Գլխավոր » Արևմտյան Հայաստան, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ

Կայքի նպատակն է վերականգնել Օսմանյան կայսրության մեջ ապրած հայերի հիշողությունները

Մայիս 18, 2011թ. 09:30

Արդեն մի քանի ամիս գործում է «Հուշամատյան» կայքը` www.houshamadyan.org, որի նպատակն է վերականգնել ու պահպանել Օսմանյան կայսրության մեջ ապրած հայերի հիշողությունները: Կայքը տնօրինողը «Հուշամատյան» միությունն է, որը հիմնվել ու պաշտոնապես գրանցվել է Բեռլինում անցյալ տարի: Հուշամատյանի հետազոտությունները լինելու են Օսմանյան կայսրության մեջ ապրած հայության առօրյա կյանքի, բարբառների, երաժշտության, գրականության եւ այլ ոլորտների վերաբերյալ: Կայքի համար հատկապես կարեւոր են հայերին վերաբերող լուսանկարների, գեղանկարների, ֆիլմերի, վավերաթղթերի, գրքերի եւ այլ իրերի հավաքումն ու պահպանումը: «Հուշամատյանի» խմբագրության փոխանցմամբ` իրենց նպատակն է ստեղծել համագործակցային կայք, որի այցելուները հնարավորություն կունենան հարստացնելու այն իրենց ունեցած համապատասխան նյութերով, եւ այդպես կայքն իսկապես կդառնա համագործակցային:

Հուշամատյանի ընտրած առաջին վայրը Բալուի շրջանն է` իր քաղաքով ու շրջակա գյուղերով: Կայքում արդեն կարելի է գտնել հոդվածներ Բալուի պատմության, միջէթնիկական հարաբերությունների, աշխարհագրության, տեղական երգերի, պարերի ու այլ թեմաների մասին: Ժամանակի ընթացքում կայքը հարստացվելու է Օսմանյան կայսրության մաս կազմող հայաբնակ այլ վայրերի մասին հոդվածներով:

Ճանաչենք հայրենիքն ու մաքրենք հնավայրերը

Բազմաթիվ հնավայրեր ու հուշարձաններ, որոնք մեր երկրի մշակութային ժառանգության կարեւոր մասն են կազմում, այսօր մատնված են անտերության: Այս վիճակը մի խումբ երիտասարդների դրդել է ձեռնամուխ լինել նոր ակցիայի. «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը հայտարարում է «Մաքրե՛նք հնավայրերը ժամանակակից աղբից» ակցիայի մեկնարկի մասին: Ակցիայի շրջանակներում նախաձեռնության անդամները շաբաթական մեկ օր կմեկնեն տարբեր մարզերում գտնվող հնավայրեր ու կմաքրեն դրանց շրջակա տարածքը: Ակցիան իրականացվում է մասնակիցների անձնական միջոցներով: Երիտասարդներն արդեն հասցրել են լինել Վայոց ձորի Ցախաց քարի վանական համալիրում:

«Ճանաչիր քո երկիրը» նախաձեռնությունը կոչ է անում երիտասարդներին միանալ ակցիային ու այս կերպ պահպանել մեր մշակույթն ու պատմությունը: Ովքեր ցանկանում են մասնակցել ակցիային, կարող են զանգահարել 091 600744:

ArmAr.am


Դիտել Արևմտյան Հայաստան, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն