ԼՂՀ վարչապետն անցկացրել է խորհրդակցություն գյուղատնտեսական խնդիրների շուրջ
Այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ` շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, կայացավ խորհրդակցություն, որտեղ քննարկվեցին գարու բերքահավաքի հետ կապված և ընթացիկ այլ հարցեր: Խորհրդակցությանը ներկա էին գյուղատնտեսության նախարար Ա. Ծատրյանը, <Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի> գլխավոր տնօրեն Վ. Բաղդասարյանը:
Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնոթւյան հետ կապերի վարչությունը:
Վարչապետը, նախ, հետաքրքրվեց Մարտունու և Ասկերանի շրջաններում երեկվա ուժեղ տեղումներից տուժած հողատարածքներով: Նա հանձնարարեց գյուղատնտեսության նախարարին ուսումնասիրություններ կատարելու համար ստեղծել հանձնաժողով: Ուսումնասիրության արդյունքների հիման վրա կձեռնարկվենտեղումներից ու բնական այլ աղետներից տուժած հողատարածքների սեփականատերերին օժանդակելու քայլեր:
Հակահրդեհային միջոցառումների, բերքահավաքի և ընթացիկ խնդիրների մասին տեղեկություններով հանդես եկան շրջվարչակազմերի ղեկավարները: Հերկի աշխատանքները հիմնականում ընթանում են նորմալ, գարու միջին բերքատվությունը հեկտարից 20 ցենտներից բարձր է: Վարչապետ Ա. Հարությունյանը, հաշվի առնելով եղանակային անկանխատեսելի պայմանները, հորդորեց աշխատանքները կազմակերպել արագ, առանց ժամանակ կորցնելու:<Երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է ավարտին հասցնել հունձը>,- հրահանգել է վարչապետը: Ա. Հարությունյանը կարևորեց նաև հնձից անմիջապես հետո հերկը, որը հողի ճիշտ մշակության առաջնային անհրաժեշտ պայմանն է: Վարչապետը շրջվարչակազմերի ղեկավարներից պահանջեց այն հողօգտագործողների ցուցակը, ովքեր կգործեն հողի մշակության պահանջներին համաձայն: Կառավարությունը մտադիր է այսուհետ համագործակցել միայն նրանց հետ:
Խորհրդակցությանը շոշափվեցին նաև սերմացուների ընտրության, ծղոտի հավաքման, գարու մշակության տարածքները հետագայում ընդլայնելու հարցեր:
ArmAr.am












