«Հանուն սեփական դղյակի պատրաստ են պետության ամրոցը քանդել»
«Կարին» ավանդական երգ ու պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը վերջերս է վերադարձել Արևմտյան Հայաստանից, որտեղ շրջագայության ժամանակ հանդիպել է քրիստոնյա հայերի մուսուլման ժառանգներին: Նրան էլ ուղղեցինք մեր հարցերը.
– Հայերն այնտեղ մե՞ծ թիվ են կազմում:
– Թերևս երկու միլիոն կլինեն. թե սահմանի բացումն ի՞նչ օգուտ կտա, որքանո՞վ նրանց հոգում կխլրտա հայի գենը, դժվար է ասել: Կան մարդիկ, ովքեր իրենց լիարժեք հայ են համարում: Օրինակ` համշենահայերի «Վովա» համույթն անցած տարի Նարեկացի արվեստի միության հրավերով Երևանում էր. նրանք գիտակցում էին, որ հայեր են և հայերեն էին խոսում, իհարկե, համշենահայ բարբառով: Սակայն դա մասնավոր դեպք էր և միշտ չէ, որ նրանք գիտակցում են հայ լինելոը: Մուշում մի տղա լսել էր, որ հայեր են եկել, շտապել էր հյուրանոց և բերել Մշո Առաքելոց և Սուրբ Կարապետի վանքերի նկարները: Աղթամար կղզում մի քրդի համոզեցի, որ ինձ հետ պարի իրենց քրդական պարերը: Պարելուց հետո հարցրեց, թե ի՞նչ տարազ եմ հագել` ասացի` հայկական իշխանի տարազ է, ինքն ասեց, թե ինքն էլ է Վանի մոտակայքից: Երբ հարցրեցի, թե հայկական պարեր գիտի՞, այլայլվեց, աչքերը լցվեցին, հետո խոստովանեց, որ հայ է, շատ հուզվեց, ու չնայած ինձանից տարիքով մեծ էր, մանկան նման սկսեց լաց լինել: Այդ պահին այդ մարդու մեջ խոսեց հայի գենը: Հարցրեցի, թե իր նման հայեր շա՞տ կան` ասաց` շա~տ: Բայց նրանց մի մասն արդեն մոռացել է իր մայրենի լեզուն: Կարծում եմ, որ մեր ազգային անվտանգությունը այդ մարդկանց դարձի բերելու լուրջ քաղաքականություն պիտի մշակի: Ցավոք, այսօր աղանդավորներն ավելի ակտիվ են աշխատում մեր ժողովրդի հետ, քան մենք: Մեր երկրում չենք կարողանում մարդկանց հայ պահել, ուր մնաց թուրքական պետությունում ապրողներին: Բայց մենք պարտավոր ենք Արևմտյան Հայաստանում ապրող հայերին հոգեբանորեն դարձի բերել, հայացնել. դրա համար աշխատել է պետք:
-Թուրքիայում անցկացված Եվրատեսիլի ժամանակ թուրքերը քոչարի էին պարում, որին հայկական կողմից ոչ մի արձագանք չեղավ: Կարելի է ենթադրել, որ սահմանի բացումից հետո մշակութային բախում ասվածը չի լինի, քանի որ ողջ թուրքական մշակույթը հայակականի վրա է հենված:
-Եթե Սոֆի Մխեյանի թեթև ձեռքով քոչարու մեղեդու ներքո մի իսպանուհի դուրս ընկած (կներեք արտահայտությանս համար) 16 տարեկան աղջիկ նույնիսկ չի պարում, այլ սեքսի շարժումներ է անում, թուրքերը շատ էլ լավ են անում, որ Եվրատեսիլի ժամանակ քոչարի են պարում, հալալ է իրենց, քանի որ կարողանում են մշակույթն ու ազգային արժեքը ճիշտ գնահատել: Եթե մենք մեր արժեքները չենք գնահատում, ինչու՞ պիտի թուրքերը չխլեն: Մեր երկիրն էլ խլեցին, մեր եկեղեցիներն ու ամրոցներ էլ խլեցին, որվհետև մենք չգնահատեցինք: Նայում էի Կարսի բերդին և զարմանում, թե ո՞նց կարելի էր այդ անառիկ ամրոցը հանձնել թուրքին: Ոչ մեկի մտքով անգամ չի անցնի, որ այդ ամրոցը հնարավոր է գրավել:
