Արցախի նախագահը այցելել է Քաշաթաղի շրջան
Քաշաթաղի շրջանի Վարդուտ գյուղում երկրի ղեկավարն այցելել է կաթի մթերման կետ եւ տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին:
Այնուհետեւ Նախագահ Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Վարդուտի ձորակի համայնքների ղեկավարների մասնակցությամբ՝ նվիրված առկա հիմնախնդիրների ու դրանց լուծման ուղիների քննարկմանը:
Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ հետեւողական զարգացման համար ձորակն ունի բոլոր հնարավորությունները եւ ցանկալի արդյունքներ ապահովելու համար անհրաժեշտ է առկա ներուժի արդյունավետ օգտագործում ու իրականացվող աշխատանքների որակի բարձրացում:
Բերձոր շրջկենտրոնում Նախագահը ներկա է գտնվել շրջանի մշակութային կոլեկտիվների կողմից տրված համերգին:
Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
ArmAr.am












