Գլխավոր » Hay-turq, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Վարդան Օսկանյանի արձագանքը ՀՀ նախագահի Ստրասբուրգի ելույթին

Հունիս 23, 2011թ. 18:55

OskanyanԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Հանրապետության նախագահի ելույթում, հատկապես հարց ու պատասխանի մասում, կային մի քանի ոչ ճիշտ ներկայացված արտահայտություններ: Բայց դրանցից երեքը, կարծում եմ, պետք է ինչ-որ ձևով հերքվեն իշխանությունների կողմից:

Առաջին` ներկայացնել, որ Հայաստանն առ այսօր չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որովհետև ընդունում է տարածքային ամբողջականության սկզբունքը, ակնհայտորեն Հայաստանի նախորդ քսան տարիների՝ ներառյալ Սերժ Սարգսյանի երեք տարիների դիրքորոշման ոչ ճիշտ ներկայացումն է:

Երկու տասնամյակ Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպեսզի կանխորոշած չլինի բանակցային գործընթացի ելքը: Այն պահին, երբ Ադրբեջանը դուրս գա բանակցություններից կամ փորձի հարցը լուծել ուժով, Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Սա՛ է եղել Հայաստանի Հանրապետության երեք վարչակարգերի քաղաքականությունը: Նախագահի մեկնաբանությունը ճշգրտման կարիք ունի, հատկապես որովհետև նրա հիմնական ելույթում նույնպես չկա որևէ արտահայտություն, որ կարտացոլեր պաշտոնական դիրքորոշումը:
Երկրորդ` ուժի չօգտագործման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները, որոնք նախագահը ներկայացրեց որպես Մադրիդյան սկզբունքներ, իրականում հանդիսանում են Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները և ծառայում են որպես ուղենիշ ցանկացած հակամարտության համար` ներառյալ ղարաբաղյանը: Տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման համար յուրահատուկ սկզբունքներ են մշակվել, որոնք թվով երեքից ավելի են: Դրանք ճանաչվել են որպես Մադրիդյան սկզբունքներ: Որքան ինձ հայտնի է, նույնիսկ եթե Մադրիդյան փաստաթուղթը ձևափոխվել է, սկզբունքները նույնն են մնացել: Եվ Մադրիդյան սկզբունքներից առաջինն էլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է:

Երրորդ` երկու ռազմական հաղթանակներից հետո հայերը հավատարիմ են բանակցային գործընթացին, որովհետև հավատում են, որ չկա՛ ռազմական լուծում այս հակամարտությանը, և ո՛չ որովհետև ադրբեջանական կողմն ինչ-որ առավելություններ ունի մեր նկատմամբ:

Հայերի նպատակը խաղաղ կարգավորումն է, որը հիմնված կլինի հաստատուն և տևական սկզբունքների վրա: Կազանի նախօրեին հայկական դիրքորոշումը պետք է հստակորեն ճշգրտվի։ Այս պայքարը միշտ եղել և մնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման պայքար:

ArmAr.am


Դիտել Hay-turq, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն