Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն

«Սարդարապատ». Պարտավոր ենք նպաստել նոր որակի ուժի` դիմադրական ճակատի հզորացմանը

Մայիս 3, 2011թ. 17:30

1«Սարդարապատ» շարժումը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ յուրաքանչյուր մտահոգ մարդ պարտավոր է նպաստել նոր որակի ուժի՝ դիմադրական ճակատի հզորացմանը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Իշխանությունը ժողովրդից խլած, Հայաստանն ասպատակության ենթարկող իշխող ռեժիմը նախանձախնդիր կերպով շարունակում է իրականացնել երկրի եւ ժողովրդի թալանը:

Առկա կառավարման համակարգի կողմից շարունակաբար իրականացվող քաղաքականության հետեւանքով առաջացել են Հայոց պետության կորստի, երկիրը հայաթափվելու եւ հայրենիքի մի մասն օտարին հանձնելու վտանգներ, որոնք կանխելու համար պահանջվում են արմատական լուծումներ:

Այնինչ, այսօր ժողովրդի արյուն հեղած ոճրագործ ռեժիմին երկխոսության, գործակցության եւ համերաշխության կոչերով փորձում են ձեռք մեկնել բարեփոխումների ջատագով քաղաքական ուժերի որոշ ներկայացուցիչներ:

Ժողովրդի միակ պահանջը ոչ ընտրություններով բռնապետության տապալումն է։ Ընդդիմության որեւէ շեղում այս ընթացքից ուղիղ ճանապարհ է դեպի քաղաքական լուսանցք՝ մարգինալացում։

Համերաշխությունն անհրաժեշտ է միմիայն մեր ժողովրդի բոլոր հատվածների, ռեժիմին դիմադրող խմբերի, քաղաքական եւ հասարակական ընդդիմադիր միավորների միջեւ: Եվ այդ դիմադրական դաշտը պետք է ստեղծվի ճահճացած առկա քաղաքական դաշտից դուրս:

Ապրիլի 28–ին բարձրաձայնվեց քաղաքական նոր իրավիճակի սկզբնավորման մասին:

Մենք համոզված ենք, որ հայ ժողովուրդն ունի ներուժ ձերբազատվելու իրեն կեղեքող որեւէ ռեժիմից:

Կառավարման առկա համակարգին ընդդիմադիր քաղաքական գործիչները կոչված են կազմակերպել եւ առաջնորդել ժողովրդին իրավիճակը օր առաջ փոխելու համար եւ պարտավոր են լինել վճռական ու նշված ուղուն հավատարիմ:

Յուրաքանչյուր մտահոգ անձ, ով իրապես զգում է հայրենիքին սպառնացող վտանգը, կարող է, ուստի եւ պարտավոր է նպաստել նոր որակի ուժի՝ դիմադրական ճակատի հզորացմանը»:

ArmAr.am


Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն