Գլխավոր » Hay-turq, Ադրբեջան, Զինված ուժեր, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

«Կանխե’լ պատերազմ հրահրող Իլհամ Ալիևի գործողությունները»

Մայիս 2, 2011թ. 14:00

Դիմում-բողոք ընդդեմ Ադրբեջանի

Ադրբեջանա-արցախյան սահմանի երկայնքով շարունակվում են ադրբեջանական դիպուկահարների անօրինական մարտական գործողությունները, որի հետևանքով պարբերաբար սպանվում են հայ զինվորներ: Օրերս գրանցվեց հերթական դեպքը. ադրբեջանցի դիպուկահարների արձակած կրակահերթի զոհ դարձան երեք հայ զինծառայողներ, վիրավորվեց մեկը: Ադրբեջանի իշխանությունների ցինիզմն հասել է իր գագաթնակետին. նրանց կողմից նման մարտական գործողությունների հրահանգ  հիմնականում  տրվում է հայ-ադրբեջանական երկկողմ կամ բազմակողմ դիվանագիտական հանդիպումներին հաջորդող ժամանակահատվածներում:

Այս անգամ ևս դեպքը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ տարածաշրջանային այցով Հայաստանում էին գտնվում ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քայդանաուն և ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Նույն ընթացքում Արցախի Հանրապետությունում էր գտնվում  ԵՀՄՖ-ի նախագահ  ՀՀ և Արցախ այցելած Սլովակիայի կառավարության ազգային փոքրամասնությունների գծով հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Պոլլակն ու «Տիժդեն» շաբաթաթերթի հայտնի լրագրող, հայտնի ֆոտոնկարիչ Անդրեյ Բանը, ովքեր և դարձան ադրբեջանցի վանդալների հերթական ռազմական գործողությունների ողբերգական հետևանքների ականատեսը:

Ադրբեջանի կողմից իրականացվող մարտական գործողություններով մտահոգ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը դիմում-բողոք է հղել Սլովակիայում հավատարմագրված և Բրատիսլավայում, Վիեննայում ու Պրագայում տեղակայված  աշխարհի բոլոր երկրների դեսպանատներին:

ԵՀՄՖ նախագահն տարակուսանք արտահայտելով Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից վարվող քաղաքականությունից, դիմում-բողոքում, մասնավորապես, գրում է. «Անհասկանալի է, թե ի՞նչ նպատակ են հետապնդում սահմանային միջադեպերը. Տարածաշրջանի «ստատուս քվոն» խախտելո՞ւ, թե Ադրբեջանի ներքաղաքական լարված իրավիճակից ժողովրդի ուշադրությունը շեղելու համար»:   ԵՀՄՖ-ի նախագահի համոզմամբ, երկրորդ տարբերակն առավել հավանական է: Նույն տրամաբանության մեջ դիտարկելով կրտսեր Ալիևի զառանցանք հիշեցնող բարբաջանքները հայկական հողերի` Արցախի, Զանգեզուրի, Նախիջևանի և նույնիսկ Երևանի ադրբեջանական լինելու մասին, Աշոտ Գրիգորյանը դեսպաններին հասցեագրված փաստաթղթում գրում է. «Մենք արդեն մի անգամ հայտարարել ենք, որ ծանոթ ենք Ադրբեջանի նախագահի ստացած կրթական մակարդակին (խորհրդային ղեկավարների երեխաները դիպլոմ ստանում էին առանց ջանքեր գործադրելու և հաճախ կիսագրագետ ավարտում խորհրդային բարձրագույն դպրոցը): Բայց չնայած դրան, կարծում ենք, որ Ալիևն ինքն էլ չի հավատում իր ասած ծիծաղելի, պատմական փաստերին հակասող և հիվանդագին երևակայության արգասիք հանդիսացող այդ հայտարարություններին»:

Դիմելով արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ շահագրգիռ կողմերին`  Մինսկի խմբի համանախագահող երկրներին, միջազգային կազմակերպություններին, ԵՀՄՖ-ի նախագահը նրանցից պահանջում է`  կանխե’լ արցախյան սահմանագծում միջադեպերի զարգացումը` կապված ադրբեջանցի դիպուկահարների մարտական գործուղությունների ծավալման հետ,  կասեցնե’լ խաղաղության մասին հայտարարություններ անող, բայց իրականում հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև պատերազմ հրահրող Իլհամ Ալիևի գործողությունները: «Հակառակ դեպքում   տարածաշրջանը կարող է դուրս գալ վերահսկողությունից, ինչը հղի է ողջ Մերձավոր Արևելքում պայթյունավտանգ իրավիճակի ստեղծմամբ»,- գրված է դիմում-բողոքում:

ArmAr.am


Դիտել Hay-turq, Ադրբեջան, Զինված ուժեր, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն