Հայ, թուրք եւ ամերիկացի լրագրողների հաջորդ հանդիպումը`Անկարայում եւ Երեւանում
Լրագրողների միջազգային կենտրոնի (ICFJ ) նախաձեռնությամբ հայ, թուրք եւ ամերիկացի լրագրողների հաջորդ հանդիպումը կկայանա Երեւանում եւ Անկարայում: Յոթ լրագրող Թուրքիայից, վեցը Հայաստանից եւ նույնքան էլ ամերիկյան կողմից, հունիսի 20-22-ին Անկարայում, եւ 23–25-ին Երեւանում կներկայացնեն համատեղ աշխատանքի արդյունքները:
Ծրագրի փոխնախագահ Պատրիկ Բաթլերի խոսքերով, նախաձեռնության նպատակն է միասնական ծրագրի շրջանակներում աշխատել այլ երկրների լրագրողների հետ, խթանել բազմակողմ երկխոսությանը: «Համոզված ենք, որ ծրագիրը կարեւոր եւ օգտակար կլինի մասնակից լրագրողների համար` մասնագիտության մեջ առավել կատարելագործվելու առումով»,- կարծում է նա:
Ի դեպ, Լրագրողների միջազգային կազմակերպությունն անցած 27 տարիների ընթացքում տարբեր ծրագրերի շրջանակներում միավորել է ավելի քան հիսուն հազար լրագրողների` աշխարհի բոլոր ծայրերից:
Բազմափուլ այս ծրագրի առաջին փուլը մեկնարկել էր դեռեւս փետրվարին` հինգշաբաթյա օնլայն դասընթացով, որի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրել էին թվային, հետաքննական լրագրության նորարարությունները, քննարկել լրագրողական էթիկայի հիմնախնդիրները, ծանոթացել միմյանց հետ, ինչպես նաեւ ոլորտի նորագույն հնարավորություններին ու մարտահրավերներին:
Ծրագրի երկրորդ փուլում, որ կազմակերպվեց ապրիլի 17-22-ին, մասնակիցները եղան Վաշինգտոնում: Նրանք ծանոթացան ամերիկյան տպագիր, էլեկտրոնային ու հեռարձակվող լրատվամիջոցների աշխատաոճին, հետաքննական լրագրության սկզբունքներին, տեղեկատվական դաշտը կարգավորող ամերիկյան օրենսդրությանը, ներկայացրեցին իրենց երկրների օրենսդրական դաշտը, քննարկեցին ԶԼՄ-ների դերը հակամարտությունների կարգավորման գործընթացում:
Վաշինգտոնում գտնված ժամանակ նրանք այցելեցին եւ հանդիպումներ ունեցան ԱՄՆ Պետքարտուղարությունում, այդ երկրում Հայաստանի եւ Թուրքիայի դեսպանություններում, որոնք եւ ստանձնել են ծրագրի ֆինանսավորումը:
Մասնակիցները հյուրընկալվեցին նաեւ հանրահայտ «Վաշինգտոն պոստ» օրաթերթում, ինչպես նաեւ «Գուգլ» ընկերության վաշինգտոնյան գրասենյակում, մասնակցեցին լրագրողների համար նախատեսված դասընթացին:
Երկրորդ փուլում հայ եւ թուրք լրագրողները որպես դիտորդներ այցելեցին ամերիկյան նահանգային լրատվական կազմակերպություններ` ուսումնասիրելու ամերիկյան լրատվամիջոցների աշխատաոճն ու փորձը: Մեկական հայ եւ թուրք լրագրողներից բաղկացած վեց խմբերը հյուրընկալվել են նահանգային «The Charlotte Observer», «The Durango Herald», «Evansville Courier & Press», «The Seattle Times», «The Tallahassee Democrat», «Treasure Coast Newspapers» օրաթերթերում եւ նյույորքյան CUNY TV հեռուստաընկերությունում: Բացի լրագրողական աշխատանքից ու դիտորդական առաքելությունից, երեքշաբաթյա ժամանակահատվածում հայ եւ թուրք լրագրողները հյուրընկալվել են գործընկեր ամերիկացի լրագրողների ընտանիքներում, ծանոթացել նրանց կենսակերպին, սովորույթներին:
Ամերիկյան լրատվական համակարգն ուսումնասիրելուն զուգահեռ, հայ եւ թուրք գործընկերներն աշխատել են նաեւ համատեղ հայ-թուրքական ծրագրերի ուղղությամբ. դրանք ընդգրկում են տարբեր ոլորտներ` ներկայիս Թուրքիայի տարածքում հայկական ճարտարապետությունից մինչեւ հայ եւ թուրք փորձագետների բազայի ստեղծումը, հայ-թուրքական արձանագրությունների հետագա ճակատագիրն ու ազգային խոհանոցը:
Ինչպես տեղեկացրեցինք, համատեղ աշխատանքի արդյունքները կներկայացվեն Երեւանում եւ Անկարայում` հունիսին կայանալիք կոնֆերանսներում:
Ուշագրավն այն է, որ հայկական կողմը Երեւանից Անկարա կմեկնի ոչ թե ուղիղ, այլ Կիեւ-Ստամբուլ չվերթով: Իսկ հայ, թուրք եւ ամերիկացի լրագրողները երեւանյան կժամանեն Ստամբուլ-Մոսկվա չվերթով: «Էմերալդ Թրավլ» ընկերության ներկայացուցիչ, ծրագրի ճամփորդային գործակալ Լուիս Հերնանդեզի պարզաբանմամբ, Երեւանից Անկարա հասնելու բարդության պատճառը հարեւան երկրների մայրաքաղաքների միջեւ ուղիղ թռիչքների բացակայությունն է:
Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆ
ArmAr.am












