Սադրո՞ւմ են
Օրերս, այսպես կոչվող, «Ադրբեջանահայերի ասամբլեա» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը հանդես եկավ բաց նամակ-հայտարարությամբ: Նամակում խոսելով «ադրբեջանահայ վտարանդի համայնքի» անունից, կազմակերպությունը դատապարտեց «որոշ նախկին հայ գործիչների» ադրբեջանահայ համայնքի ներքին գործերին միջամտելն ու փախստականների հիմնախնդիրը «հանուն սեփական մահացած քաղաքական կարիերայի վերակենդանացման» օգտագործելը: Հայտարարության հեղինակները վստահեցնում են, որ բացի իրենցից «ադրբեջանահայերի մեկ այլ շարժում» գոյություն չունի, միակն ու լեգիտիմն իրենք են: Տարբեր որակումներով` «ինքնակոչ», «գրագող», համեմված հայտարարության սլաքն ուղղված է Ադրբեջանահայության համագումարին, իսկ նպատակը վերջինիս գործունեությունը կասկածի տակ դնելն ու այն, իրենց իսկ խոսքով, ոչ լեգիտիմ հայտարարելն է:
Միանգամից ասենք, որ տարածված հայտարությունից լավ «հոտ» չի գալիս: Ավելին, նշմարելի է ադրբեջանահայության միասնական ճակատի մեջ սեպ խրելու վտանգավոր միտումը:
Ադրբեջանահայության համագումարը, որ ստեղծվել է ընդամենը մեկ տարի առաջ, այսօր բավական ակտիվ գործունեություն է իրականացնում: Ինչպես հայտնի է, Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, մասնավորապես, արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում թույլ տրված լրջագույն բացթողումներից մեկը հայ փախստականների հիմնախնդրի անտեսումն է: Փորձելով լրացնել հայկական դիվանագիտության «պասսիվության» հետևանքով թույլ տրված բացը, Ադրբեջանահայության Համագումարը հանդես է գալիս միջազգային կազմակերպություններին ուղղված բազմաթիվ հայտարություններով, հրավիրվում են համագումարներ:
Կազանում կայանալիք եռակողմ հանդիպումից առաջ համանախագահող երկրներին ուղղված հայտարարության մեջ խոսելով փախստականների հայրենադարձության իրավունքի մասին Համագումարը գերտերություններին հիշեցրեց, որ Ժողովուրդների իրավունքները վեր են կառավարությունների շահերից: Իսկ ՄԱԿ-ի և շահագրգիռ այլ միջազգային համապատասխան կառույցներից պահանջեց լուրջ և համակողմանի հետաքննություն իրականացնել հայ փախստականների նկատմամբ իրականացված հանցագործությունների փաստերի և հանգամանքների շուրջ:
Եվ այսօր, երբ Ադրբեջանահայության Համագումարը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնել Արևելյան Անդրկովկասի բնիկ ժողովրդի` հայերի ոտնահարված իրավունքների վրա, Ադրբեջանի կողմից հայության դեմ իրականացված ցեղասպանության, տեղահանության փաստերին, հանկարծ շրջանառության մեջ է դրվում մի հայտարարություն, որի բովանդակությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս:
Սա փաստում է այն մասին, որ ադրբեջանահայության համախմբումն ու տարածաշրջանում ի նպաստ հայության հզոր քաղաքական գործոն դառնալուն միտված ադրբեջանահայերի ջանքերը դուրս են թե’ արտաքին, թե’ ներքին որոշ ուժերի սցենարներից: Հետևապես, փորձ է արվում նման էժանագին հայտարարություններով ոչ միայն ստվերել, այլև խոչընդոտել վերջինիս օրեցօր ակտիվացող գործունեությունը:
Սակայն մի բան հստակ է, ի հեճուկս դրսի ու ներսի սադրիչների Արևելյան Անդրկովկասի հայերը (իմա` ադրբեջանահայություն) համախմբված լինելով Ադրբեջանահայության Համագումարի շուրջը վճռական են իրենց պայքարը շարունակելու գործում:
Արմինե Սիմոնյան
ArmAr.am, «Իրատես de facto»
Թեգեր` «Ադրբեջանահայերի ասամբլեա», Ադրբեջանահայության համագումար












