Թուրքիայի նորընտիր խորհրդարանի առանձնահատկությունները
Արդեն հայտնի է Թուրքիայի 24-րդ գումարման նորընտիր խորհրդարանի կազմը: «CnnTurk» լրատվական ծառայության տեղեկացմամբ` 550 պատգամավորական աթոռ ունեցող Թուրքիայի միապալատ խորհրդարանում 4 տարի օրենսդրական գործունեություն կծավալեն հետևյալ քաղաքական ուժերի ներկայացուցիչները`
իշխող «Արդարություն և զարգացում կուսակցություն» (ԱԶԿ-AKP) – 326
ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցություն» (ԺՀԿ-CHP) – 135
ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցություն» (ԱՇԿ-MHP) – 53
քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության» անկախ պատգամավորներ – 36:
Թուրքական մեջլիսի ամենատարեց խորհրդարանականը 79 տարեկան է` ներկայացված «Ժողովրդահանրապետական կուսակցություն»-ից, որն էլ խորհրդանշական կերպով նախագահելու է Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նիստերը մինչև կընտրվի մեջլիսի ղեկավար:
Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չկարողացավ պատգամավորներ ունենալ Հաքքարիից, Իգդիրից և Թունջելիից, «Ժողովրդահանրապետական կուսակցությունը»` 33 նահանգից, «Ազգայնական շարժում կուսակցությունը»` 47 նահանգից:
Անդրադառնալով ընտրությունների առանձնահատկություններին` թուրքական լրատվամիջոցները նշում են այն հանգամանքը, որ անկախ պատգամավորների թիվը` 35 հոգի, ռեկորդային է. 1950 թվականից հետո արձանագրված ամենամեծ թիվն է: Մյուս ատանձնահատկությունը այնն էլ այն է, որ 50-ի փոխարեն այս անգամ խորհրդարանում հայտնվել է 78 կին պատգամավոր:
Մեկ այլ առանձնահատկությունն է այն, որ մի քանի նորընտիր պատգամավորներ խորհրդարան կգան բանտից, որոնց դեմ մեղադրանք է ներկայացվել «Էրգենեքոնի» և «Balyoz»-ի գործով ընթացող դատավարության շրջանակներում: Նրանք առաջադրված են եղել «ԺՀԿ»-ի և«ԱՇԿ»-ի կողմից:
Բազմակուսակցական համակարգի հաստատումից հետո (1946 թ.) այս ընտրությունների արդյունքում ձևավորվելու է 61-րդ կառավարությունը հանրապետական Թուրքիայի պատմության ընթացքում:
Մխիթար Նազարյան, թուրքագետ
ArmAr.am












