Գլխավոր » Genocide, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Ո՞ւմ է ձեռնտու Ցեղասպանության ճանաչման շուրջ ծավալվող քաղաքական շոուն

Մայիս 20, 2011թ. 19:12

genocide

ՆՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ ՁԵՌՆՏՈՒ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ, ԱՅԼԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

Մի առիթով ավանդական կուսակցություններից մեկի ներկայացուցիչը, ով լավատեղյակ է ԱՄՆ հայ դատի հանձնախմբերի աշխատանքներից, անկեղծացավ, թե, արդյո՞ք, հայկական լոբբիստական կազմակերպությունները չեն գիտակցում, որ կենտրոնանալով Հայոց Ցեղասպանության ընդամենը ճանաչման գործընթացի վրա, ջուր են լցնում թուրք-ամերիկյան (և ոչ միայն,)  քաղաքական խաղերի «ջրաղացին»: Իհարկե, դժվար է կարծել, թե հայ դատի գրասենյակներում «բանից» անտեղյակ մարդիկ են հավաքված: Այլ հարց է, թե տեղեկացված լինելով ինչու են նպաստում «ջուր լցնելու» քաղաքականությանը:

Իրողությունն այն է, որ տասնամյակներ շարունակ տարվում է Հայոց ցեղասպանության փաստը մոռացության մատնելու, հայոց պահանջատիրության գործընթացին խոչընդոտելու ծրագրված քաղաքականություն: Արևմտյան քաղաքական միտքը 60-ականներից առ այսօր  լծված է  հայկական հարցը վերջնականապես փակելու գործին:  Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության իրողությունը հաստատող բազմաթիվ  վավերագրերի, իրավական  փաստաթղթերի  առկայությունը մշտապես կաշկանդել է Արևմուտքին,  թույլ չտալով վերջինիս բացահայտորեն հերքել կատարված ոճիրը: Փոխարենը, գտնվեց այլ միջոց.  հարցը փակուղի մղելու յուրահատուկ մշակված քայլ էր Հայոց Ցաղասպանության միայն ճանաչման գործընթացը մեջտեղ բերելը: Եվրոխորհրդարանի 1987-ին ընդունած բանաձևն իր հերթին եկավ հաստատելու, որ Արևմուտքը շարունակում է հարազատ մնալ իր որդեգրած քաղաքական գծին. բանաձևում  հստակ ամրագրվեց. «Հայոց ցեղասպանության ճանաչում, բայց ոչ մի քաղաքական, իրավական, նյութական պահանջ», «Ժամանակակից Թուրքիան պատասխանատու չէ Օսմանյան կայսրության հայ բնակչության ողբերգության համար»: Հրահանգի համաձայն` եթե այսօր  տարբեր պետությունների օրենսդիր  ու գործադիր մարմիններ բարձրացնում են հայոց ցեղասպանության հարցը, ապա միմիայն ճանաչման մակարդակով:  Ակամա ներքաշվել ենք Հայոց ցեղասպանության ճանաչման «գայթակղիչ» գործընթացի մեջ` երբեմն մեզ խղճում են, քաղաքական պահի թելադրանքով խոստանում ճանաչում, սակայն հաջորդ իսկ պահին, «մոռանում» խոստացածը: Եվ այսպես շարունակ…

Ակնհայտ է, որ նման ընթացքը ձեռնտու է ոչ միայն Արևմուտքին, այլև Թուրքիային: Ցեղասպանության ճանաչման շուրջ ծավալվող քաղաքական շոուն կլանում է հայության ֆինանսական, մարդկային, ազգային հսկայական ռեսուրսները, և` անարդյունք, քանզի անտեսվում են պայքարի իրավական ուղիները:

Եվ ուրեմն, հարց է առաջանում, մեզ պե՞տք են տարբեր երկրների  կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումները, ի՞նչ է տալիս հայությանը ճանաչումների այդ շղթան: Ցեղասպան պետության` Թուրքիայի վրա, պարտադրանքի իրացման տեսանկյունից, դրանք ունե՞ն որևէ հստակ իրավական նշանակություն:

Իրավաբան Վլադիմիր Վարդանյանը   ևս այն   համոզմանն է, որ բացի Թուրքիայից, այլ  պետությունների կողմից Հայոց ցեղասպանության  ճանաչումը, իրավական տեսանկյունից ոչ մի խնդիր չի լուծում, մասնավորաբար, դրանք հնարավոր չէ օգտագործել Թուրքիայի վրա ճնշում բանեցնելու համար: Ճանաչումների շարքն, ըստ իրավաբանի, «դրական պետք է համարել այնքանով, որ շնորհիվ գործընթացի Հայոց ցեղասպանության ուրվականը կրկին հայտնվեց Թուրքիայի առաջ»: Սակայն ո՞ւմ է ձեռնտու հայոց պահանջատիրությունը իբրև «ուրվական», կամ մահակ օգտագործելու քաղաքականությունը: Իհարկե, ոչ մեզ: Դա այն է, ինչ ցանկանում է Արևմուտքը. միջազգային թաթերաբեմում Հայոց ցեղասպանության հարցը վաղուց է վերածվել է քաղաքական գործիքի, որով, անհրաժեշտության դեպքում իրականացվում է Թուրքիայի զսպումը: Այս շոուին վերջ կտրվի միայն այն ժամանակ, երբ. «Գործընթացն ուղղված կլինի ոչ միայն խորհրդարանական ճանաչումներին, այլև իրավական հարթության մեջ հայոց պահանջատիրության խնդիրը ներկայացնելուն»:

ԱՄՆ-ը առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Պարզվում է` մեր քաղաքական այրերից  քչերին է հայտնի այն փաստը, որ Միացյալ Նահանգների կառավարությունը 1951թ-ին արդեն իսկ ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը, և որպես այդպիսին առաջին պետությունն է, ընդորում, Ուրուգվայից և Արգենտինայից դեռևս 14 տարի առաջ` և Ցեղասպանության կոնվենցիայի ստորագրումից 3 տարի անց: Այսպես, ԱՄՆ-ի կառավարությունը 1951թ. հունվարին ՄԱԿ-ի Արդարության միջազգային դատարանին հղած իր գրավոր հայտարարության մեջ բառացիորեն գրում է հետևյալը. «Քրիստոնյաների հալածանքները հռոմեացիների կողմից, հայերի ջարդերը թուրքերի կողմից, միլիոնավոր հրեաների և լեհերի ոչնչացումը նացիստների կողմից, ցեղասպանություն հանցագործության ակնհայտ օրինակներ են: Այս հենքի վրա է Միավորված ազգերի Վեհաժողովը քննության առել ցեղասպանության հարցը»: Հայտնի է նաև, որ 1981թ. ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը մեկ անգամ ևս վերհաստատել է իր երկրի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության նկատմամբ. «Ինչպես հայերի ցեղասպանությունը դրանից առաջ և կամբոջիացիների ցեղասպանությունը, որը հաջորդեց դրան, ինչպես նաև բազմաթիվ այլ ժողովուրդների նկատմամբ այդպիսի բազում հալածանքները, Հոլոքոստի դասերը երբեք չպետք է մոռացվեն»: Այսպիսով, ակնհայտ է, որ մենք գործ ունենք ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստի հետ: Եվ ուրեմն, առավելապես անհասկանալի են դառնում հայկական կազմակերպությունների լոբբիստական ջանքերն ուղղված  ԱՄՆ կողմից կրկին անգամ Հայոց ցեղասպանության փաստի ճանաչմանը: Ինքնախաբեությամբ ե՞նք զբաղված: Տարօրինակ է, որ վերոնշյալ  փաստն  արդյունավետորեն օգտագործելու փոխարեն, այն գրեթե մոռացության ենք  մատնել: Տպավորություն է ստեղծվում, որ Ամերիկայում հայ դատի հանձնախմբերը ոչ այնքան գործում են ի նպաստ հայկական հարցի լուծման, որքան օժանդակում են «դժվարին» կացության մեջ հայտնված ԱՄՆ-ին, ճկունորեն խաղարկել հայկական հարցը` ի նպաստ սեփական քաղաքականության:

Հայ Դատ գոյություն ունի՞

Տասնամյակներ շարունակ խոսել ու շարունակում ենք խոսել  Հայ  Դատի մասին, բայց, համաձայնեք, որ դատ` որպես այդպիսին, գոյություն չունի:

Վերջերս Արգենտինայի Դաշնային դատարանը բավարարեց արգենտինահայ Գրեգորիո Հայրապետյանի՝ ընդդեմ թուրքական պետության ներկայացրած հայցը: Հայտնի դատավոր Նորբերտո Օյարբիդեի կայացրած որոշման մեջ նշվում է. «Թուրքական պետությունը, 1915-1923թթ. ծրագրված և պարբերաբար ոչնչացնելով 1,5 միլիոն հայ քաղաքացիների, իրագործել է ցեղասպանություն»։ ԱՄՆ-ում, Շվեցարիայում, Ֆրանսիայում ևս մի շարք գործեր հարուցվեցին: Այս  ու նման փաստերը խոսում են այն մասին, որ Հայոց ցեղապանության խնդրի շուրջ տարբեր երկրներում երբեմն դատական  գործընթացներ են իրականացվում: Սակայն, բացակայում է  ամենակարևորը`  միջազգային իրավական գործընթացը: Ժամանակը չէ՞   հայության ներուժն ու ջանքերն ուղղորդել հայոց պահանջատիրությունը միջազգային իրավական հարթություն տեղափոխելուն: «Չգիտեմ, իրավական քաղաքական դիվանագիտական տեսանկյունից այսօր ճի՞շտ է, թե սխալ, որ հայերս դիմենք ՄԱԿ-ի միջազգային դատարան, բայց, ծայրահեղորեն անհրաժեշտ է, որ ամեն պահ պատրաստ լինենք դրան», իրավաբան Վ. Վարդանյանն ամենևին չի բացառում, որ Թուրքիան կարող է նախահարձակ քայլ կատարել` դիմելով միջազգային դատարան, ուր և վիճարկել դատարանի իրավազորությունը: «Կարծում եմ, միջազգային դատարան հայց ներկայացնելուն պես Թուրքիան կփորձի պնդել, թե դատարանը իրավունք չունի քննել այս գործը, որովհետև ցեղասպանության մասին կոնվենցիան շատ անելի ուշ է ուժի մեջ մտել: Իհարկե, անհիմն է Թուրքիայի նման պնդումը, քանի որ թեև Կոնվենցիան, ուժի մեջ է մտել 1948-ին, բայց այն չի պարունակում այնպիսի մի նորմ, որով արգելվում  է վերջինիս հետադարձ կիրառելիությունը: Իսկ թե միջազգային դատարանն ինչ մոտեցում կցուցաբերի, այսօր դժվար է ասել»:

Հարցադրմանն ի պատասխան մեջբերենք Արա Պապյանի խոսքը. «Չի եղել մի  իրավական ատյան կամ Հայոց ցեղասպանությանը վերաբերող որևէ իրավական գնահատական, որտեղ կասկածի տակ դրվի Հայոց ցեղասպանության համապատասխանությունը ցեղասպանության որակմանը: Այդպես է եղել սկսած թուրքական ռազմական դատարանի դատավարություններից… Այդ դատավարությունները ցույց տվեցին, որ արևմտահայության տեղահանություններն ու կոտորածները ռազմական անհրաժեշտություններ չէին, ինչպես ցանկանում էին ներկայացնել ոճրագործները, այլ եղել են կանխամտածված գործողություններ»:

Որոնք են լինելու հայկական կողմի քայլերը.«Լիարժեք պատրաստվածությունը: Մեր պահանջի հիմքում ոչ թե պետք է ընկած լինեն  հիշատակարաններ, զգացմունքային վկայություններ, այլ իրավական անվիճելի փաստեր, որոնք մեզ թույլ կտա հասնել հաջողության»,-նկատում է իրավաբանը: Իսկ այդպիսիք բազմաթիվ են. այսօր տարբեր երկրներ առաջարկում են օգտվել իրենց արխիվներից. «Առաջին համաշխարհայինի տարիներին Թուրքիայում գործող գերմանական դիվանագիտական անձանց ու Գերմանիայի ԱԳ նախարության միջև բավականին հարուստ դիվանագիտական փաստաթղթաշրջանառություն գոյություն  ուներ, դրանցից շատերն այսօր հասանելի են: Նույնը կարել է ասել նաև այն պետությունների արխիվների մասին, որոնք նույն ընթացքում դաշնակցում էին Թուրքիայի հետ: Այդ փաստերը անհրաժեշտ է հավաքել ու օգտագործել ՄԱԿ-ի միջազգայն դատարանում մեր պահանջները հիմնավորելու համար»:

Ոչ ռազմավարություն ունենք, ոչ մարտավարություն

Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման, դատապարտման, փոխհատուցման խնդրը պահանջում է համակարգված պետական մոտեցում:  Իսկ սա նշանակում է, որ  իրավապահանջատիրության գաղափարն ու այն կյանքի կոչելուն միտված  մեխանիզմները պետք է սնուցվեն Հայաստանի Հանրապետությունում:

Բայց, ՀՀ-ն  այսօր պատրա՞ստ է որպես հիմնական սուբյեկտ միջազգային դատարանում ներկայացնել հայոց պահանջատիրությունը. համաձայն  ՀՀ անկախության հռչակագրի, Ազգային անվտանգության ռազմավարության` ոչ: Փաստորեն, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգում դրված է միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման հարցը, սակայն` և ոչ մի խոսք փոխհատուցման մասին: Սա արդեն իսկ նշանակում է, որ  պահանջատիրությունը դուրս է ՀՀ պետական քաղաքականության օրակարգից: Այստեղից էլ բխում է գործընթացներին մատների արանքով նայելու անլրջությունը. 20 տարվա ընթացթում   անկարող եղանք ստեղծել ցեղասպանագետ իրավաբանների մի  թիմ, որը ձեռնամուխ կլիներ ցեղասպանության իրավական փաթեթի ստեղծմանը:  Անհանգստացնողն այն է, որ մինչ օրս ոչ մի քայլ չի արվում ռազմավարության ու համապատասխան մարտավարության մշակման ուղղությամբ:

Հասկանալի է  խնդրով զբաղվող  միակ իրավաբանի` Վլադիմիր Վարդանյանի, մտահոգությունը. «Պետությունը բավարար ուշարություն չի դարձնում հայոց ցեղասպանության իրավական փաթեթի ստեղծման վրա», «Ինչո՞ւ», «Այդ հարցին պատասխանել չեմ կարող», փոխարենն առաջարկում է` ստեղծել  մշտապես գործող կառույց, որն էլ կմշակի իրավական փաթեթը:

Պատմաբան Արտակ Սարգսյանի դիտարկմամբ էլ, ցեղասպանության իրավական փաթեթը պետք է դրված լինի Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում: Այն պետք է ներառի Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման ողջ բովանդակությունն ու գործընթացը:

Պատմաբանը նշում է նաև  իրավական փաթեթը կյանքի կոչելու անհրաժեշտ մեխանիզմները.  ՄԱԿ-ի միջազգային դատարանը,  Միջազգային կազմակերպությունները, և այն պետությունները, որոնք այս կամ այն առումով այս հարցում ունեն որոշակի ստանձնած պարտավորություններ: Խոսքը, մասնավորապես, վերաբերվում է ԱՄՆ-ին, որի նախագահ Վուդրո Վիլսոնը իրավարար վճռով 1920 թվականի նոյեմբերի 22-ին գծել է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանագիծը, որը և ցայսօր չի կորցրել իր իրավունակությունը: Միաժամանակ այս շրջանակում պետք է դիտարկել նաև այն երկրներին, որոնք դիմել են ԱՄՆ-ին նշյալ վճիռը կայացնելու խնդրանքով:

Քաղաքական տարաբնութ շահերով պայմանավորված, աշխարհն այսօր Թուրքիայից պատրաստ է պահանջել Հայոց ցաղասպանության միայն ճանաչում ու  զղջում, և ոչ  ավելին: Բայց չէ՞ որ քաղաքական շահերն հավերժական ու անփոփոխելի չեն: Կնշանակի,  հայությունը պետք է ամեն պահ պատրաստ լինի ցանկացած աշխարհափոփոխության:

Հայության բոլոր հատվածների հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետությունը  համախմբմամբ պետք է դառնա այն սուբյեկտը, որը կբարձրաձայնի հայության իրավապահանջատիրությունն ու միջազգային իրավական հարթության մեջ կհայտարարի  ՀԱՅ ԴԱՏի սկիզբը:

Սառույցը կոտրվում է՞

Օրերս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Մոսկովսկիե նովոստի» թերթի, «ՌԻԱ Նովոստիի» եւ «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի համատեղ նախագիծ հանդիսացող հարցազրույցում ասել է.«Ցեղասպանության փաստն անվիճելի է, և մենք պե’տք է ջանքեր ներդնենք, որպեսզի Թուրքիան վերջապես ճանաչի այն։ Սա պայքար է արդարության եւ անվտանգության համար»:

Արմինե Սիմոնյան

ArmAr.am, «Իրատես de facto»


Դիտել Genocide, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն