Ավարտվեց ԼՂՀ ԱԺ գավաթի խաղարկությունը
ԼՂՀ Ազգային ժողովի բազմամարտի գծով փոխանցիկ գավաթի հերթական խաղարկությունը մայիսի 13-ին հատեց եզրագիծը։
Ստեփանակերտի մարզադաշտում անցկացված մարզական միջոցառմանը, որը կազմակերպվել և անց է կացվել խորհրդարանի և կառավարության համատեղ ջանքերով՝ ի դեմս ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի, կրթության ու գիտության նախարարության և սպորտի պետական կոմիտեի, մասնակցում էր մայրաքաղաքի և շրջանների հանրակրթական դպրոցների 3-6-րդ դասարանցիներին ընդգրկող ու միջդպրոցական մրցություններում հաղթող ճանաչված 7 թիմ։
Երկօրյա մրցությունների արդյունքում՝ ընդհանուր հաշվարկով, արդեն չորրորդ տարին անընդմեջ, հաղթող ճանաչվեց Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը՝ նվաճելով ԱԺ փոխանցիկ գավաթը և ՀՀ Ազգային ժողովի փոխանցիկ գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունք։ Այդ հիման վրա դպրոցի թիմին, իրավունք ընձեռվեց մշտապես պահպանել նախորդ երեք տարիների առաջնություններում արդեն իր խաղարկային շրջափուլը սպառած գավաթը։
Երկրորդ և երրորդ մրցանակային տեղերը գրավեցին համապատասխանաբար Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 և Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Արմենակ Խամփերյանցի անվան միջնակարգ դպրոցների թիմերը։
Խաղարկության հանդիսավոր փակմանը խաղարկության մասնակիցներին ու կազմակերպիչներին ուղղղված շնորհավորանքի խոսքով հանդես եկավ ԼՂՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը։
ArmAr.am












