Աղանդները սպառնում են ազգային անվտանգությանը
Հարցազրույց Հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի եւ միջազգային ինտեգրման հանձնաժողովի նախագահ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ հետ
-Պարոն Սաֆրաստյան, օրերս «Եհովայի վկաներ» աղանդի անդամները հարձակում կատարեցին Հայ Առաքելական եկեղեցու հոգեւորականների վրա: Սա կենցաղայի՞ն միջադեպ է, որը պետք է քննարկել ու մոռանալ, թե՞ խիստ որոշակի մտավախությունների տեղիք տվող երեւույթ է:
-Մենք գործ ունենք միանգամայն վտանգավոր երեւույթի հետ, որն արդեն առաջացրել է հասարակության խորապես հիմնավորված անհանգստությունը: Անվերապահորեն, տեղի ունեցածը պատահականություն կամ անհատի գործած փոքր զանցանք չէ, այլ աղանդավորական գործունեության երեւութական դրսեւորում:
Ուստի իրավապահները անհրաժեշտաբար պետք է արտահայտեն իրենց համարժեք վերաբերմունքը: Եթե անգամ վերանանք օրերս տեղի ունեցած միջադեպից, ապա մեր երկրում գործող աղանդավորական տարաբնույթ կազմակերպությունների ծավալած գործունեությունը առհասարակ վտանգավոր ու սպառնալի ձեւեր է ընդունում:
Այստեղ ոչ միայն հանրային, այլեւ ազգային, պետական շահեր են ոտնահարվում: Այս աղանդները, այո, մեր երկրում օրենքով նախատեսված կարգով գրանցված են, բայց ոչ միշտ է, որ նրանք օրենքով սահմանված գործունեություն են իրականացնում: Եթե նրանք գործեն օրինականության սահմաններում եւ այն շրջանակներում, որոնց համաձայն գործունեություն ծավալելու իրավասություն են ստացել, ապա հայտնի վտանգները չեն առաջանա:
Բայց տեսնում ենք, որ աղանդների իրական գործունեությունը շատ հաճախ է դուրս գալիս օրենքի նախատեսած սահմաններից եւ անմիջականորեն ստեղծում է հասարակության, պետության համար խիստ վտանգավոր սպառնալիքներ: Հաշվի առնելով արտաքին ու միջազգային մի շարք հանգամանքներ, աննախադեպ կարեւոր է դառնում, որ մեր իրավապահ մարմինները ճիշտ գնահատեն իրավիճակը եւ ճշգրիտ իրավական բնորոշում տան աղանդների դրսեւորումներին:
-Փաստորեն մեզանում հոգեորսությամբ զբաղվում են բացահայտ։
-Հոգեորսության դրսեւորումների ականատես ենք դառնում ամեն օր, բայց օրենքով արգելված այս գործունեության համար ոչ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվում: Եթե անգամ վերանանք մեր երկրում գործող իրավական նորմերը անհրաժեշտաբար պահպանելու պարտավորվածությունից, միեւնույն է, աղանդավորական կազմակերպությունները պետք է շատ զգուշաբար գործեն մեր երկրում:
Ցավոք, գործնականում հակառակն է. աղանդավորների բազմաթիվ խմբեր ուղղակի հոգեորսությամբ են զբաղված: Նրանք օգտվում են հանգամանքներից, չարաշահում մարդկանց սոցիալական ծանր վիճակը, քանի որ մեր երկրում սոցիալական բազմաթիվ խնդիրներ լուծված չեն:
Համաձայնեք, այստեղ էական ու որոշիչ դերակատարում պետք է ստանձնի հենց մեր Առաքելական եկեղեցին, հասարակությունը, հասարակական կազմակերպությունները: Մենք բոլորս պետք է կարողանանք մեր հասարակությանը հոգեւոր սնունդ տալ: Հասարակական որոշակի պայմաններ, մտածողություն, միջավայր պետք է ձեւավորվի, որ տնտեսական դժվարություններից մեր քաղաքացին չհուսահատվի ու չընկնի աղանդավորների ճանկերը:
Անհրաժեշտ է ըմբռնել ու բացահայտել, որ աղանդները արտաքին հեզությամբ, կեղծ բարիությամբ են կատարում իրենց չար, վտանգավոր գործը եւ իրենց թակարդը գցում մեր քաղաքացիներին: Բայց իրականում նրանք խիստ ագրեսիվ են, իրենց նպատակներին հասնելու համար առավել հաճախ նաեւ խոշոր գումարներ են օգտագործում:
Սա ուղղակի հոգեորսություն է, որն անթույլատրելի է: Շատ ու շատ եվրոպական դեմոկրատական երկրներում աղանդների գործունեությունը պարզապես արգելված է: Հետեւաբար իրավասու մարմինները գոնե պետք է անդրադառնան ու զանազանեն օրենքի շրջանակներում մնացող ու ագրեսիվ գործունեություն ծավալող աղանդները:
Այս հանգամանքը առանձնակի եմ ընդգծում, քանի որ տեսնում ենք ագրեսիվ աղանդների, քաղաքական ու հասարակական կազմակերպությունների գործունեությունը, որը բխում է ոչ թե մեր երկրի ու հասարակության շահերից, այլ այս խմբերին սնող օտարերկրյա գրանտատու կառույցների նկրտումներից:
-Տարբեր հարթություններում եւ բազմաթիվ առիթներով երբ մատնանշվում ու քննարկվում են մեր երկրի արտաքին մարտահրավերները դիմագրավելու, ազգային ու պետական անվտանգությունը ապահովելու խնդիրները, ինչո՞ւ աղանդներին, որպես կանոն, անդրադարձ չի լինում:
-Իհարկե ոչ միայն ժամանակն է, այլեւ շատ կարեւոր ու անհրաժեշտ է, որ անդրադաձ լինի այս խնդրին եւ վերանայվեն աղանդների գործունեությունն արտոնելու եւ կանոնակարգելու օրենսդրական նորմերը:
Արդի աշխարհը հստակ ամրագրում է, որ ժողովրդավարական բարենորոգումները, մարդու իրավունքների պաշտպանությունը, իրավական դաշտի կանոնակարգումը ամենեւին էլ չի նշանակում թույլ ազգային ու պետական անվտանգություն: Շատ կարեւոր է, որ սա դառնա պետական նշանակության խնդիր, եւ իշխանությունները, հասարակական կազմակերպությունները, քաղաքական կուսակցությունները կարողանան գտնել լավագույն ու ամենաարդյունավետ առաջընթացի ճանապարհը, որը նոր վտանգներ ու սպառնալիքներ չի առաջացնում ազգային ու պետական անվտանգության համար:
Գևորգ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ArmAr.am
Թեգեր` ազգային անվտանգություն, աղանդ












