Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

«Ժառանգությունն» արեց իր գործը. կանխվեց ևս մեկ ապօրինի շինարարություն

Մայիս 12, 2011թ. 18:38

00Այսօր «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը եւ Անահիտ Բախշյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի եւ քաղաքաշինության  նախարար Վարդան Վարդանյանի հետ միասին այցելեցին Սայաթ Նովա պողոտա, Նալբանդյան, Ա.Պետրոսյան եւ Թումանյան փողոցներով պարփակված բակային տարածք:

Նախօրեին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգությունն» առաջարկել էր ՀՀ բնապահպանության նախարարին միասին այցելել հիշյալ տարածք եւ տեղում ծանոթանալ իրավիճակին, իսկ նիստի ավարտից հետո պայմանավորվածություն էր ձեռքբերվել նախարարներ Արամ Հարությունյանի ու Վարդան Վարդանյանի հետ հիշյալ տարածք այցելել հաջորդ օրը, Կառավարության նիստից անմիջապես հետո (ժամը 12:00-ի սահմաններում):

Պայմանավորված ժամին «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Սաֆարյանն ու Բախշյանը եւ նախարարներ Հարությունյանն ու Վարդանյանը ժամանեցին նախկինում ՆԳՆ-ին պատկանող մանկապարտեզի տարածք, որտեղ շինարարական մի կազմակերպություն բարձրահարկ շենք կառուցելու նպատակով ցանկապատել է շուրջ 9.000 քառակուսի մետր տարածք, սկսել է ապօրինի շինարարություն եւ վտանգել բազմամյա հաստաբուն ծառերն ու կանաչապատ տարածքը:

Նախարարները տեղում հավաքված բնակիչների, հասարակական ու բնապահպանական ակտիվիստների ուղեկցությամբ մուտք գործեցին տարածք: ՀՀ քաղաքաշինության նախարարը հայտարարեց, որ իր ղեկավարած գերատեսչության կողմից դադարեցվել է հիշյալ կազմակերպության կողմից ինքնակամ շինարարական գործունեությունը, քանի որ կառուցվող շինության համար բացակայում են օրենքով նախատեսված փաստաթղթային հիմքերը եւ առկա է միայն նախկին մանկապարտեզի շենքը քանդելու թույլտվություն:

Բնակիչները պնդեցին, որ, չնայած նախարարի հավաստիացումներին, կազմակերպությունը շարունակում է ապօրինի շինարարությունը: Ըստ որում, ուշագրավ էր, որ քանդման աշխատանքներն արդեն իսկ դուրս էին եկել նաեւ շենքին հարակից ավտոտնակների հատված, եւ, ինչպես բնակիչները պատմեցին, կառուցապատողները տարբեր հոգեբանական հնարքներով ու ճնշումներով ձեռք են բերել ու բավականին արագ քանդում դրանք:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը եւ նրան ուղեկցող պաշտոնյանները լսեցին քաղաքացիներին ու բնապահպանական ակտիվիստներին եւ հաստատեցին, որ տվյալ տարածքում ծառերը կտրելու թույլտվություն առկա չէ:

Facebook սոցիալական ցանցում ակտիվ “Մեր քաղաքը” խմբի ակտիվիստները, ինչպես նաեւ` հարակից շենքերի բնակիչները նախարարին տեղեկացրին, որ ունեն տարածքի նախկին լուսանկարներ, որտեղից ակնհայտ է, որ կառուցապատողի կողմից տարածքում հատվել են նաեւ ծառեր: Այս խումբն էր, որ օրեր առաջ կազմակերպել էր վտանգված ծառերի կրապատման քաղաքացիական ակցիան եւ բազմաթիվ ակտիվ երիտասարդների է համախմբել մայրաքաղաքի քաղաքաշինական տեսքի պահպանության ու կանաչ տարածքների պաշտպանության նպատակի շուրջ:

Թեպետ տարածք այցելած բազմաթիվ պաշտոնյաներ հակված էին տարածքում փորված խորը փոսերը դիտարկել նախկին մանկապարտեզի քանդման լույսի ներքո, այնուամենայնիվ, ակնհայտ էր, որ դրանք շինարարական աշխատանքներին նախորդող հողային աշխատանքներ են:

“Ժառանգություն” կուսակցության վարչության անդամ Կարինե Հակոբյանը պնդեց, լանդշաֆտի փոփոխություն է տեղի ունենում ոչ միայն այդ տարածքում, այլեւ ողջ քաղաքում, եւ համընդհանուր պետք է դադարեցվեն նման շինարարական աշխատանքները եւ կառուցապատում չիրականացվի պուրակների կամ բակերի կանաչ տարածքների, ըստ այդմ` նաեւ Երեւանի մաքուր օդի հաշվին:

Տեղում ծավալված բուռն քննարկումների արդյունքում “Ժառանգության” պատգամավորներ Բախշյանը եւ Սաֆարյանը առաջարկեցին Բնապահպանության նախարարին` հանձնարարել կառուցապատողին, որպեսզի վերջինս վերալցնի ծառերի արմատները մերկացրած փոսերը, ինչպես նաեւ` նախարարությունը քննարկի հարցի բնապահպանական ասպեկտը: Նախարարը տեղեկացրեց, որ վաղը հարցը կքննարկվի նախարարությունում եւ քննարկմանը կհրավիրվեն “Ժառանգության” պատգամավորները:

Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը տեղեկացրեց, որ իր ղեկավարած նախարարությունը լոկ վերահսկողություն է իրականացնում, իսկ հարցի քննարկման հասցեատերը Երեւանի քաղաքապետարանն է: Պատգամավոր Բախշյանը առաջարկեց բնակիչներին` միասին դիմել քաղապետարան, պահանջել մանկապարտեզի քանդման հիմքերը, ապաեւ` հիշյալ տարածքի կառուցապատմանը վերաբերող բոլոր փաստաթղթերը:

Բնակիչները եւ բնապահպան հասարակական կազմակերպությունները կառավարության ներկայացուցիչներին խնդրեցին ներբակային տարածքը դարձնել հարակից շենքերի երեխաների խաղահրապարակ եւ հանգստի գոտի:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն