«Ազգ».Մինչդեռ ԵԽ որոշ բանաձեւեր այդ տրամաբանության մեջ չեն տեղավորվում
Տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում գտնվող Եվրոպական խորհրդարանի նախագահ Երժի Բուզեկի բացառիկ հարցազրույցը «Ազգ» օրաթերթին
– Նախորդ տարի, մայիսի 21-ին Եվրոխորհրդարանը ընդունեց բանաձեւ Հարավային Կովկասի առնչությամբ, որը քննադատության ենթարկվեց Հայաստանում հատկապես մեկ կետի` «Հայկական ուժերը Ադրբեջանի բոլոր օկուպացված տարածքներից դուրսբերելու» պահանջով: Ինչպե՞ս պետք է Հայաստանը, Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը հասկանան այդ արտահայտությունը:
– Մեր դիրքորոշումըՙ որպես Եվրոպական խորհրդարանի, ամբողջությամբ նույնն է, ինչ ԵԱՀԿ Մինսկի խմբինը, որը կապված է նաեւ մադրիդյան սկզբունքներին: Մենք միշտ պետք է դրանք դիտարկենք բոլորը միասին, այլ ոչ առանձին-առանձին: Մենք խնդրին նույն կերպ ենք վերաբերվում` բոլոր առաջարկները միասին վերցրած:
– Արդյոք կարծո՞ւմ եք, թե «Հայկական ուժերի դուրսբերման պահանջը Ադրբեջանի բոլոր օկուպացված տարածքներից» ձեւակերպումը, առանց հստակեցման, թե ինչ է նշանակում «բոլոր օկուպացված տարածքներից», համապատասխանում է մադրիդյան սկզբունքներին կամ Մինսկի խմբի գործընթացին:
– Սա մադրիդյան փաստաթղթի ընդհանրական սկզբունքներին համապատասխան է, բայց կոնկրետ բանակցությունները կբերեն կոնկրետ լուծումներ, եւ մենք չպետք է ավելին ասենք այսօր, քանի որ դա պետք է լինի բանակցությունների շրջանակում, որ առաջնորդվում է Մինսկի խմբի` ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի կողմից: Մենք կտեսնենք արդյունքը:
– Ներեցեք, բայց ուզում եմ կրկնել հարցը, թե ինչ է նշանակում «Ադրբեջանի օկուպացված բոլոր տարածքներ» ԵԽ բանաձեւում ընդգրկված արտահայտությունը, բանաձեւ, որի առնչությամբ Դուք թերեւս քվեարկել եք որպես ԵԽ անդամ:
– Դա նշանակում է, որ ընդհանուր սկզբունքը ձեւակերպված է մադրիդյան առաջարկներում, եւ կոնկրետ բանակցությունները կբերեն կոնկրետ մեկնաբանություններ այդ ընդհանուր առաջարկի:
– ԵԽ բանաձեւով, ԵՄ հիմնական նպատակն է աջակցությունը Հայաստանին, Վրաստանին եւ Ադրբեջանինՙ դառնալու «կայուն ժողովրդավարական երկրներ, որոնք կարող են լավ հարեւանային հարաբերություններ ունենալ միմյանց հետ»: Արդյոք դա հնարավո՞ր է մոտ ժամանակներս:
– Դա ոչ միայն հնարավոր է, այլեւ անհրաժեշտ: Մենք հսկայական փորձառություն ունենք Արեւմտյան Եվրոպայում, որպես հաշտեցման գործընթացներ ժողովուրդների, պետությունների միջեւ: Այդպիսի հաշտեցման գալը հեշտ չէ, բայց անհրաժեշտ է: Երեք երկրները` Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը միասին շատ կարեւոր են այս տարածաշրջանում` ունենալով խոշոր հարեւաններ` Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը: Դուք համագործակցելու կարիք ունեք, եթե ուզում եք ազդել այս տարածաշրջանի գլոբալ իրավիճակի վրա: Դուք` երեքդ, եվրոպական երկրներ եք, ունեք սկզբունքների նույն հիմքը` նույն արժեքներով: Մենք վստահ ենք, որ հեշտ կլինի համագործակցել, եթե մենք լուծում ենք տարածաշրջանի խնդիրները միասին: Մյուս կողմից էլ, մենք ունենք մեր երկկողմ հարաբերությունները` ԵՄ-Հայաստան, եւ մենք ցանկանում ենք առաջ գնալ, նաեւ բանակցել, օրինակ, ասոցացման համաձայնագիրը, ազատ եւ համապարփակ առեւտրի համաձայնագիրը, վիզայի ազատականացումը: Մենք ունենք բազմաթիվ երկկողմ հարցեր, որոնց առնչությամբ կշարունակենք բանակցել: Մենք նաեւ տեսնում ենք ողջ տարածաշրջանը, տարածաշրջանի երեք երկրները` որպես գործընկեր` գլոբալ տեսանկյունից առավել մեծ ու առավել կարեւոր խնդիրներ լուծելու առումով:
– Դեռեւս նախորդ տարի Եվրոխորհրդարանի մի պատվիրակություն այցելեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եւ այդուհետեւ հայտարարություններ արեց անհրաժեշտ քայլերի առնչությամբ, սակայն որեւէ արձագանք չեղավ: Արդյո՞ք այլ ծրագրեր կան այցելելու ԼՂՀ կամ ի՞նչ է արվում նախորդ տարի այցելած պատվիրակության բարձրացրած մտահոգությունների առնչությամբ:
– Անհատական այցելությունները վիճարկվող տարածքներ չեն կարող օգտակար լինել խաղաղ կարգավորման կամ փոխըմբռնման խրախուսման համար: Բոլոր կողմերը պետք է փնտրեն խաղաղ կարգավորում հնարավորինս շուտ` միջազգային իրավունքի հիման վրա: Բայց ես կուզեմ ավելացնել, որ Եվրոխորհրդարանը եւս աջակցում է մարդիկ-մարդիկ շփումներին, այսինքն` հեշտացնելով առեւտուրը, ճամփորդելու պայմանները` նոր պատերազմների փոխարեն: Շատ դեպքերում մեր անդամները ներգրավվում են նման շփումներում:
– ԵԽ արտաքին կապերի հանձնաժողովի համար ուսումնասիրություն է անցկացվել հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ: Պրն Բուզեկ, որքանո՞վ է այս հարցը մնում ԵՄ օրակարգում, հատկապես որ բանակցում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի հետ:
– Տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համար հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը մեծ նշանակություն ունի, եւ մենք ափսոսանք ենք հայտնում արձանագրությունների վավերացման գործընթացի առկա վիճակի առնչությամբ: Մենք ասում ենք, որ բանակցությունները վերսկսելն ու դրանց պատրաստ լինելը շատ կարեւոր են այնպես, ինչպես կարեւոր է պահպանել երկխոսությունը: Մենք կշարունակենք լոբբիինգ անել այդ հարցի առնչությամբ: Եվրոպայում այս հարցի առնչությամբ էլ զգալի փորձառություն կա. իմ երկիրը (Լեհաստան- Ա.Հ.) Գերմանիայի հետ տարիներ շարունակ լարված հարաբերություններ ու պատերազմներ է ունեցել, բայց հաշտեցումից հետո մենք հրաշալի հարաբերություններ ունենք: Լարվածություն կա նաեւ ԵՄ ներսում, անհնար է խուսափել լարվածություններից: Մենք լարվածություն ունենք երբեմն անգամ մեր հարեւանների հետ, որ ապրում են հարեւան տանը: Բայց ԵՄ ներսում խնդիրներ լինելիս մենք բանակցում ենք, մինչդեռ որոշ ժամանակ առաջ բանակցությունների փոխարեն պատերազմում էին: Ես վստահ եմ, որ նույնը կլինի այս տարածաշրջանում, որ պատերազմը կփոխվի բանակցությունների:
– ԵԱՀԿ Մինսկի խումբը քանիցս հայտարարել է, որ իրենց գործընթացից ու ձեւաչափից դուրս ԼՂ հարցի քննարկումներն ու փաստաթղթերի ընդունումը չեն օգնում կարգավորմանը, վնասում են բանակցային գործընթացին: Արդյո՞ք կարծում եք, որ ԵԽ փաստաթղթերը ԼՂ մասին վերը նշված ձեւակերպումներով նպաստում են բանակցություններին կամ կարգավորմանը:
– Թույլ տվեք ընդգծել, որ մենք պետք է անենք ամեն ինչ երկխոսություն սկսելու այն երկրների միջեւ, որոնք հակամարտության մեջ են: Մենք անում ենք ամեն ինչ, այդ թվում` ԵԽ-ն, օգնելու այդ գործընթացին: Միայն մեկ խնդիր ու մեկ նպատակ կա մեր առջեւ, մենք այլ նպատակ ու խնդիր չունենք բացի հակամարտության մեջ գտնվող երկրների համար երկխոսելու հարցում աջակցությունից:
Աղավնի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ












