Ս. Սաֆարյան. Նախագահի ելույթը հաջողված չի կարելի համարել
Ստրասբուրգյան ամբիոնը պետք է ճիշտ օգտագործվի: Նախագահի ելույթը այն տպավորությունը թողեց, որ նրա ելույթը երեք տարբեր մարդիկ են կազմել, մեկը գրել է առաջին էջը, մյուսը գրել է երկրորդ էջը և երրորդը գրել է մյուս հատվածները»,-ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը` մեկնաբանելով Հայաստանի նախագահի երեկվա ելույթը ԵԽԽՎ լիագումար նիստում:
Սաֆարյանը նշեց, որ նախագահի ելույթում Հայաստանի ապագայի տեսլականի մասը նորմալ էր շարադրված, կային լավատեսական արտահայտություններ: Ինչ վերաբերում է ելույթի երկրորդ հատվածին` Հայաստանում կատարվող բարեփոխումների ներկայացմանը, պատգամավորին դա զայրացրել է: «Ելույթի երկրորդ մասը ուղղակի զայրացնում է` խնամքով շրջանցված փաստերի առումով: Այն բարեփոխումների մասին հաշվետվությունը, որը ներկայացվեց, մեղմ ասած, զավեշտալի է»,- նշեց նա` մանրամասնելով. «Օրինակ, ասել, որ երթեր, ցույցեր և հանրահավաքներ կազմակերպելու օրենքի նախագիծը հենվել է արտոնելու մոտեցման վրա, ուղղակի նշանակում է՝ կեղծել ներկան, քանի որ այդ օրենքի ցանկացած կարդացող այնտեղ կտեսնի բազմաթիվ մեխանիզմներ, որոնք պատահական չեն այնտեղ տեղ գտել և ցանկացած պահի կարող են տալ հնարավորություն` արգելել հանրահավաքները: Երանգները, որոնցով ներկայացված էին բարեփոխումները, չափազանված են և լսողին կարող է թվալ, թե ինչպիսի դրախտային երկիր է դառնում Հայաստանը և ինչպիսի հսկայական տեմպերով է առաջ շարժվում»:
Սերժ Սարգսյանի ելույթի արտաքին քաղաքականությանը նվիրված հատվածում, Սաֆարյանի խոսքով, կային իր համար «մի քանի հոգահարազատ ձևակերպումներ», սակայն, միևնույնն է, խորհրդարանական ընդդիմության ղեկավարը զայրացել է, որ ԵԵԽՎ ամբիոնից չի հնչել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձևակերպումը կամ այդ ամբիոնից հռետորական հարց է հնչեցվել, թե երբ է Եվրոպան զբաղվելու Ղարաբաղով: «Մինչդեռ նախագահը պետք է հստակ ասեր, թե ինչ հետևանքներ կունենա Եվրոպայի հապաղումը: Այսինքն` մտքեր կան, որ պետք է ավելի ճիշտ, հասցեական ու իմպերատիվ ձևակերպում ստանային»,- նշեց Սաֆարյանը:
ԱԺ «Ժառանգության» ղեկավարը շեշտեց, որ եթե անգամ այդ ելույթը վատը չհամարի, հաջողված էլ չի կարող համարել: «Որովհետև ես չեմ տեսնում կոնցեպցիա, ես տեսնում եմ ընդամենը ինքնաարդարացում, քննադատություն այլ հասցեատերերի և չեմ տեսնում լուծումներ ու ադեկվատ գնահատականներ իրավիճակին»,- եզրափակեց Սաֆարյանը:












