Գլխավոր » Լրահոս

Հանրային խորհրդի դիրքորոշումը կոռեկտ չէ

Սեպտեմբեր 30, 2009թ. 16:00

harutjunjan«Թուրքիան որոնման մեջ գտնվող հանցագործի կարգավիճակ ունի միջազգային հանրությունում, քանի որ եղել է և կա ցեղասպանի գեն ունեցող երկիր: Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելով` Թուրքիան փորձում է փոխել իր հանցագործի կարգավիճակը»: Այսպիսի կարծիք հայտնեց   «Հայացք» ակումբի այսօրվա հյուրը` «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Անդրադառնալով հայ- թուրքական նախաստորագրված արձանագրություններին` նա նշեց, որ  նախագահ Սերժ Սարգսյանի  կողմից այդ փաստաթղթի ստորագրումը բխում է մեր ազգային շահերից:  Բանախոսի կարծիքով հայտնի  արձանագրություններում լուրջ խնդիրներ կան` ինչպես մեր` հայերիս, այնպես էլ Թուրքիայի համար: Հայկական կողմի համար, Գագիկ Հարությունյանի ձևակերպմամբ,  «միակ զիջումը պատմական վիճելի հարցերի պարզաբանման նպատակով հանձնաժողովի ստեղծումն է»:

Որպես գործընթացի դրական կողմ, «Նորավանքի» տնօրենը մատնանշում է հայ –թուրքական սահմանի բացումը, ինչն ենթադրում է այլընտրանքային ճանապարհներ և տնտեսական առաջընթաց:

Թուրքայի հետ մեր հարաբերությունների կարգավորումը սեպ է խրում Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների միջև: «Դա բարձրացնում է մեր ազգային անվտանգության մակարդակը, քանի որ Ադրբեջանի ագրեսիվ ծրագրերը, մասնավորապես, ԼՂՀ-ի դեմ, միշտապես ընկալվել են,  որպես Թուրքիայի հետ  համատեղ ծրագրեր: Այստեղ մենք որոշակի քաղաքական դիվիդենտներ ունենք:»,-կարծիք հայտնեց  բանախոսը: Մեր հարևանները ունեն նաև ինքնության հաստատման խնդիր, քաղաքակրթության ոչ բավարար ռեսուրսների հարցը բարձրաձայնում են նաև եվրոպական տերությունները: Այսօր Թուրքիայում, ինչպես նշում է Գագիկ Հարությունյանը, որպես պաշտոնական դոկտրին, ընդունվում է Գյուլի դեկլարացիան`նոր օսմանիզմի գաղափարախոսությանը: Դա ենթադրում է ոչ ռազմական ճանապարհով բռնազավթել նոր տարածքներ, որտեղ Թուրքիան կունենա  լավ ինտեգրված բանկային,  տնտեսական, տեղեկատվական,  կապի և այլ կառույցներ: Այս բոլորով հանդերձ, բանախոսի դիտարկմամբ, մենք պետք է մտնենք մեզ առաջարկվող խաղի մեջ և փորձենք դրանից շահած դուրս գալ:

«Ես կուզենայի, որ այս արձանագրությունները չֆետիշացվեն: Եթե տարբեր երկրների կողմից առ այսօր կնքված բոլոր արձանագրությունները պահպանվեին, ապա մենք արդեն  տասնյակ դարեր կունենայինք շատ խաղաղ աշխարհ: Բոլոր համաձայնությունները շատ հեշտությամբ խախատվում են, եթե իրադրությունները դրան են հանգեցնում: »,-նշեց «Նորավանքի» տնօրենը:

Անդրադառնալով հայ -թուրքական հարաբերությունների շուրջ ծավալվող ներքաղաքական  քննարկումներին, Գագիկ Հարությունյանը նշեց, որ որպես օրինակ ՀՅԴ-ին և «Հանրապետականին» մատնանշելը ճիշտ չէ, որովհետև նրանք երկուսն էլ իրենց կուսակցական պարտքն են կատարում: Ինչ վերաբերում է հայ- թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ հանրային խորհրդի նախօրեին արված հայտարությանը,  ապա այն, ըստ Գ, Հարությունյանի, «կոռեկտ չէ, բոլոր դեպքերում պետք էր հարգել ընդդիմախոսների կարծիքը»:

Կարինե Մանուկյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն