Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Մենաշնորհային տնտեսության վերացումը ելքերից մեկն է

Մայիս 13, 2011թ. 17:30

AՄայիսի 13-ին «ՄԻԺԻ» գրասենյակում տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային Խորհրդարանի սոցիալ–տնտեսական հանձնաժողովի հերթական նիստը «Համաշխարհային տնտեսական ճգնաժամը – հետևություններ Հայաստանի համար» թեմայով։

Բանախոսը, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, տնտեսագետ Ալեք Յենիգոմշյանը հանգամանորեն ներկայացրեց համաշխարհային տնտեսական ճգնաժամի ներքին մեխանիզմները, համաշխարհային տնտեսության առկա վիճակը, տնտեսության իրական և ֆինանսական հատվածների բնութագրերը: Մասնավորապես մատնանշվեց ֆինանսական և իրավական հատվածների անհամապատասխանությունը, ֆինանսական հատվածի սպեկուլյատիվ և ուռճացված վիճակը:

Ալեք Յենիգոմշյանը համեմատական վերլուծություն կատարեց համաշխարհային տնտեսության վերջին տասնամյակների զարգացման փուլերի միջև, մատնանշելով վերջին տասնամյակներում կատարված նեոլիբերալիստական քաղաքականության արմատները ստեղծված իրավիճակում: Ընդգծելով, որ համաշխարհային ճգնաժամը մարտահրավեր է նաև գործող տնտեսավարման համակարգին և աշխարհը այժմ փնտրտուքների մեջ է, ուստի փորձում է ստեղծել այլընտրանքերին տնտեսավարման համակարգեր:

Բանախոսը կարծիք հայտնեց, որ ապագան ցանցային, ուղղահայաց կապերի և համագործակցության այնպիսի մեխանիզմների ստեղծման մեջ է, որոնք չեն հետապնդում շահույթ, այլ հիմնվում են ընդհանուր շահերի վրա:

Անդրադառնալով Հայաստանին, Յենիգոմշյանը մատնանշեց համաշխարհային տնտեսության ներքին` քրեաօլիգարխիկ համակարգի ստեղծած տնտեսական և սոցիալական խնդիրները, ընդգծելով, որ Հայաստանում առկա իրավիճակում գործող կառավարման համակարգը ի վիճակի չէ հաղթահարել խոչընդոտները, լուծել խնդիրները առանց այդ համակարգի ապամոնտաժման:

Հայաստանում առկա տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ բանախոսը առաջարկեց ժամանակագրական առումով եռափուլ ծրագրի կիրառում, որտեղ կարևորվելու է գործող մենաշնորհային տնտեսության վերացումը, տնտեսավարման պայմանների բարելավումը, սոցիալական քաղաքականության ակտիվացումը և տնտեսության մեջ պետության դերի բարձրացումը, արձանագրելով նաև պետության կողմից քարշակ արտադրությունների, ձեռնարկությունների, ընկերությունների ստեղծումը, որոնք կարող են խթան հանդիսանալ տնտեսության այլ հատվածների զարգացմանն ու տնտեսության աշխուժացմանը:

Մասնակիցների կողմից կարծիքներ հայտնվեցին պետության դերի, պետական կապիտալիզմի, պետական ձեռնարկությունների, ֆինանսական հատվածի պետական վերահսկողության և կարգավորման մասին, կարևորելով տնտեսության զարգացման համար պետության դերի շեշտակի բարձրացումը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն