Գլխավոր » Լրահոս

Չինաստանում կառուցվող կաուչուկի հայ-չինական համատեղ ձեռնարկությունն արդեն գտնվում է գործարկման փուլում

Սեպտեմբեր 30, 2009թ. 15:30

Չինաստանում կառուցվող կաուչուկի հայ-չինական համատեղ ձեռնարկությունը ներկայումս գտնվում է գործարկման փուլում և ընթանում են սարքավորումների ամբողջական փորձարկումներ: Գործարկմանը մասնակցում են նաև հայ մասնագետներ: Ինչպես մեր թղթակցին հայտնեց «Նաիրիտ-2» գործարանի փոխտնօրեն Ալբերտ Սուքիասյանը, ամբողջական փորձարկումից հետո նախատեսվում է մինչև տարեվերջ գործարանը շահագործման հանձնել:

Շուրջ 100 հա տարածք զբաղեցնող գործարանի կառուցման ծրագրի ողջ արժեքը, Ա.Սուքիասյանի խոսքերով, ավելի քան 150 մլն ԱՄՆ դոլար է: Գործարանի 40%-ի բաժնետերը Հայաստանն է, 60%-ինը` Չինաստանը: Հայաստանի հիմնական ներդրումն այս ծրագրում մտավոր սեփականությունն է` կաուչուկի արտադրության նոր տեխնոլոգիաների առումով, որոնք ապահովում են արտադրության բարձր անվտանգություն և անթափոնություն: Ա. Սուքիասյանը կարևորում է, որ արտադրության ժամանակ կիրառվելու է նաև չինական հարուստ փորձը:

Ըստ Ա.Սուքիասյանի, ակնկալվում է, որ սկզբնական շրջանում գործարանը տարեկան կարտադրի շուրջ 30 հազար տոննա կաուչուկ: Գործարանի արտադրանքը հիմնականում կսպառվի Չինաստանում, որտեղ բավականին մեծ շուկա կա: «Այս գործարանի կառուցումից Հայաստանը մեծ հույսեր ունի: Կարծում եմ, որ մեր տնտեսության զարգացման վրա այն ևս էական ազդեցություն կունենա»,- ընդգծեց Ա.Սուքիասյանը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն