Գլխավոր » Genocide, Արևմտյան Հայաստան, Լրահոս

«Հայրենականչ»-ի նամակը Պան Գի Մունին

Մայիս 6, 2011թ. 16:33

DSC02244«Հայրենականչ» հայրենասիրական, լրատվական, հասարակական կազմակերպության գործադիր խորհուրդը նամակով դիմել է Միավորված ազգերի կազմակերպության  գլխավոր քարտուղար Պան Գի Մունին` մշակութային ցեղասպանությունը դատապարտող կոնվենցիա ընդունելու պահանջով:

«Հայրենականչ»-ի գործադիր խորհուրդը նաև նամակ-առաջարկով դիմել է  ՀՀ Արտաքին գործերի նախարար  Էդվարդ Նալբանդյանին, Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանին, ակնկալելով  համապատասխան լծակների գործադրմամբ հետամուտ լինել այս հայանպաստ նախաձեռնության իրականացմանը:

Նամակ է ուղղվել նաև ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված առաջարկը Հանրային խորհրդում քննարկման առարկա դարձնելու  և  Հանրապետության ղեկավարության առջև գործնական քայլերի  իրականացման հարցում միջնորդելու  համար:

Կազմակերպության նախաձեռնությանը միացել են Գրողների Միության նախագահ Լևոն Անանյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը, ՀՀ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ  լեզվի ինստիտուտի տնօրեն Լավրենտի Հովհաննիսյանը, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի տնօրեն Սամվել Կարապետյանը:

Ի դեպ. միակ անձնավորությունը, ով հրաժարվեց ստորագրել ՄԱԿ-ի կազմակերպության  գլխավոր քարտուղար Պան Գի Մունին ուղղված նամակ-առաջարկը, պաշտոնն ու անձը համատեղած,  ՀՀ ԳԱԱ նախագահ, ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ռադիկ Մարտիրոսյանն է: Մեկնաբանությունները նույնիսկ ավելորդ են:

Ստորև ներկայացնում ենք նամակը

signaturesՄիավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Պան Գի Մունին
Մեծարգո պարոն գլխավոր քարտուղար,20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում Արևմտյան Հայաստանի բնիկ հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությանն ու տեղահանությանը զուգընթաց` երիտթուրքական կառավարությունը կանխամտածված եւ ծրագրավորված ոչնչացրեց նաև հայկական քրիստոնեական քաղաքակրթության` մշակութային և նյութական արժեքները:Թուրքական կառավարությունը, որ 1912-1913թթ նկատելի հետաքրքրություն էր ցուցաբերում հայկական եկեղեցիների, վանքերի քանակի, նրանցում պահպանվող ազգային, հոգևոր հարստությունների նկատմամբ, հրահանգում է Կ.Պոլսո հայոց Պատրիարքարանին մանրամասնորեն ցուցակագրել դրանք, ինչը պայմանավորված էր արևմտահայության ցեղասպանության պետական քաղաքական ծրագրի ծածուկ մշակմամբ: Ի դեպ, հայոց Պատրիարքարանի կողմից կազմված պաշտոնական փաստաթուղթի համաձայն Օսմանյան կայսրության ողջ տարածքում հայկական եկեղեցիների ու վանքերի թիվն անցել է 2500-ը:

Գիտակցելով եկեղեցու և հավատի դերը հայ ժողովրդի կյանքում` թուրքական կառավարությունը Հայոց ցեղասպանության տարբեր փուլերում, ու նաև մինչ օրս նպատակամղված ոչնչացրել, թալանել ու ավերել է հայոց եկեղեցիներն ու վանքերը:

Հայկական ճարտարապետական շինությունները հետևողականորեն պայթեցվել են, որպես թիրախ օգտագործվել թուրքական բանակի զինավարժությունների ժամանակ, իսկ քարերն օգտագործվել և օգտագործվում են որպես շինանյութ: Շատ դեպքերում հայկական եկեղեցիները վերածվել են մզկիթների:

Հայ ժողովուրդն իր բազմադարյան պատմության ընթացքում ստեղծել է պատմությանը, գրականությանը, արվեստին, բնական գիտություններին վերաբերող տասնյակ հազարավոր ձեռագիր մատյաններ, որոնք մեր ժողովրդի ազգային, մշակութային հարստություն էին: Սակայն 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայի իշխանությունների կողմից ծրագրված հստակ քաղաքականության հետևանքով ոչնչացվեցին հազարավոր հազվագյուտ ձեռագիր մատյաններ` անփոխարինելի աստվածաշնչեր, սաղմոսներ, ճառընտիրներ, օրացույցներ, կանոնագրքեր, պատմական, փիլիսոփայական բնույթի գրքեր և հայկական մանրանկարչության գլուխգործոցներ…

Ոչնչացված մշակութային արժեքների թվաքանակը` մոտավոր հաշվարկներով կազմում է 20-25 000:

Կորստի մեծությունն այնքան ահավոր է, որ չափազանց դժվար է որոշել եկեղեցական ու վանական հաստատությունների, մշակութային ու արվեստի գանձերի նյութական իրական արժեքը: Այդուհանդերձ, մոտավոր հաշվարկների համաձայն, Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի ու Օսմանյան կայսրության ողջ տարածքում գտնված հայ վանական ու եկեղեցական շինությունների, արվեստի ոչնչացված գործերի մոտավոր արժեքը, իր ժամանակների հաշվարկով, կազմել է նվազագույնը մեկ միլիարդ դոլար: Սակայն հայկական հուշարձանների ոգեղեն արժեքների մեծ մասի կորուստն ու կողոպուտը անհնար է արտահայտել դոլարներով:

Արևմտյան Հայաստանի բնիկ հայ ժողովրդի դեմ իրականացվեց մշակութային արժեքների սպանդ` Էթնոցիդ, ինչպես նաև լեզվական ցեղասպանություն` լինգվոցիդ: Իսկ մշակույթի բարձրագույն արտահայտությունը, ավելին` ժողովրդի լինելության հիմքը, լեզուն է: 1915 թվականին թուրքական կառավարության տարածած ներքին հրահանգով հայերին արգելվեց սեփական հայրենիքում խոսել հայերեն: Լեզվաոչնչացումը ևս թուրքական պետական քաղաքական ծրագրի բաղկացուցիչ մաս էր: Ոչնչացումից փրկվելու համար բազմաթիվ հայեր ստիպված եղան մոռանալ մայրենին, կրոնափոխ լինել: Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդը, փաստորեն, կորցրեց իր երկրորդ գրական լեզուն` արևմտահայերենը, ինչպես նաև բազմաթիվ բարբառներ:

Մշակութային ցեղասպանության դրսևորում է նաև Արևմտյան Հայաստանում արդեն մեկ դար շարունակվող տեղանունների թրքացումը (Տոպոնիմ), որը եղել և մնում է թուրքական կառավարության քաղաքականության բաղադրիչ մասը: Տեղանունները ազգի հիշողությունն են, պատմական իրականություն, ուստի և թուրքական կառավարությունը գնաց դրանց նենգափոխման ճանապարհով` հնարավոր բոլոր մեթոդներով վերացնել բնիկ հայ ժողովրդի հետքն իր հայրենիքում` Արևմտյան Հայաստանում: 1915 թվականի հունվարին Թուրքիայի ռազմական նախարար Էնվեր փաշան հրաման արձակեց, որի առաջին կետում գրված էր` օսմանյան տերության մեջ անվանափոխել հայերեն, հունարեն, բուլղարերեն աշխարհագրական բոլոր անվանումները. ոչինչ չպետք է հիշեցնի ոչ մուսուլման ժողովրդի գոյությունը: Հետագա տարիներին էնվերի հրամանը դարձավ պատգամ Թուրքիայի բոլոր իշխանությունների համար` անկախ այն բանից, թե այդ ժամանակ ով էր իշխանության ղեկին` հրահանգը սրբորեն կատարվում էր: Դրա տրամաբանական շարունակությունը 1957 թվականին տեղանունների փոփոխության պետական հանձնաժողովի ստեղծումն էր: Մոտ 30 000 հայկական տեղանուն է անվանափոխվել:

Այսպիսով, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը կամ դրա յուրացումը հայերի դեմ իրագործված ցեղասպանության թուրքական քաղաքականության շարունակությունն է:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974թ. տվյալների համաձայն` 1923-ից հետո կանգուն մնացած հայկական 913 պատմական-ճարտարապետական հուշարձաններից 464-ն ամբողջովին անհետացել են, 252-ն ավերակ են, 197-ն ամբողջովին նորոգման կարիք ունեն:

Մշակութային այս վիթխարի կորուստը դուրս է գալիս ազգային սահմաններից և ստանում միջազգային նշանակություն, որպես մարդկության դեմ իրագործված հանցագործություն:

Ըստ իրավագետ Ռաֆայել Լեմկինի, ցեղասպանությունը ոչ միայն ազգային կամ կրոնական խմբի ֆիզիկական բնաջնջմամբ վերացումն է, այլև նրա ազգային-հոգևոր մշակույթի ոչնչացումը: Սակայն «Ազգային-մշակութային ցեղասպանություն» հասկացությունը, անհասկանալիորեն տեղ չի գտել «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» ՄԱԿ-ի 1948թ.դեկտեմբերի 9-ի կոնվենցիայում:

Այդ «բացթողման» հետևանքը եղավ այն, որ առ այսօր քաղաքակիրթ աշխարհում շարունակվում է իրականացվել մշակութային ցեղասպանություն, մասնավորապես, ուղղված հին քաղաքակրթությունների, հին ազգերի մշակույթների նկատմամբ:

Հիշենք. Բուդդայի արձանների ոչնչացումը, Բաղդադի հնագիտական հավաքածուների թալանն ու կողոպուտը, Ադրբեջանի բանակի ձեռքով իրականացված Նախիջևանի հայկական խաչքարերի ոչնչացումը, Կոսովոյում սերբական հուշարձանների ավերումն ու ոչնչացումը, Հարավային Կորեայի հոգևոր կենտրոնատեղիի՝ Հարավային դարպասների հրկիզումը: Օրինակները շատ են:

Ոստի, դիմում ենք Միավորված Ազգերի Կազմակերպությանը` ժամանակակից աշխարհում միջազգային հարաբերությունների և միջազգային համակեցության կանոնների երաշխավոր կառույցին` Մշակութային ցեղասպանությունը դատապարտող միջազգային կոնվենցիա ընդունելու պահանջով:

«Հայրենականչ » հասարակական կազամակերպության գործադիր խորհուրդ

ArmAr.am


Դիտել Genocide, Արևմտյան Հայաստան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն