Թուրքիայի դիւանագիտական բլէֆը՝ սիրիական խաղաքարտով
Վերջին երեք ամիսների ընթացքում Սիրիայի կառավարութեան դէմ ծաւալւած ժողովրդական զանգւածային մեծ ըմբոստութիւնը, իր ձեւով ու բովանդակութեամբ, եթէ ընդունենք, որ շատ նման է Արաբական աշխարհում ծայր առած հասարակական բաց համակարգ ստեղծելու եւ ժողովրդավարական կարգեր հաստատելու յեղափոխութիւններին, սակայն Սիրիայի իշխանութիւնների կողմից կիրառւած լրատւական խիստ սահմանափակումների եւ անվտանգութեան ուժերի հսկողութեան բերումով՝ Սիրիայի ժողովրդի ապստամբութեան ընթացքի եւ նրա վերջին զարգացումների մասին սակաւ ու հակասական տեղեկատւութիւն է հրապարակւում աշխարհի պաշտօնական լրատւամիջոցներում: Սակայն, դիւանագիտական շփումների, ապստամբութեանը մասնակցող հասարակութեան ինտերնետային հրապարակումների եւ տարածաշրջանի լրտաւական որոշ գործակալութիւնների հաղորդումների հիման վրայ, նաեւ Միջին Արեւելքում տիրող շիկացած ընդհանուր մթնոլորտի դրոյթից ելնելով՝ կարելի է ենթադրել, թէ Սիրիայում ընթացող իրադարձութիւնները գնալով աւելի բարդ ու անկանխատեսելի վտանգներով լիցքաւորւած բնոյթ են ստացել:
Նկատի առնելով, որ վերջին օրերում Սիրիայի իշխանութիւնները ժողովրդի ապստամբութիւնը ճնշելու համար՝ արդէն դիմել են զինւորական ուժի կիրառման միջոցի եւ ստացւած տեղեկութիւնների համաձայն՝ տեղի են ունեցել ժողովրդի նկատմամբ բիրտ ու կոպիտ արարքներ, ուստի՝ պէտք է ընդունել, որ Սիրիայի իրադարձութիւնները շուտով մտնելու են տարածաշրջանային տագնապների լուծման հարցով միջազգային ուժերի միջամտութեան պահանջի հունի մէջ:
Որպէս հաստատում՝ կարելի է նշել, որ այս քայլին դիմելու նախանշաններն արդէն դրսեւորել են Թուրքիայի նախաձեռնութեամբ կայացած Անթալիայի նիստում, որտեղ Սիրիայի իշխանութեան ընդդիմութեան ուժերի ներկայացուցիչները հաւաքւելով միմեանց շուրջ՝ հնչեցրին իրենց քաղաքական մտադրութիւնները՝ Բաշշար Ասադին եւ նրա վարչակարգին իշխանութիւնից հեռացնելու մասին: Ակնյայտ է, որ նման զարգացումը կասկած չի յարուցում Անկարայի քաղաքական նպատակների ու Սիրիայի ներքին հարցերին միջամտելու մտադրութիւնների մասին:
Արդէն յայտնի է, որ Միջին Արեւելքում եւ յատկապէս Սիրիայում տիրող քաղաքական-հասարակական զգայուն իրադրութեան առկայութեան պայմաններում տարածաշրջանի անվտանգութեան հարցերին միջամտութեան ցանկութիւնը դրւած է Թուրքիայի վարչակարգի արտաքին յարաբերութիւնների օրակարգում:
Ինչպէս նկատւում է, Սիրիայի իրադարձութիւնները ոչ միայն Անկարայի ուշադրութեան կենտրոնում են յայտնւել, այլեւ՝ Թեհրանում նաեւ քաղաքական այրերն ու վերլուծաբանները ամենայն բծախնդրութեամբ հետամուտ են դէպքերի զարգացմանն ու փոփոխութիւններին:
Ինչ վերաբերում է Բաշշար Ասադի եւ Սիրիայի Ալաւի-Բաասական կուսակցութեան վարչակարգին, կարելի է ենթադրել, թէ վերջիններիս վիճակը գնալով դարձել է առաւել խոցելի. յատկապէս, երբ նկատի առնենք, որ Արեւմտեան հանրութիւնը, ի մասնաւորի Իսրայէլը ակտուալ բացասական դիրքորոշում են ընդունել Սիրիայի իշխանութեան դէմ:
Տւեալ իրավիճակում, որպէս վաղեմի դաշնակից պետութիւն, մեծանում է Իրանի մտահոգութիւնը, բարեկամ երկիր՝ Սիրիայի կառավարութեան թուլացման որոշ ջանքերի նկատմամբ: Այս առումով, ինչպէս նկատում են որոշ վերլուծաբաններ, Սիրիայի հարցով Թեհրան-Անկարա քաղաքական յարաբերութիւնները որոշակիօրէն սառել են:
Մի կողմից Սիրիան Միջին Արեւելքի տարածաշրջանում որպէս Իրանի Իսլամական Հանրապետութեան ռազմավարական դաշնակից է համարւում, իսկ միւս կողմից՝ Արաբական աշխարհի հասարակայնութեան մօտ Դամասկոսն արդէն կէս դարից աւել ընդունւած է, որպէս հակաիսրայէլական ճամբարի դիմադրողական խարիսխ եւ Պաղեստինի իրաւազրկւած ժողովրդի ամուր պաշտպան: Այս հանգամանքները բացառիկ դեր ու նշանակութիւն են հաղորդել Սիրիայի կառավարութեան՝ թէ՛ նրա բարեկամների, եւ թէ՛ թշնամիների մօտ:
Չնայած Թեհրանի կողմից բազմիցս յայտարարւած այն կոչերին, որ Թեհրան-Անկարա յարաբերութիւններն ունեն ռազմավարական եւ բարեկամական անքակտելի բնոյթ, սակայն Իսրայէլի հետ անվտանգութեան հարցերի հաւասարակշռման ձեւակերպումների խնդրում Սիրիայի հետ դաշնակցութիւնը Թեհրանի համար ունի առաջնային աւելի մեծ կարեւորութիւն:
Ուստիեւ՝ գաղտնիք չէ, որ Թեհրան-Անկարա յարաբերութիւնները խորքում հիմնւած են տարածաշրջանային ռազմավարական մրցակցութեան, իսկ միւս կողմից՝ տնտեսական հաշւենկատ եւ փոխշահաւէտ համագործակցութեան հիմքերի վրայ:
Միջին Արեւելքի տարածաշրջանի վերջին զարգացումները վկայում են, որ շուտով հասարակական ըմբոստութիւններով բռնկւած երկրներում տեղի են ունենալու լուրջ իշխանական փոփոխութիւններ, որոնցից, անշուշտ, զերծ չի մնալու նաեւ Սիրիան: Այս երեւոյթը, անկասկած, ազդելու է յատկապէս տարածաշրջանի երեք խոշոր եւ ազդեցիկ տէրութիւնների՝ Սաուդական Արաբիայի, Թուրքիայի եւ Իրանի ռազմավարական նոր հաշւեկշիռների ձեւաւորման վրայ:
Դրա հետ մէկտեղ՝ մեծանում է նաեւ համաշխարհային խոշոր տէրութիւնների՝ ԱՄՆ-ի, Անգլիայի եւ Ռուսաստանի շահագրգռւածութիւնը Սիրիայի ներքին հարցերին միջամտելու եւ յեղափոխութեան ընթացքն ի շահ իրենց փոխելու գործում: Այս իմաստով՝ բոլոր կողմերի միջեւ մրցակցութիւնն ակտիւացել է վերջին օրերում, երբ Սիրիայի կառավարութիւն – ընդդիմութիւն պայքարն ստացել է պատերազական կերպարանք:
Տւեալ իրավիճակում Թուրքիայի վարչակարգն սկզբնական շրջանում փորձ արեց անկողմնակալ կեցւածք ընդունելով՝ կողմերին հրաւիրել իբր հաշտութեան եւ համաձայնութեան ելքեր որոնելու մարտավարութեան, սակայն ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ազդեցութեան տակ միանգամայն շրջադարձ կատարելով իր նախկին հաշտասիրական յորդորներից, յատկապէս մօտենալով Թուրքիայի խորհրդարանական ընտրութիւնների սեմին, Սիրիայի հարցը դարձաւ թուրք դիւանագէտների քաղաքական եւ քարոզչական շահարկման առարկայ: Նման
երկդիմի եւ արեւմտամէտ դիմադարձը չի կարող աննկատ մնալ իրանցի դիւանագէտների եւ վերլուծաբանների տեսադաշտից:
Գաղտնիք չէ, որ Իրանը նպատակ ունի շիա կրօնակից եղբայրակցական միութիւն ստեղծել իր մերձակայ երկրներում, այդպիսով խորացնել իր բարոյական ազդեցութիւնը՝ Իսլամական աշխարհում, միաժամանակ հակակշռել արեւմտաիսրայէլական նկրտումները՝ Միջին Արեւելքի տարածաշրջանում: Գիտակցելով, Իրանի տարածաշրջանային ուժ դառնալու ձգտումների էութիւնը՝ ԱՄՆ-ն եւ Իսրայէլը փորձում են բոլոր միջոցներով կանխել Իրանի նպատակները եւ վերջնիս զրկել տարածաշրջանային դաշնակիցների պահպանման կամ նոր բարեկամներ շահելու հնարաւորութիւնից: Այդ առումով՝ ԱՄՆ-ն ջանում է ստեղծւած դրութիւնից օգտւելով՝ իր գործընկեր Թուրքիայի միջոցով Միջին Արեւելքի տարածաշրջանի վրայ վերահսկողութիւն հաստատել, իսկ Իրանի աւանդական դաշնակից Լիբանանի եւ Սիրիայի իշխանութիւններին հասցնել լիակատար հնազանդութեան վիճակի, երբ իշխանափոխութեան նախաձեռնութիւնը յաջողութեամբ աւարտւի: Նկատենք, որ ԱՄՆ-ի եւ Իսրայէլի այս ձգտումները պահանջում են նոր իրավիճակի հաստատում՝ տարածաշրջանային թշնամի կամ մրցակից երկրներում, որի արդիւնքում՝ կարող են կազմալուծւել հակաիսրայէլական կրօնական-գաղափարական դիմադրող խմբակցութիւնները եւ փշրել նրանց հովանաւորող պետութիւնների միասնական ճակատը, որոնց թւում են՝ Իրանը եւ Սիրիան: Դրա համար ԱՄՆ-ի կողմից նոր յանձնարարութիւն է տրւած Թուրքիայի «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան իշխող ղեկավարութեանը, որը հէնց օրերս օգտւելով իր հարեւան Սիրիայի ներքին զարգացումներից՝ կարողացաւ արտաքին քաղաքականութեան ոլորտում կեղծ վարկանիշ շահելով՝ երկրի ներքին ճակատում խորհրդարանական ընտրութիւններում փայլուն եւ աննախադէպ յաղթանակ շահել:
Արդիւնքում՝ նախատեսւում է Թուրքիայի «Նորօսմանական» դիւանագիտական տեսութեան մարմաջով տարւած վերնախաւը, իր մեկնարկած քաղաքական խաղարկութեան մէջ, շուտ թէ ուշ, թոյլ տւած մարտավարական փոքրիկ սխալների անխուսափելիութեան պատճառով, վերջիվերջոյ, հաշւետւութեան ծանր գին վճարի տարածաշրջանի միւս ուժերին:
Այսպէս՝ կարծէք թէ միշտ չէ, որ լուսինը արտացոլում է արեւի փայլը, երբեմն էլ բնագիտական օրէնքների համաձայն՝ լուսինը խաւարում է արեւի փայլը:
Սահակ ՇԱՀՄՈՒՐԱԴԵԱՆ
ArmAr.am












