Գլխավոր » Javakhq, Լրահոս, Հոգևոր

Շարունակվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Ջավախք

Հունիս 15, 2011թ. 11:30

KՀունիսի 14-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, շարունակելով հովվապետական այցը Ջավախք, մեկնեց Ծուղրութ գյուղ, ուր Ս. Սիոն եկեղեցում պահվում է նշանավոր Ծուղրութի Ավետարանը: Ձեռագիր Ավետարանը համբուրելուց հետո Նորին Սրբությունը աղոթք բարձրացրեց Ջավախքի հայորդիների համար, ապա իր օրհնությունն ու պատգամը բերեց ներկա ծուղրութցիներին:
ՙՄենք փառք ենք տալիս Աստծուն, որ մեր զավակներն այսքան նախանձախնդիր են մեր Եկեղեցու նկատմամբ, իրենց հայրերի սուրբ հավատքի և ազգային մեր ժառանգության նկատմամբ և մայրենի լեզուն խնամում և գուրգուրում են, պահում ու պահպանում են իրենց զավակների շուրթերի վրա՚, – նշեց Հայոց Հայրապետը` մաղթելով ծուղրութցիներին շարունակել աստվածասեր ու ազգանվեր ընթացքը և ապրել որպես հայ ժողովրդի արժանավոր զավակներ:
Նույն օրը հայոց պատվիրակությունն այցելեց Վրաց Եկեղեցու Ախալցիխեի և Տաո-Կլարջեթիի թեմի առաջնորդարան, ապա Հայրապետական շքախումբն Ախալցիխեից ուղևորվեց Ախալքալաք:
Մինչ ժամանումը Ախալքալաք պատվիրակությունը կանգ առավ Ասպինձայի շրջկենտրոնում, ուր Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Համայն Վրաստանի Պատրիարքին դիմավորեցին շրջանային վարչության նախագահ Բեսո Բեքաուրին, Դամալա գյուղի համայնքապետ Գուրգեն Թումասյանը, Դամալայի հայ համայնքի և Ասպինձայի վրաց բնակչության ներկայացուցիչներ:
Շրջկենտրոնի հրապարակում հավաքված Ասպինձայի և Դամալայի հազարավոր բնակիչների հետ հանդիպման ընթացքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատմական այցը Ջավախք ողջունեց Իլիա Բ Վրաց Պատրիարքը։ Ապա Մայր Աթոռ Ս. Էջմիածնի օրհնությունը ներկա ժողովրդին փոխանցեց Վեհափառ Հայրապետը:
ՙԴեպի ձեզ եկանք գոհության աղոթքով, ուրախ սրտով, քաջալեր հոգով, և ահա տեսնում ենք հավատավոր ձեր հոգու խանդավառությունը, սերն ու հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ, որով համախմբվել եք այստեղ` դիմավորելու Հայոց և Վրաց Հայրապետներին՚, – ասաց Նորին Սրբությունը:
ՙՀավատքի կենարար ու շնորհաբաշխ զորությամբ մեր ժողովուրդը որտեղ էլ ապրել է, կառուցել ու արարել է, պահպանել է ու զարգացրել իր մշակույթը, ընթացել ժամանակին համաքայլ: Այս մասին վկայում է նաև ջավախահայոց պատմությունը, ձեր ընտանիքների պատմությունը՝ մեր Եկեղեցուն և հայրերի ժառանգությանը հավատարմության օրինակներով: Բազմաթիվ են մեր ժողովրդի բարեպաշտ, շնորհալի և մեծագործ զավակները, ովքեր ծնունդով Ջավախքից են և իրենց գործունեությամբ ավանդ ու վաստակ են բերել մեր եկեղեցական ու ազգային կյանքին, հինավուրց այս երկրի պաշտպանությանը, շենացմանն ու բարօրությանը: Այդ ոգին ու նվիրումը այսօր դուք, սիրելիներ, շարունակում եք ձեր եկեղեցասեր ու հայրենաշեն գործերով՚, – նշեց Վեհափառ Հայրապետը` մաղթելով հայորդիներին հաստատուն մնալ առ Քրիստոս հավատքի և հույսի մեջ, շենացնել Ջավախքը և հավատարիմ մնալ հայրենական սրբություններին ու հիշատակներին, ամենայն հայոց հոգևոր կենտրոնին` Սուրբ Էջմիածնին:
ՙՀավատում ենք, որ ձեր նախանձախնդրությամբ, մեր եկեղեցիների ու ժողովուրդների դարավոր բարեկամության ավանդներով պիտի հաղթահարվեն բոլոր խոչընդոտները, և դուք հոգևոր ու ազգային ձեր կյանքը շենացնելով, առ Տերը հավատով ու ապավինությամբ, որպես արժանավոր քաղաքացիները Վրաստանի, պիտի շարունակեք ձեր ավանդը բերել Վրաստանի առաջընթացին և մեր երկու ժողովուրդների ու երկրների բարի հարաբերություններին՚, – նշեց Նորին Սրբությունը` վերստին ուրախություն հայտնելով երկար սպասված այս հանդիպման առիթով:
ArmAr.am


Դիտել Javakhq, Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն