Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Բուենոս Այրեսում նշվել է Հայաստանի օրը

Մայիս 2, 2011թ. 14:36

Բուենոս Այրեսում ընթացող Գրքի 37-րդ Միջազգային ցուցահանդեսի շրջանակներում մայիսի 1-ին ավանդաբար նշվել է Հայաստանի Հանրապետության օրը:

ՀՀ դեսպանության և Հայաստանյաց Առաքելական եկեղեցու կենտրոնական վարչության ջանքերի շնորհիվ Հայաստանի տաղավարը ներկայացված էր այլ երկրների ու հրատարակչությունների տաղավարների շարքում: Նշենք, որ Բուենոս Այրեսի Գրքի 37-րդ Միջազգային ցուցահանդեսում ներկայացված են 42 պետություններ և 1500 հրատարակչություններ:

Նկատի ունենալով, որ 2011 թվականին Բուենոս Այրեսը հռչակվել է Գրքի միջազգային մայրաքաղաք` ցուցահանդեսի համար ընտրվել է «Քաղաք, որ բաց է գրքերի աշխարհին» կարգախոսը:

«Հայաստանի օրվա» հանդիսությունները կայացել են Գրքի ցուցահանդեսը հյուրընկալող «Ռուրալ» համալիրի`«Խոսե Էրնանդես» սրահում: Միջոցառմանը ներկա 1000-ից ավելի հանդիսականներին ուղղված իր խոսքում Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը մասնավորապես նշել է. «Հայ ժողովրդի երեք հազարամյա պատմության մեջ, թերևս, ամենակարևոր իրադարձություններից էր 5-րդ դարում հայոց այբուբենի ստեղծումը, ինչի շնորհիվ հայերեն թարգմանվեց գրքերի գիրքը` Աստվածաշունչը, տպագրվեցին հազարավոր գրքեր, որոնք մեր ազգի մշակութային և մտավոր հարստության ամենաարժեքավոր մասն են կազմում»: Դեսպան Կարմիրշալյանը նշել է նաև, որ շատ խորհրդանշանական է, որ քույր քաղաքներ հանդիսացող Բուենոս Այրեսն ու Երևանը հաջորդաբար ստանձնում են Գրքի միջազգային մայրաքաղաքի պատվավոր տիտղոսը: ՀՀ դեսպանը տեղեկացրել է, որ գալիք 2012թ. Երևանում կազմակերպվելու է Գրքի միջազգային խոշոր ցուցահանդես, որտեղ կցուցադրվեն Հայաստանում և Սփյուռքում` հայերեն և օտար լեզուներով տպագրված գրքեր և, որտեղ Արգենտինան ներկայացված կլինի առանձին տաղավարով:

«Հայաստանի օրվա» կապակցությամբ կայացել է համերգ` մենակատարուհի Վալերիա Չերեքյանի,«Նոր հայեր» երիտասարդական էստրադային երգչախմբի և «Նաիրի», «Գայանե», «Մասիս» պարային համույթների մասնակցությամբ:


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն