Նոր օրինագծեր Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ
Երեքշաբթի օրը ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական ու դեմոկրատ կոնգրեսականները միանգամից երկու օրինագիծ են ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Օրինագծերից մեկը, որ հեղինակել են Իլինոյսից ընտրված հանրապետական Ռոբերտ Դոլդն ու Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ Ադամ Շիֆը, կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահին ու կառավարությանը` ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Միացյալ Նահանգների բարոյական պարտավորությունն է հիշել նրանց, ովքեր այլեւս ի զորու չեն իրենց ձայնը բարձրացնել», – հայտարարել է օրինագծի հեղինակ Ռոբերտ Դոլդը` ընդգծելով. – «96 տարի առաջ 1.5 միլիոն մարդ սպանվել է պարզապես հայ լինելու համար: Մենք չպետք է անտեսենք այս սարսափեցնող ողբերգությունը. ավելին, որպես արդարության համար պայքարող երկիր` Միացյալ Նահանգները պետք է անկեղծորեն ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:
1915 թվականին տեղի ունեցած ողբերգությունը ճանաչելուց եւ դատապարտելուց բացի, օրինագիծը նաեւ կոչ է անում Միացյալ Նահանգների կառավարությանը դասեր քաղել դրանից` հետագայում մարդկության դեմ նման հանցագործությունները կանխելու համար:
«Պատմական փաստերը հստակ են, վավերագրված եւ քննարկման ենթակա չեն», – հայտարարել է օրինագծի մյուս համահեղինակ, հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆը եւ հավելել. – «Քանի դեռ ցեղասպանության մի քանի վերապրողներ մեր կողքին են, մեր հստակ, հրատապ ու բարոյական պարտավորությունն է` բացահայտ խոսել անցյալի այդ իրադարփձության մասին»:
Օրենսդիր մարմնում շրջանառության մեջ դրված հաջորդ օրինագիծը հորդորում է Թուրքիային հարգել քրիստոնյաների իրավունքներն ու վերադարձնել հայերից, ասորիներից, հույներից ու քրիստոնյա այլ համայնքներից բռնագրավված հարստությունը:
«Թուրքիան պետք է վերադարձնի քրիստոնեական եկեղեցիները, վանքերը, դպրոցները, հիվանդանոցները, սրբավայրերը եւ կրոնական մյուս սեփականությունները իրենց օրինական տերերին», – հայտարարում են օրինագծի հեղինակները` Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Էդ Ռոյսն ու նույն հանձնաժողովի նախկին նախագահ Հովարդ Բերմանը:
«Էրդողանի վարչակազմը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի ոչ միայն եկեղեցիների ժառանգությունը վերադարձնելու ուղղությամբ, այլեւ հնարավորություն տա քրիստոնյա փոքրամասնություններին ազատորեն կրոնական արարողություններ անցկացնել եւ հոգեւոր կրթություն ստանալ: Որեւէ խոսք չի կարող լինել ժողովրդավարության թուրքական մոդելի մասին, քանի դեռ տեղում շարունակվում են խտրականության դրսեւորումները քրիստոնյաների հանդեպ», – հայտարարել է Հովարդ Բերմանը: Այդ մասին տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը:
ArmAr.am












