Յաւերժ բանտարկեալը
Ստիպուած եմ երրորդ անգամ անդրադառնալ ի պաշտպանութիւն Արցախեան պատերազմի հերոս, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլեանի նկատմամբ մեր իշխանութիւնների դաժան, ոչ հայեցի, ապազգային կամայականութիւններին եւ իմ բողոքի ձայնը բարձրացնել: Որպէս հայ մտաւորական մեծ պարտքի զգացումով եմ լցուած ու չեմ կարող լռելեայն հաշտուել, համակերպուել Սեֆիլեան անհատի, նուիրեալ հայորդու, նրան բաժին ընկած դառը, ես կ’ասէի խեղուած ճակատագրի նկատմամբ:
Զարմանալի ազգ ենք ու զարմանալի ժամանակներ ենք ապրում. ականատեսը դառնում հազար ու մի անարդարութիւնների. ճչացող անարդարութիւնների…
Մի պահ թւում է, թէ կրկին Ստալինեան ժամանակներն են թեւածում Հայաստան երկրում ու մարդը զրկուած է ազատ խօսելու, իր բողոքի ձայնը բարձրաձայնելու, արդարութիւն պահանջելու իրաւունքից, այլապէս նրան կամ աքսորը, կամ էլ բանտախոցն է սպասում. ու շինծու մեղադրանքներ ինչքա՜ն ուզես, ինչպէս Ժիրայր Սեֆիլեանի պարագայում:
Դարձել է զոռ – անզօրի երկիր. Ո՞վ իրաւունք ունի իշխանութիւններին մի թթու, մի լեղի, մի կծու խօսք ասել, նրանց բաղչան քար գցել:
Մարդկանց լեզուն արմատից են կտրում, որ չփորձեն յանկարծ բարբառել, իրենց հակադարձել…
Հիմա էլ համաներու՞մ են շնորհում. մի կողմից դաղում են, միւս կողմից իւղում: Ու այսպէս դեմոկրատական, ժողովրդավարական պետութիւն ենք կառուցում զուտ Հայկական տարբերակով, որ անգամ Եւրոպան կը նախանձի մեր իշխանութիւնների աճպարարութեանն ու հնարամտութեանը:
Հարց է ծագում. մինեւ ե՞րբ է շարունակուելու իշխանութիւնների այս կամայականութիւնը, քանզի արդիւնքում դատարկւում է, հայաթափւում է Հայաստանը. ես այստեղ՝ Բրիւսէլում ականատեսն եմ այդ դաժան իրողութեանը, որ արտագաղթը գնալով նոր թափ է առնում, իսկ մեր՝ սփիւռքահայութեան տուն դարձի յոյսերը կամաց-կամաց մարում են այս ֆոնի վրայ:
Հարց է ծագում. ի՞նչ պատասխան պէտք է տանք սերունդներին, երբ անգամ մեր ազգի արժանաւոր զաւակներն չեն գնահատւում իշխանութիւնների կողմից, ազգի նուիրեալները իրենց կենդանութեան օրօք ենթարկւում են հազար ու մի փորձութիւնների, հետապնդումների, բանտարկութիւնների…
Մեր իշխանութիւնները չկարողացան ինչպէս հարկն է գնահատել նրանց մեծութիւնը. փառաբանել, ոգեւորել, երգեր ձօնել, կիսանդրիներ կառուցել, փողոցներ ու դպրոցներ անուանարկել նրանց անուններով… որ նրանց գնահատուած հայրենասիրութիւնը օրինակ ծառայի, դաս հանդիսանայ մեր աճող սերնդի համար, որ Աստուած մի արասցէ, եթէ մեր երկրին վտանգ սպառնայ, նորից հայ երիտասարդը կուրծքը բացած գնայ Հայրենիքը պաշտպանելու:
Պէտք է անպայման մահացա՞ծ լինէին, որ երկրպագուէին, իսկ եթէ կենդանի են մնացել՝ յաջորդ սերունդների՞ն է վերապահուած նրանց անյայտութիւնից փրկելու առաքելութիւնը: Ի՞նչ պէտք է պատասխան տանք սերունդներին, ի՞նչ…
Կենդանի հերոսը՝ Ժիրայր Սեֆիլեանը, որին բաժին ընկաւ դաժան ճակատագիր՝ մեր իշխանութիւնների կողմից ոչ միայն չգնահատուեցին հայրենապաշտ, ազգանուէր երիտասարդի հերոսութիւնները, (միայն հէնց այն, որ հայրենիքի օրհասական օրերին թողեց իր փափուկ կեանքը եւ կանգնեց հայրենիքի պաշտպանութեան առաջին դիրքերում) այլ դարձաւ հետապնդման զոհ. երկրորդ նախագահի օրօք. 2006թ. Դեկտեմբերի 9-ին նա ձերբակալուեց յայտնի 301 յօդուածով (բռնութեան կոչ), իսկ ձերբակալութիւնից յետոյ մեղադրանք ներկայացուեց ապօրինի զէնք, զինամթերք պահելու մեղադրանքով. զէնք, որը 1997 թուականին նուիրել էր Արցախի բանակի հրամանատար Սամուել Բաբայեանը:
Դատարանը չկարողանալով հիմնաւորել երկու փաստարկները (զէնք զինամթերք), բայց այնուամենայնիւ վճռեց դատապարտել 1,5 տարի ազատազրկման, ապօրինի զինամթերք՝ փամփուշտ պահելու մեղադրանքով, այն դէպքում, երբ մեր երկրում մինչ օրս փամփուշտի մասին որեւէ օրէնք չունենք ընդունուած:
Հակառակ բազմաթիւ միջնորդութիւնների Ժիրայր Սեֆիլեանը ազատազրկման մէջ մնաց ուղիղ 1,5 տարի՝ կրելով պատժաչափի մինչեւ վերջին րոպէն:
Պատիժը կրելուց յետոյ դարձեալ շարունակուեցին հետապնդումները. ե’ւ երկրորդ, ե’ւ գործող նախագահ Սերժ Սարգսեանի կողմից բազմիցս մերժուեցին Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութիւն ստանալու նրա դիմում խնդրանքները:
Մարդկային նորմալ տրամաբանութեան մէջ չի տեղաւորուում. Արցախի հերոս տիտղոսին արժանացած Սեֆիլեանին Արցախի քաղաքացիութիւն ստանալու դիմումին ընդհանրապէս չարձագանգեց Արցախի նախագահ Արկադի Ղուկասեանը, իսկ Բակօ Սահակեանը պատճառաբանեց, թէ Արցախի Ազգային Ժողովը դեռ չի ընդունել օրէնք երկքաղաքացիութեան մասին, այդ իսկ պատճառով չի կարող բաւարարել քաղաքացիութիւն ստանալու նրա խնդրանքը: Ի՞նչ է ստացւում. սփիւռքահայութիւնը իրաւունք չունի՞ մշտական բնակութիւն հաստատել մայր հայրենիքում, Արցախում: Յետոյ էլ Արցախում բնակչութեան թուաքանակի ա՞ճ ենք երազում: Թէ՞ սա զուտ պատճառաբանութիւն էր, դեմագոգիա Սեֆիլեանի դիմումի մերժումն արդարացնող:
Մարդ չգիտէ, լայ՞, թէ՞ խնդայ:
Ամենազաւեշտալին այն է, որ Շուշիի քաղաքապետը Սեֆիլեանին մերժեց շնորհել Շուշիի պատուաւոր քաղաքացիի կոչում՝ պատճառաբանելով, որ այդ կոչումը տրւում է միայն քաղաքի համար բարեգործութիւն անողներին. ստացւում է քաղաքը ազատագրելը այդքան էլ «բարի գործ» չէ։ Ահա թէ ովքեր են վճռում հերոսի եւ արժանապատիւ հայորդու հայրենիքում քաղաքացի լինելու ճակատագիրը։
Իսկ Սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանին ուղղուած բազմաթիւ դիմում խնդրագրեր՝ միջնորդութեամբ հանդէս գալու, որ Սեֆիլեանը Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութիւն ստանայ՝ ապարդիւն յոյսեր էին. անպատասխան մնացին… Այս ֆոնի վրայ դեռ սփիւռքահայութեանը տուն կանչող «ԱՐԻ ՏՈՒՆ» ծրագիր են մշակում, երբ անարդարութեան լաբիւրինթոսում խճճուած Հայաստանցին այսօր փախչում է հայրենիքից, (ինչպէս եւ տողերիս հեղինակը) գոյատեւման փրկութիւն փնտռում օտար ափերում: Երբ նախարար տիկին Հրանոյշ Յակոբեանը հպարտանում է իր «Արի տուն» ծրագրով, որի շնորհից հազարից մի մարդ է յաջողւում վերադարձնել Հայրենք, այն դէպքում, երբ հոգ չէ, թէ հազարից հարիւրը Հայրենիքից փախչում է, այո, բառիս բուն իմաստով փախչում է…
քանզի ապագայ չեն տեսնում ոչ իրենց, ոչ էլ իրենց երեխաների համար:
Ինչու՞ է նախագահ Սերժ Սարգսեանին ու տիկին Հրանոյշ Յակոբեանին թւում, որ Սեֆիլեանի առաջ իշխանութիւնների կառուցած պատնէշը վրիպում է սփիւռքահայութեան աչքից ու անտարբեր է նրա ճակատագրի նկատմանբ:
Իսկ Ժիրայր Սեֆիլեանի նման անկոտրում կամք ունեցող հայրենապաշտ հայորդին դեռ պայքարում է յանուն արդարութեան, յանուն իր իրաւունքների՝ մայր հայրենիքում ապրելու եւ արարելու…
Այս օրերին, երբ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան հռչակագրի 20- ամեակի առիթով, յուրախութիւն մեզ, համաներում շնորհուեց 396 բանտարկեալների, ու ներքաղաքական մթնոլորտի լարուածութիւնը բաւականին թուլացաւ, շատ այլախոհներ ազատ արձակուեցին, սակայն այդպէս էլ Ժիրայր Սեֆիլեանի քաղաքացիութեան հարցն իր լուծումը չստացաւ ու նա մնաց իր երկրում յաւէրժ բանտարկեալ:
Կարծում եմ հասունացել է պահը, որ մեր իշխանութիւնները սթափ մտածեն, ցուցաբերեն բարի կամք եւ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութիւն շնորհեն Ժիրայր Սեֆիլեանին. այս հայրենապաշտ երիտասարդն արժանի է իր գրպանում կրելու Հայաստանի Հանրապետութեան քաղաքացու անձնագիրը. նա վաստակել է այդ իրաւունքը:
Սոնա ԱՐՇՈՒՆԵՑԻ , Բրիւսէլ
ArmAr.am












