Գլխավոր » Javakhq, Լրահոս, Ջավախք, Վերլուծական, Վրաստան, Քաղաքականություն

Լրանում են ջավախահայության չարաբաստիկ «90 օրերը»

Հունիս 13, 2011թ. 16:35

VaheԱյսօր` հունիսի 13-ի առավոտյան, ՀՀ ՊԵԿ-ի Շիրակի տարածաշրջանային «Բավրա» սահմանային անցակետի աշխատակիցները Ջավախքի բնակիչ, Վրաստանի քաղաքացիություն ունեցող Ս. Շահինյանին արգելել են սեփական մեքենայով մտնել ՀՀ տարածք: Պատճառաբանությունը հետևյալն է. «Ապ ջան քո` սեփական մեքենայով ՀՀ-ում գտնվելու առավելագույն տարեկան ժակետը` 90 օրը, արդեն լրացել է, կամ գնա անձնագիրդ փոխի, կամ գնա ավտոդ մեկ ուրիշին «գենդավերնոստով» տուր, թող նա գա` դու էլ կողքը նստած, հիմա հետ դարձիր»:

ՀՀ ՊԵԿ-ի` տարեսկզբին ընդունած որոշման մասին, որով այլ երկրի քաղաքացիները, այս դեպքում նաև` Ջավախքի բնակչությունը, սեփական մեքենայով ՀՀ տարածքում կարող են գտնվել տարեկան առավելագույնը 90 օր, իսկ յուրաքանչյուր ՀՀ մուտք  գործելուց ՀՀ տարածքում կարող են գտնվել առավելագույնը 15 օր, բազմիցս անդրադարձել ենք:

Վերջերս հանրային հեռուստատեսության հաղորդումներից մեկի ժամանակ ՀՀ ՊԵԿ-ի տեղակալ Ա. Ալավերդյանն այս դժգոհությանը արձագանքեց` նշելով, որ «կյանքը սառած երևույթ չէ, մենք եթե տեսանք, որ այդ 90 օրը մարդկանց մոտ դժգոհություններ կառաջացնի, կվերանայենք մեր մոտեցումները»: Նշենք, որ այսօրվա դեպքը նախակարապետն է Ջավախք-ՀՀ հետագա անջրպետի հետագա խորացման:

Որ այս որոշումը ոչ միայն ջավախահայությանը բարոյազրկելու, ՀՀ-ից մեկուսացնելու անպատասխանատու քայլ էր, այլև` ՀՀ-ի տնտեսությանը մեծ վնաս, նույնպես անդրադարձել ենք: Քանի որ բացատրություն ուղղակի չկա այն հարցին, թե ինչ վնաս պետք է հասցնի ՀՀ-ի տարածքին այն օտարերկրացին (ջավաքցին), որն իր սեփական մեքենայով կուզենար իր մեկանգամյա մուտքով մնար ՀՀ-ում ոչ թե 15, այլ` 35 օր կամ տարվա կտրվածքով, օրինակ, 90-ի փոխարեն 100 օր: Իսկ ՀՀ կառավարության ներկայացուցիչներն արդարանում են, թե մենք հարցը լուծել ենք. որոշակի «շերտի» մարդիկ, ովքեր ցույց կտան աշխատանքային պայմանագրեր, ուսանողական տոմսեր և այլն, վերջիններս կարող են ավելի երկար մնալ ՀՀ-ում: Արդեն նշեցինք, որ ենթադրենք մարդ «ոչ մի բան է», տուրիստ է կամ պարզապես ՀՀ-ում է, հետևաբար` փող է ծախսում, ի՞նչ վնաս: Ինչո՞ւ է հայրենի կառավարությունն ստեղծում սատանա, հետո սկսում պայքարել դրա դեմ, իսկ ջավախահայությանը` ՀՀ թույլատրելու համար, ստիպված լինում վերջիններիս ենթարկելու կաստայական շերտավորման:

Հարցն առավել մտահոգիչ է դառնում, երբ հաշվի ենք առնում հետևյալը. ջավախահայթյունն, ինչպես արցախյան գոյապայքարում և հաղթանակում, այնպես էլ` հայոց երիտասարդ հանրապետության հիմնադրման ու կայացման գործընթացում իր անփոխարինելի լուման ունի` առավել, քան կառավարության մեջ ներկայումս իրերի բերումով գտնվող ներկայացուցիչների ծանրակշիռ մասը: Իսկ այն պարագայում, երբ ՀՀ-ն շրջափակող ջավախքյան նորակառույց ճանապարհներին այսօր զրնգում է թուրք-ադրբեջանական դափ ու զուռնան` հորթի հրճվանքով ծափ զարկելը, ջավախահայությանը մեկուսացնելը և բարոյազրկելը, նշանակում է, նժդեհյան բառերով ասված, լինել “իգացեալ”:

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ, «Միտք» վերլուծական կենտրոն

ArmAr.am


Դիտել Javakhq, Լրահոս, Ջավախք, Վերլուծական, Վրաստան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն