Աղանդավոր ուսուցչուհին զբաղվել է հոգեորսությամբ
Մինչ ՀՀ-ում աղանդավորներն սկսել են նկատելիորեն ակտիվանալ, (ՙԵհովայի վկաների՚ հերթական «քաջագործությունը» ցույց տվեց, որ սրանք անցել են բոլոր սահմանները, այնքան լկտիացել, որ ներխուժում են հայոց եկեղեցի ու հենց պատարագի ժամանակ ձեռնամուխ լինում աղանդավորական քարոզչության իրականացմանը բաժանելով «ուղեղ լվացող» իրենց գույնզգույն գրքույկները), Արցախի Հանրապետությունում եկեղեցին ու պետությունը միասնաբար պայքարում են ազգակործան այդ ախտի դեմ:
Եթե Հայաստանում գրանցված աղանդավորական կազմակերպությունների թիվն այսօր անցնում է 7 տասնյակը, ապա Արցախում հաջողությամբ կասեցվում է երկրի օրենսդրությանը հակասող աղանդների գրանցումը: Ու չնայած այդ համառ ջանքերին, այդուհանդերձ, աղանդավորներն ամեն կերպ փորձում են իրենց սև գործն անել նաև Արցախում:
Այսպես, Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղի դպրոցի աղանդավոր ուսուցչուհին դասուսուցման ընթացքում զբաղվել է «Եհովայի վկաներ» աղանդի գաղափարները քարոզելով: Նրա «ջանքերն» իզուր չեն անցել. վերջինիս հաջողվում է դպրոցի 30 աշակերտներից 15-ին իր ցանցը գցել, դարձնելով հոգեորսության զոհ: Կարճ ժամանակ անց, սակայն, բացահայտվում է սույն փաստն ու դպրոցի տնօրենը աղանդավոր ուսուցչուհուն արդարացիորեն հեռացնում է աշխատանքից:
Ինչպես տեղեկացանք, «Եհվայի վկաներ» աղանդի քարոզիչը, կառույցի ղեկավարության հրահանգի համաձայն, այժմ դիմել է դատարան, պահանջելով վերականգնել իր «ոտնահարված» իրավունքները: Եվ դա այն դեպքում, երբ ինքն է ակնհայտորեն խախտել անչափահասների իրավունքները, քանի որ աշակերտներին աղանդի մեջ ներքաշելու փորձը կատարվել է առանց ծնողների իմացության ու համաձայնության. ծնողն երեխային դպրոց է ուղարկում գիտելիք ստանալու, այլ ոչ թե աղանդի զոհ դառնալու համար:
Աղանդավոր ուսուցչուհին չարաշահել է իր պարտականություններն և ուսումնական գործընթացն օգտագործել հոգեորսության նպատակով: Այս դեպքում աղանդավորական քարոզչության հանրային վտանգավորությունն առանձնապես մեծ է, քանի որ գործ ունենք անչափահասների հոգեկան ներաշխարհի վրա քայքայիչ աղանդի թողած վտանգավոր ազդեցության հետ: Մեր աղբյուրի փոխանցմամբ, գործն այժմ գտնվում է դատաքննական փուլում:
ArmAr.am












