Հայերն առաջին հնդեվրոպացիների անմիջական ժառանգորդներն են
«Ժամանակակից լեզվաբանությունը խորանալով հնդեվրոպական ժողովուրդների լեզվաընտանիքի ծագման հարցերի մեջ, եկել է մի շարք կարեւոր եզրահանգումների, որոնք ուղղակիորեն կապված են նաեւ հայ ժողովրդի ձեւավորման խնդրի հետ: Վերջին տարիներին սովետական գիտնականներ Թամազ Գամղրելիձեն ու Վյաչեսլավ Իվանովը առաջ են քաշել մի նոր տեսություն, որի համաձայն հնդեվրոպական լեզվով խոսողները մ. թ. ա. V եւ IV հազարամյակների սահմանագծում ապրել են Հայկական լեռնաշխարհում:
Գիտնականները համոզիչ փաստարկներ են բերել հօգուտ իրենց դրույթի, հենվելով լեզվաբանական, պատմական, հնագիտական հսկայական նյութի վրա, օգտագործելով հնագույն ժամանակների վերաբերյալ շատ այլ գիտությունների տվյալները: Սա հնարավորություն է ընձեռում այլ կերպ դիտել հայերի ազգածնության պրոբլեմը: Պարզվում է, որ այն հեռավոր ժամանակաշրջանում է ծագել լեզվաբանների կողմից վերակառուցված նախահայերենը, որի անմիջական ժառանգորդը մեր ժամանակակից հայերենն է, որում եւ մանավանդ նրա բարբառներում զարմանալիորեն մինչեւ օրս էլ պահպանվել են այդ հնագույն լեզվի հետքերը:
Գիտության տվյալները ցույց են տալիս, որ ոչ միայն հայոց լեզուն է համարվում հնդեվրոպականի անմիջական ժառանգորդը, այլեւ հայերն իրենք առաջին հնդեվրոպացիների անմիջական ժառանգորդներն են: Մ.թ.ա. V-IV հազարամյակներին (երբ կազմավորվել է եվրոպեոիդ ցեղի մարդաբանական տիպը) վերաբերվող տվյալները վկայում են, որ նրա ամենատիպիկ ներկայացուցիչները հայերն են: Այդ ժամանակաշրջանում Փոքր Ասիայի, Հայկական լեռնաշխարհի, Հյուսիսային Միջագետքի եւ Իրանական սարահարթի հյուսիս-արեւմտյան հսկայածավալ տարածքում ապրել են ցեղեր, որոնք խոսել են հնդեվրոպական նախալեզվով: Արդեն այն ժամանակ տեղի էր ունենում ազգակից բարբառների տարանջատման գործընթացը, որոնց հիման վրա այնուհետեւ առաջացան հնդեվրոպական լեզուները:
Նյութական բազմաթիվ վկայությունները, լեզվական փաստերը, հնագույն առասպելներն ու ավանդությունները, այս ամենը ժամանակակից գիտությանը հիմք են տալիս ամենայն համոզվածությամբ ապացուցել, որ հայերը Հայկական լեռնաշխարհում տեղաբնիկներ են եղել»:
Սուրեն Երեմյան, Ակադեմիկոս
ArmAr.am












