Արցախում տնտեսական աճը կազմել է 5.5 տոկոս
Արցախի Հանրապետության 2010թ. պետբյուջեի կատարողականի ներկայացումը խորհրդարանին
Մայիսի 11-ին ԼՂՀ Ազգային ժողովում պաշտոնապես ներկայացվեց ԼՂՀ 2010թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, որով և մեկնարկեցին փաստաթղթի նախնական քննարկումները։
Միջոցառումը վարում էր տվյալ փաստաթղթի գծով գլխադասային՝ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը։
Ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և փոխնախագահ Արթուր Թովմասյանը, մշտական հանձնաժողովների և խումբ-խմբակցությունների անդամներ, նախարարներ, գերատեսչությունների ղեկավարներ։
Կառավարության լիազորմամբ հանդես գալով բյուջեի կատարողականի վերաբերյալ հաղորդմամբ՝ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը ներկայացրեց հաշվետու տարում հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառներում ու ոլորտներում արձանագրված ցուցանիշները, նշեց զարգացման միտումները։ Մասնավորապես, նշեց նա, հաշվետու տարում տնտեսական աճը կազմել է 5.5 տոկոս, անվանական արտահայտութամբ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ)՝ 118.2 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 102.3 մլրդ դրամի դիմաց, ծախսերի և դեֆիցիտի ծրագրավորված ցուցանիշները, ավելանալով 4590000.0 հազար դրամով, կազմել են համապատասխանաբար 64469737.0 հազար դրամ և 8263895.0 հազար դրամ, պետբյուջեի սեփական եկամուտները՝ 23807500.9 հազար դրամ։ Փոխվարչապետը հանդես եկավ նաև լրացուցիչ պարզաբանումներով՝ պատասխանելով պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին նախորդ տարվա կատարողականի առանձին դրույթների և տրամաբանությանը։
Նիստի ավարտին հայտարարվեց, որ 2010թ. պետական բյուջեի կատարողականի խոհրդարանական քննարկումները կշարունակվեն ԱԺ մշտական հանձնաժողովներում և պատգամավորական խումբ-խմբակցություններում` համաձայն հաստատված ժամանակացույցի։
ArmAr.am












