Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանեց Ախալքալաք

Հունիս 15, 2011թ. 11:49

Հունիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ուղեկցությամբ Համայն Վրաստանի Իլիա Բ Պատրիարքի, ժամանեց Ախալքալաք:
Քաղաքի մուտքին երկու Եկեղեցիների պետերին դիմավորեցին տեղական իշխանության մարմինների ներկայացուցիչները` գլխավորությամբ Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանի, Ախալքալաքի շրջանային վարչության նախագահ Նաիրի Իրիցյանի, Ախալքալաքի շրջանի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի, Ջավախքում առաջնորդական ընդհանուր փոխանորդ Տ. Բաբկեն աբեղա Սալբիյանը, Ախալքալաքի և Գումբուրդոյի առաջնորդ Նիկոլոզ միտրոպոլիտ Փաչուաշվիլին:
Ճաշակելով մատուցված աղ ու հացը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Վրաց Պատրիարքը ուղևորվեցին հայկական Ս. Խաչ եկեղեցի: Եկեղեցուն հարակից հրապարակում հավաքված հազարավոր հայորդիները դիմավորեցին իրենց Հայրապետին ազգային երաժշտությամբ, ծափողջույններով ու բարեմաղթանքներով: Օրհնելով ժողովրդին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Վրաց Պատրիարքն առաջնորդվեցին Ս. Խաչ եկեղեցի, ուր Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց գոհաբանական աղոթք: Ապա Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սրբալույս Մյուռոնով օծեց եկեղեցու բակում Ջավախք հովվապետական այցելության առիթով կանգնեցված խաչքարը:
Օծման արարողությունից հետո հրապարակում կառուցված բեմահարթակից երկու Եկեղեցիների պետերն օրհնության խոսքով դիմեցին ներկա ժողովրդին: ՙԱվելի քան մեկ դար է անցել այն օրերից, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Մկրտիչ Ա Վեհափառ Հայրապետն այցելեց սրբուհի Նունեի ոտնահետքերը կրող այս օրհնյալ երկրամասը` իր Հայրապետական օրհնությունը սփռելով հայության համընդհանուր ոգևորության ու ցնծության մթնոլորտում: Այսօր էլ Մենք երջանկությունն ունենք այցելելու Ջավախքի հավատավոր Մեր զավակներիդ և հայոց ոսկեղենիկ լեզվով դիմելու ձեզ, որով հայ հովիվները խոսել են Սուրբ Նունեի հետ, և փառաբանելու Աստծուն իր բոլոր շնորհների համար, փառաբանելու մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ այցելել է նաև հայ ու վրաց ժողովուրդներին, Իր Սուրբ Ավետարանով, Իր սրբերի վկայություններով հաստատել հավատքի մեջ, զորացրել ու շնորհազարդել արարումի մեջ և դարերի փորձությունների մեջ խնամել ու ապրեցրել փրկության հույսով: Դիմում ենք ձեզ նաև Մեր երջանկահիշատակ նախորդների փոխարեն, ովքեր ցանկանալով ցանկացան այցելել Ջավախք, սակայն հանգամանքները թույլատու չեղան՚,- ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: ՙԱյսօր, դուք, սիրելի զավակներ Մեր, Վրաստանի լիիրավ և արժանապատիվ քաղաքացիներն եք, ազատ ու անկախ Վրաստանի, քաղաքացիներն եք հավասար պարտականություններով ու հավասար իրավունքներով: Եվ այս իրողությունը նաև ձեր հզորությունն է, քանզի դուք` որպես հայ ժողովրդի անբաժանելի մաս, միաժամանակ կարևոր հատվածն եք վրաց բազմազգ ու բազմամշակույթ հայրենիքի՚, – նշեց Նորին Սրբությունը` հորդորելով ջավախահայությանն ամուր մնալ իրենց հավատքի մեջ, ամուր պահել իրենց ընտանիքները, կենսունակ` ազգային-մշակութային հաստատությունները, լուսավոր ու պայծառ` հայ ինքնության ակունքները` դպրոցներն ու եկեղեցիները: Խոսքի ավարտին Նորին Սրբությունը Ս. Խաչ եկեղեցուն նվիրեց Ս. Աստվածամոր պատկեր, իսկ Ջավախքի առաջնորդական ընդհանուր փոխանորդ Հայր Բաբկենի կուրծքը զարդարեց լանջախաչով` գնահատելով նրա նվիրյալ ծառայությունը:
Իր խոսքի ավարտին Իլիա Պատրիարքը ևս Ս. Գևորգի սրբապատկեր ընծայեց եկեղեցուն:
Այնուհետև Համայն Վրաստանի Պատրիարքը և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեցին Ս. Միքայել հրեշտակապետի վրացական եկեղեցի:
Նույն օրը երեկոյան Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետն այցելեց Ախալքալաքի թիվ 2 և թիվ 4 դպրոցները, ուր հանդիպումներ ունեցավ ուսուցիչների հետ, ինչպես նաև ներկա գտնվեց այցի առիթով կազմակերպված գեղարվեստական երեկոյին:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն