ՎիվաՍել-ՄՏՍ-ը Գյուղի աջակցության հիմնադրամին հատկացրել է 25 մլն դրամ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ Արմավիրի և Արագածոտնի` կարկտահարությունից և տեղատարափ անձրևներից առավել տուժած գյուղացիներիական տնտեսություններին աջակցելու նպատակով հատկացվել է 25 մլն դրամ:
Գյուղատնտեսությունը Հայաստանում տնտեսության գերակա ճյուղ է և ՀՆԱ աճի ապահովման համար կարևորագույն ոլորտ: Ցավոք, մայիս-հունիս ամիսներին կարկտի և հորդառատ անձրևի տեսքով գրանցված հաճախակի տեղումները լուրջ վնաս են հասցրել Հայաստանի մի շարք գյուղական տնտեսություններին, մասնավորապես` Արմավիրի և Արագածոտնի մարզերում, ինչը կարող է հանգեցնել բերքի կորստի` վտանգելով գյուղացիների եկամտի աղբյուրը:
Կարկտահարության հետևանքները մեղմելու և տեղումներից առավել տուժած ֆերմերներին աջակցելու նպատակով, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը օգնության նպատակով դիմել էր Գործարարների միությանը, ՏՏ ոլորտի ձեռնարկություններին, բանկերին և մասնավոր ձեռնարկատերերին: ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն առաջինն արձագանքեց կոչին` նախարարության համակարգում ստեղծված Գյուղատնտեսության և գյուղի աջակցության հիմնադրամի միջոցով կատարելով 25 մլն դրամի նվիրատվություն:
Այս միջոցներով նախարարությունը ձեռք է բերել մշակաբույսերի և տնկարկների սերմեր: Բացի այդ, Արմավիրի մարզերում նաև կիրականացվի պղպեղի ցանք: Երկուշաբթի օրվանից սկսած` նախարարությունը դրանք բաշխում է վերոհիշյալ մարզերի` տեղումներից առավել շատ տուժած գյուղացիներին:
ArmAr.am












