյան. Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցը
Հարգելի բարեկամներ, մեծարգո հյուրեր,
Այս օրերին աշխարհասփյուռ համայն հայությունը, մեր բարեկամներն ու համախոհները նորից ոտքի
են ելել՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության՝ Մեծ եղեռնի, 96-րդ տարելիցը: Այս օրերին հայությունը
համախմբվում է ոչ միայն սգալու և հիշելու, այլև ողջ աշխարհին ցույց տալու արժանապատիվ
ապրելու իր կամքը, մեր ժողովրդի դեմ կատարված մեծագույն հանցագործությունը ճանաչված և
պատժված տեսնելու իր անսասան կորովը և սեփական իրավունքներին տեր կանգնելու հայ
ժողովրդի աննահանջ պայքարի ընթացքը:
Հարգելի հայ ժողովուրդ,
Այս օրերին մենք ազգովին կարիք ունենք պատասխանելու մի շատ կարևոր հարցի. արդյոք հայոց
ցեղասպանության ճանաչումը նպատակ է, թե՞ միջոց: Վստահաբար, մեր միջի մեծամասնությունն
անվարան կպատասխանի՝ միջոց: Հետևաբար, քանի որ ցեղասպանության ճանաչումն ինքնանպա-
տակ չէ, ուստի ցանկացած ցեղասպանության ժխտման հակառակը ցեղասպանության պարզ ճանա-
չումը չէ, այլ ճանաչման միջոցով հանցագործի պատիժն ու զոհի իրավունքների հնարավորինս
վերականգնումը: Կարո՞ղ է արդյոք ցեղասպանության ճանաչումը վերահաստատել արդարությունը,
քանի դեռ հանցագործը կամ նրա սերունդները շարունակելու են վայելել հանցագործության պտուղ-
ները: Իհարկե՝ ո՜չ, որովհետև այդ դեպքում հանցագործության պտուղները վայելող սերունդները ոչ
թե հանցագործների պարզ հետնորդները կլինեն, այլև հանցակիցները: Այսու, անհրաժեշտություն է
առաջանում անդրադառնալ որոշ հարցի. արդյո՞ք Հայաստանի Հանրապետության տարածքային և
հայերի գույքային իրավունքները, ինչպես նաև բարոյական կորուստները կարող են վերկանգնվել
միայն Հայոց ցեղասպանության ճանաչման ճանապարհով, թե՞ կա այլ ուղի ևս:
Հայության իրավունքների և սեփականության հարցն ունի 3 մակարդակ. անհատական կամ մասնավոր,
համայնքային կամ կազմակերպված խմբերի, ազգային կամ պետական: Ժամանակի սղության պատճա-
ռով զուտ համառոտակի կանդրադառնամ անհատական և համայնքային սեփականության իրավունքնե-
րին: Օսմանյան կայսրության հայազգի քաղաքացիների և համայքային կազմակերպությունների իրա-
վունքներն ամրագրված են եղել երկրի գործող օրենսդրությամբ, հետևաբար _______թուրքական պետության
կողմից հետագա բոլոր անօրինական զավթումները չեն զրկում հայերին իրենց իրավունքներից: Անօրի-
նական բռնագրավումները սեփականության իրավունքի փոխանցման օրինական հիմք չեն կարող հան-
դիսանալ: Թուրքիայի Հանրապետության 1926-27թթ. օրենքներն ու հրամանագրերը, նպատակամղված
կրոնական փոքրամասնությունների գույքի բռնագրավմանը, չեն կարող օրինական հիմք հանդիսանալ,
քանի որ հակասում են Թուրքիայի Հանրապետության ստանձնած միջազգային պարատավորություննե-
րին՝ Լոզանի պայմանագրի 38-45 հոդվածներին: Նշյալ պարտավորությունները ենթակա չէին և ենթակա
չեն փոփոխության կամ անտեսման, քանի որ նրանց, ըստ նույն պայմանագրի 37-րդ հոդվածի, տրված է
հիմնական օրենքի (սահմանադրության) կարգավիճակ:
Եթե Թուրքիան իր ապագան տեսնում է Եվրոմիության կազմում, ինչպես բազմիցս է հայտարարել, ապա
պիտի ընդունի Եվրոմիության արժեքները: Ի շարս այլ բաների, պիտի պատրաստ լինի պատասխանա-
տվություն կրել սեփական պետության և նրա իրավանախորդի արարքների համար: Պիտի օրինական
տերերին վերադարձնի ապօրինի բռնագրավված գույքը, պիտի դադարեցնի այլ պետությունների
տարածքների բռնազավթումը, պիտի դադարի խոսել ուժի դիրքերից և սպառնալիքի լեզվով:
Ուզում եմ հատուկ շեշտել, որ հայերից ապօրինի բռնագրավված գույքի հարցում չի գործում որևէ ժամա-
նակային սահմանափակում, քանի որ օրինախախտումն ունի շարունակական բնույթ: Բոլոր այն դեպքե-
րում, իսկ դա գրեթե միշտ է, երբ գույքը բռնագրավվել է առանց համարժեք հատուցման, այսինքն օրի-
նախախտմամբ, ապա ներկա տնօրինումը չի կարող օրինական իրավատիրության հիմք հանդիսանալ:
Իհարկե անհատական և համայնքային իրավունքները և այդ հարցերում արդարության վերականգնումը
խիստ կարևոր են: Սակայն անձամբ ես կարծում եմ՝ մեր մեծագույն նպատակը պիտի լինի մեր համազգա-
յին իրավունքների վերականգնումը, այն է՝ մեզանից խլված մեր Հայրենիքի հայրենադարձությունը:
Երբեմն կարող եք լսել, երբ ասում են՝ հայերը Թուրքիայից հողային պահանջներ ունեն: Սուտ է՝ հայերը
Թուրքիայից հողային պահանջներ չունեն, հայերն իրենցն են ուզում: Այսինքն, ուզում են, որ իրենցից
խլվածը և անօրինական թուրքական բռնազավթման ներքո գտնվող Հայրենիքը վերադարձվի: Ուզում են,
որ աշխարհը տեր կանգնի իր իսկ նախաձեռնությամբ և մասնակցությամբ կազմված, հաստատված և
օրինապես ուժի մեջ մտած փաստաթղթին, ուզում են, որ վերականգնվի ոտնահարված արդարությունը:
MODUS VIVENDI
www.wilsonforarmenia.org
Բազմաթիվ են այն փաստաթղթերը, որոնց վրա հիմնվում են հայոց հողային իրավունքները: Այսու-
հանդերձ, ՀՀ հողային իրավունքների ամենահիմնավոր փաստաթուղթը, որի վրա խարսխված է
հայոց հողային պահանջատիրությունը, առաջին հերթին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920թ.
նոյեմբերի 22-ի Իրավարար վճռն է: Առանց ժխտելու Հայոց ցեղասպանության հնարավորինս լայն
ճանաչման բարոյական և քաղաքական անհրաժեշտությունը, հարկ է նշել, որ իրավական տեսան-
կյունից Հայաստանի Հանրապետության տիտղոսի, այն է հողային իրավունքների վերականգնման,
տեսանկյունից, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բնավ նախապայման չէ: ՀՀ տարածքա-
յին իրավունքները ճանաչված են ցեղասպանության իրողությունից անկախաբար:
Հարգելի հայրենակիցներ,
Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ ապրիլի 24-ը հանդիսանում է հայ ժողովրդի նվիրական օրերից
մեկը՝ հայոց միասնական քաղաքական վարքի թերևս ամենավառ դրսևորման օրը: Հայ իրականու-
թյան մեջ այդ օրը մտավ նախ որպես հոգեհանգստի ու հիշատակի օր, ապա աստիճանաբար վերա-
ճեց և դարձավ ոգեկոչման ու Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջի օր: Այսուհանդերձ, այդ
օրը կորստի օր է՝ առավելագույնը կորուստը ճանաչել տալու օր:
Սակայն որպես ազգ և որպես արդարությանը հետամուտ հանրություն մենք կարիք ունենք հաղթա-
նակի ու հատուցման օրվա, արդարության կայացման ու իրավունքի հաստատման օրվա: Մեր
իրականության մեջ կա այդ օրը. հաղթանակի անթեղված կրակը պահող այդ օրը նոյեմբերի 22-ն է՝
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից Հայաստանի և Թուրքիայի
սահմանը որոշող Իրավարար վճռի (Arbitral Award) կայացման օրը: Այդ օրը իրավարար վճռով
Հայաստանի Հանրապետությանը հատկացվեց մեր բնօրրան-հայրենիքի մի մասը՝ նրա հյուսիս-
արևելյան հատվածը: Այդ օրը միջազգային իրավունքի հիման վրա կայացվեց և մեկընդմիշտ ուժի
մեջ մտավ մի վճիռ, որը կատարման համար պարտադիր է, իրավական տեսանկյունից անբեկանելի
է ու իրավունքների գոյության առումով անժամանցելի է:
Քանի որ Իրավար վճիռը կայացվել է Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Բրիտանական կայսրու-
թյան, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Բելգիայի, Հունաստանի,
Կանադայի, Հնդկաստանի, Հարավային Աֆրիկայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Չեխոսլովակիայի,
Հարավսլավիայի, Ռումինիայի, անվերապահ հայցադիմումի (compromis) հիման վրա և ուժի մեջ է մտել
ստորագրման պահից, ուստի այն պարտադիր, անբեկանելի ու անժամանցելի է բոլոր վերոհիշյալ
երկրների և նրանց իրավահաջորդների համար: Այն պարտադիր, անբեկանելի ու անժամանցելի է նաև
Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, քանի որ Իրավարար վճիռը կրում է ԱՄՆ Մեծ կնիքը,
ստորագրված է ԱՄՆ նախագահի և ենթաստորագրված է ԱՄՆ պետքարտուղարի կողմից:
Ըստ այդմ, մեր համազգային խնդիրը պետք է լինի յուրաքանչյուր տարի նոյեմբերի 22-ին այդ
երկրներից պահանջել, որպեսզի նրանք տեր կանգնեն միջազգային իրավունքից բխող իրենց պար-
տավորությանը և դա անեն ոչ թե որպես բարեհաճություն, այլ որպես մոռացված և, մասամբ ուրաց-
ված, սակայն անխաթար ու անբեկանելի միջազգային պարտավորություն:
ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ը պետք է դառնա ոտնահարված արդարության վերականգնման, ազգային պահան-
ջատիրության և մեզանից խլված իրավունքների վերահաստատման օրը: Մեծ հայորդի Գարեգին
Նժդեհի մեկ բառով՝ ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ: Օգտվելով այս ժողովրդային մեծ հավաքից կոչ եմ
անում Ձեզ և Ձեր միջոցով համայն հայությանը ամեն տարի նոյեմբերի 22-ին ըստ արժանվույն՝ ցույցե-
րով, երթերով, հավաքներով և գիտաժողովներով, նշել ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ:
Վերջում, ամփոփելով խոսքս, ուզում եմ կրկնել հայ մեծանուն պատմաբան Նիկողայոս Ադոնցի միտքը,
որն ասվել է ավելի քան 90 տարի առաջ՝ 1919թ., բայց հրատապ է դեռևս այսօր. «Հասել է պահը, երբ իր
որդիների արյունով օծված Հայաստանը հատուցում պահանջի իր պատմական ուղու ամբողջ ընթացքում
կրած տառապանքների ու փորձությունների դիմաց, դառնա իր սեփական ճակատագրի տերը՚:
Շնորհակալություն:
Արա Պապյան
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար,
Մոնտեբելլո, Լոս Անջելես, 23 ապրիլի, 2011թ.
ArmAr.am