-Ոմանք այն կարծիքին են, թե Թուրքիայում շատերը չգիտեն Հայաստանի տեղը, նման բան նկատեցի՞ք ճամփորդության ընթացքում:
-Այնքան տգետ մարդիկ կան, որ կարող է և չիմանան: Շատ գյուղերում մինչև հիմա քրդերն ու թուրքերը հայերի սարքած երդիկով տներում են ապրում: Տգետ մի ժողովուրդ է, որը ոչ թե խաչքար, այլ քարի վրա անգամ ծաղիկ փորագրել չգիտի: Այսինքն, մշակույթի տեսակետից անբան մի զանգված է, որը միայն կարող է խլել:
– Ի՞նչ զգացողություն ունեցաք, երբ պարում էիք մեր նախնյաց երկրում ` Արևմտյան Հայաստանում:
– Ոտքերիս տակ և իմ հայրենի հողն էի զգում, և կորստի մեծ ցավը: Վանի 3000-ամյա բերդում ես 20 տարեկանի նման քարից քար էի թռչում. դա երկրիս հզոր էներգիայից էր: Նայում ես բերդի անառիկությանը և հասկանում, թե մեր պապերի զորությունը որտեղից է գալիս, նայում ու հասկանում ես, թե ի~նչ հզոր նախնիներ ենք ունեցել: Իսկ այսօր ի՞նչ են անում` ճղճիմ` կիսահունական, կիսապարսկական, արաբական ոճն ենք ընդօրինակել: Կարծես թե մենք ճարտարապետություն չենք ունեցել, կարծես թե մենք Թամանյան չենք ունեցել, կարծես թե Անի չենք ունեցել: Մենք բոլորս դատապարտված ենք կործանման, եթե չվերագտնենք մեր ազգային տեսակը:
Եվ վերջապես, մի բան պետք է հասկանանք. մենք չպետք է կրկնենք մեր նախնիների սխալները: Մեր նախարարներին, իշխաններին թվում էր , թե իրենց ամրոցներն ունեն և ընդհանուր պետականության պահպանման կարիք այլևս չկա. ունենային պետականության գիտակցում, լինեին միահամուռ, անհաղթելի կլինեին:
Այսօր էլ նույն հոգեբանությունն է իշխում. հանուն սեփական դղյակի պատրաստ են պետության ամրոցը քանդել: Սա նման է այն բանին, երբ մթության մեջ սեփական տասը դրամդ փնտրելու համար պետական 1000 դրամանոցն ես այրում: Բայց պիտի գիտակցենք, որ սեփական դղյակները ոչ մեկին չեն փրկելու, եթե չունենանք մեր ընդհանուր ամրոցը: Արքային ուժ տվողը սեփական ժողովուրդն է: Նապոլեոնն ասում էր` առանց ժողովրդի` ամենաուժեղ զորքն անգամ ի զորու չէ պահպանել երկիրը, իսկ ժողովրդի հետ հեշտ է դա անել: Մինչդեռ իշխանություններն իրենց տարանջատում են ժողովրդից: Պետությունը պետք է լինի բոլորինը, ժողովուրդը պետք է սիրի ու ցանկանա պահպանել այդ պետականությունը. այդ ժամանակ մենք կդառնանք անխոցելի:
Արմենուհի ԿԱՐԵՅԱՆԸ
Թեգեր` «Կարին» ավանդական երգ ու պարի համույթ, Արևմտյան Հայաստան, Գագիկ Գինոսյան, Թուրքիա, Մշո Առաքելոց և Սուրբ Կարապետի վանքեր, Նապոլեոն, քրդեր












