Թաթուլը, գաղթականի թոռ լինելով, չէր ուզում, որ գետաշենցին, մարտունաշենցին գաղթական դառնային»
«Երբ սկսվեցին 88-ի փետրվարյան ցույցերը, ինքը արդեն չէր տեղավորվում համալսարանում, իրեն չէր հերիքում համալսարանը: Ինքը տարածվում էր, դուրս էր գալիս: Ինքը էությամբ այդպիսին էր, տեսքով էլ էր այդպիսին: Ինքը եթե գալիս էր հեռվից, չէիր կարող չնկատել: Առնական տղամարդ էր, որը մեր հողի վրա հստակ կանգնած էր: Հզոր մարդ էր ինքը: Շատ առույգ էր, ըմբոստ, ակտիվ, երգում էր, պարում»,- այսօրվա մամուլի ասուլիսում Թաթուլ Կրպեյանին այսպես բնութագրեց քույրը’ Ռուզաննա Կրպեյանը:
Ապրիլի 30-ին լրանում է Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի զոհվելու 20-րդ տարելիցը: Թաթուլը Գետաշենի և Մարտունաշենի ենթաշրջանների ինքնապաշտպանական ուժերի հրամանատարն էր: Նա Արցախ մեկնեց 1990թ. սեպտեմբերին, երբ խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական և ռուսական զորքերի ճնշումները շարունակում էին ուժգնանալ: Ինքնապաշտպանական մարտերը և դաշնակցական ջոկատը ղեկավարելուց բացի’ նաև պատմություն էր դասավանում Գետաշենում:
Թաթուլ Կրպեյանը ծնվել է 1965 թ. ապրիլի 21-ին Թալինի շրջանի Արեգ գյուղում: Գերազանցությամբ ավարտել է Թալինի տեխնիկական դպրոցը, ծառայել խորհրդային բանակում, հետո ընդունվել Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ: Ֆակուլտետում Թաթուլ Կրպեյանի անվան լսարան է բացվել նրա զոհվելուց անմիջապես հետո: Թաթուլն ուսանողական տարիներին ազգագրական երգի ու պարի խումբ ուներ, որի հետ 1987 թ.մասնակցել է ուսանողական փառատոնին:
Թաթուլ Կրպեյանը թաղված է հայրենի Արեգ գյուղում, որտեղ իրեն և ընկերներին նվիրված հուշարձան կա: Արեգում Թաթուլի անվան դպրոց ևս կա: 1996թ. Թաթուլ Կրպեյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն’ Ազգային հերոսի կոչման:
Արեգ գյուղում հիմնականում ապրում էին Կարսից գաղթած հայեր: Թաթուլի պապը’ Մարկոսը, գաղթել էր Կարսի Նախիջևան գյուղից, հայրը’ Ժորան, ևս մեծացել էր այդ միջավայրում: Ռուզաննայի խոսքերով’ Արեգի բնակիչներն անընդհատ սպասում էին, որ գար ժամանակը և վերադառնային իրենց բնօրրան:
«Այդ գյուղի ապրելու, իրենց այդտեղ տեղավորվելու իմաստը նորից հետ գնալն էր, իրենց տները շուտ հասնելը, որ ուրիշը չգա նստի: Թաթուլը մեծացել է տատիկիս պատմած հեքիաթներով, որոնք գաղթի, երկրի կորստի հեքիաթներն էին»,- ասում է Ռուզաննա Կրպեյանը:
Հրազդանցի Վարդան Քիշմիրյանը Թաթուլի հետ կռվել է Գետաշենում: «Երեխայի պես ուրախանում էր, երբ նռնակներ, փամփուշտներ էինք բերում: Երեխայական ժիրություն կար իր մեջ: Ինքը իր հոգով, նիստուկացով բոլորին և համախմբում էր, և կարողանում էր էդ հոգին փոխանցել: Իր համարձակությունից բոլորն իրենք էլ էին համարձակ դառնում: Ոգի էր տալիս, ասում էր. «Մենք սուրբ գործի վրա ենք, մենք մտածելու բան չունենք, թող մեր թշնամին մտածի»»,- ասում է Վարդան Քիշմիրյանը:
Նա նշում է, որ Թաթուլի մեջ կրակ կար, որը վարակիչ էր նաև կողքինների համար: «Էդ կրակի կտորը ոնց որ թռներ վրադ, դու էլ հետը վառվեիր»,- ասում է Վարդանը:
Թաթուլի դուստրը’ Ասպրամը, մեկ տարեկան էր, երբ հայրը զոհվեց: Թաթուլը 91 թ. փետրվարին չի գնացել աղջկա ծննդյան առաջին տարեդարձին’ քրոջը խնդրելով գնալ: «Եթե ես խոստացել էի իրեն, ես չէի կարող խաբել: Ինքն էլ նույնն էր, ինքը երբեք չէր խաբում»,- ասում է Ռուզաննան:
Թաթուլը վերջին անգամ Գետաշենից եկել է հունվար ամսին: Քանի որ ուսանող էր, քրոջ տանը’ Երևանում էր մնում: «Եկավ ասաց. «Մամային խաբել եմ, քույր: Ես կգնամ, դու կզանգես, կասես, որ ես գնացի»: Ասում եմ. «Իսկ ինչո՞ւ ես: Միշտ ես», մամաս’ համեստության տիպար: Ինքը այսպես էր նկարագրում մայրիկիս. «Հարսներիս հարսն է մայրս», ու չէր ուզում ցավ պատճառել, բայց ես ցավ պատճառեցի»,- ասում է Ռուզաննա Կրպեյանը: Նրանք ընտանիքում 6 երեխան են’ 5 եղբայր և մեկ քույր:
Ռուզաննայի խոսքերով’ այն ժամանակ շատ մարդիկ զանգահարեցին և ասացին, որ «ՊԱԿ-ը հետաքրքրվում է Թաթուլով: Թաթուլի անունն էլ է ՊԱԿ-ի ցուցակների մեջ»: Երբ Թաթուլի հայրն ու քույրը մի կերպ գտել են Թաթուլին, վերջինս հորն ասել է. «Հասկացիր, համարիր, որ 6 ցավակ ունես, մեկը տվել ես հայրենիքին»: «Հայրս ասում է. «Ես պատրաստ եմ’ հինգդ էլ գնաք, բայց զգույշ եղիր, չեմ ուզում, որ շուտ լինի»: Ինչ իմանայինք, որ Թաթուլը առաջինն էր լինելու»,- ասում է Ռուզաննա Կրպեյանը:
Գետաշենում ադրբեջանական և ռուսական ՕՄՕՆ-ն իրականացնում էր «Օղակ» օպերացիան, սպանում ու տեղահանում խաղաղ բնակչությունը: ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը նշում է, որ Գետաշենից մինչև Հադրութի ենթաշրջանը, Բերդաձորի շրջանն ամբողջությամբ դատարկվեցին հենց այս օրերին, և 1991թ. ապրիլի 30-ին «Օղակ» գործողության նպատակն էր տարածքները հայաթափելու միջոցով չեզոքացնել ազատագրական պատերազմի հիմնական նպատակը’ Արցախի վերամիավորումը Հայաստանի հետ:
«Թաթուլը առաջինը ոտքի կանգնեց, ըմբոստացավ: Գիտեք’ խորհրդային բանակի դեմ ըմբոստանալ հազվագյուտ անհատը կարող էր: Նա’ և որպես մտավոր կարողություն ունեցող անհատ, և որպես ռազմական գործիչ, պետք է առանձնանար: Իսկապես Թաթուլը այդպիսին էր»,- ասում է Էդիկ Մինասյանը:
«Օղակ» գործողության ժամանակ Թաթուլը միայնակ բարձրացել է տանկի վրա, գերի վերցրել ԽՍՀՄ ներքին զորքերի Բաքվի գնդի ռուս հրամանատար Մաշկովին և ստիպել կանգնեցնել գրոհը: «Ամեն մարդ ընդունակ չէր դա անելու»,- վստահ է Էդիկ Մինասյանը: Սակայն 1991 թ. ապրիլի 30-ի «Օղակ» գործողությունը ճակատագրական էր Թաթուլի համար: Նա 26 տարեկանում զոհվեց թշնամու գնդակից:
Էդիկ Մինասյանն ասում է, որ Թաթուլի և իր ընկերների պայքարից հետո սկսվեցին հայերի հաղթանակները’ Լաչինի, Շուշիի ազատագրումը և այլն:
«Մինչ այդ եթե բռնությունները, տեղահանությունը, խորհրդային զորքերի կողմից անպատժելիությունը սովորական երևույթ էին, այդ դեպքերից հետո արդեն ժողովուրդը մասսայաբար դիմադրական պայքարի դուրս եկավ, հավատը գորբաչովյան համակարգի նկատմամբ մեռավ ժողովրդի մեջ: Հենց «Օղակ» օպերացիան ջրբաժան գիծ եղավ»,- ասում է Էդիկ Մինասյանը:
Թաթուլը հաճախ էր ասում, որ քանի ինքը կենդանի է, թույլ չի տալու, որ Գետաշենը դատարկվի: Գետաշենը Արցախի դարպասն էր:
«Դեռ այն ժամանակ ղեկավար այրերն էլ ասացին, որ «մենք փոխհամաձայնության ենք եկել Գետաշեն-Մարտունաշենի հարցում»: Բայց ում հետ էին փոխհամաձայնության եկել’ չգիտենք. այն բանակի՞, որը կոտորում է իր ժողովրդին, ով թուրքի խուժանի հետ մտնում է գյուղ ու մարդկանց սպանում, կենդանի թաղում իր տանը ու գողանում ամեն ինչ: Կարևորն այն է, որ Թաթուլը, գաղթականի թոռ լինելով, չէր ուզում, որ գետաշենցին, մարտունաշենցին գաղթական դառնային, որ Գետաշենը, Մարտունաշենը, Շահումյանի շրջանը դատարկվեին»,- ասում է Ռուզաննա Կրպեյանը’ հավելելով, որ մարդիկ գաղթեցին, երբ Թաթուլն արդեն չկար:
Մեկ տարի առաջ Թաթուլ Կրպեյանի 46-ամյակի առթիվ հրավիրված մամուլի ասուլիսում հերոսի եղբայրը’ Մանվել Կրպեյանն, ասել է. «Նրանք զոհվեցին’ թողնելով մեզ ամենամեծը, ամենափառավորը: Երբ բարձրանում ես Օմարի սարերը, ուր մենակ մառախուղն է ոտքերիդ տակ, ու հանկարծ բացվում է, տեսնում ես’ կողքիդ Դաշկեսանն է, ոտքերիդ տակ Կիրովաբադն է, դու աշխարհի ամենահերոս, ամենահարուստ մարդն ես լինում: Էստեղ էդ էլիտար շենքերից էնկողմ մարդիկ ուրիշ բան չեն տեսել: Կգա ժամանակ, մենք էլ կգնանք: Ուղղակի մեր սերունդները պիտի ճիշտ իմանա, թե ինչի համար գնացին, ինչի համար զոհվեցին, ու ովքեր էսօր փառքի արժանացան»:
Վարդան Քիշմիրյանն էլ ցավով է նշում, որ դպրոցում բարձր դասարանի աշակերտներին հարցրել է ՀՀ երկու ազգային հերոսի անուն: Աշակերտները մի կերպ երկու հոգու անուն են տվել, այն էլ այն մարդկանց, ովքեր պետական գործիչներ են և ամեն օր հեռուստաէկրանին են: Մյուս հերոսների անուններն աշակերտները չեն իմացել:
Ռուզաննա Կրպեյանն էլ իր հերթին նշում է, որ 20 տարի առաջ Գետաշենն ու Մարտունաշենը կորցնելով’ հայերը կորցրին նաև շատ հերոսների’ Սիմոն Աչիկգյոզյան, Արթուր Կարապետյան, Հրաչ Դանիելյան, Վալերի Նազարեթյան: Նրանց, ինչպես նաև պատերազմից վերադարձած շատ ազատամարտիկների, բժիշկների այսօր քչերն են հիշում:
Թաթուլի քույրը, մարտական ընկերը, ինչպես նաև պատմության ֆակուլտետի դեկանը համամիտ են, որ եթե Թաթուլը կենդանի լիներ, ապա այժմ նրան ամենից շատ կմտահոգեին արտագաղթն ու Հայաստանում տիրող անարդարությունները, և նա կպայքարեր դրանց դեմ:
Սոնա Ավագյան
«Հետք»
ArmAr.am












