Գլխավոր » Լրահոս, Հոգևոր, Վրաստան

Հայ առաքելական եկեղեցուն Վրաստանում կտրվի իրավաբանական կարգավիճա՞կ

Հուլիս 2, 2011թ. 18:29

Վրաստանի խորհրդարանն ուրբաթ օրվա արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ փոփոխություններ է ընդունել երկրի Քաղաքացիական օրենսգրքում, որոնցով «հրապարակային իրավունքով իրավավաբանական անձի կարգավիճակ է շնորհվում կրոնական հինգ միավորումների». հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» պարբերականը:

Փոփոխություններն ընդունվելու դեպքում այդպիսի կարգավիճակ կստանան Վրաստանում՝ հայ եկեղեցին, հռոմեական կաթոլիկ եկեղեցին, մուսուլմանական, հրեական և բապտիստական համայնքները:

Քննարկման ժամանակ նախագծին դեմ է արտահայտվել Վրաստանի խորհրդարանի «Քրիստոնյա դեմոկրատներ» ընդդիմադիր խմբակցությունը, որի անդամ Նիկոլոզ Լալիաշվիլին ասել է. « Վրաց եկեղեցին նույնանման կարգավիճակ չունի…Մենք պետք է հասկանանք, պատրաստվու՞մ են արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը նույնպիսի կարգավիճակ տալ վրաց եկեղեցուն, որպեսզի սա չստացվի միակողմանի ձեռքմեկնում»:
Իշխանության ներկայացուցիչներն ի պատասխան այս հարցադրման վստահեցրել են, որ այդ փոփոխություններով ամենևին չի նսեմանում վրաց ուղղափառ եկեղեցու դերը:

Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն և փոխնախագահ Գիգի Ծերեթելին բացատրել են, որ իրավաբանական անձի կարգավիճակի շնորհումն արտոնյալ իրավունքներ չի նախատեսում, և վրաց եկեղեցին պահպանում է իր բարձրագույն կարգավիճակը:

«Նովոստի-Գրուզիան» բացատրում է, թե «Հրապարակային իրավունքով իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող» նշանակում է՝ կազմակերպություն, որը պետության վերահսկողությունից անկախ քաղաքական, պետական, սոցիալական, կրթական, մշակութային կամ այլ հրապարակային գործունեություն է իրականացնում:
Թե մոտավորապես երբ կարող է քննարկվել փոփոխությունների ամբողջովին ընդունումը, պարբերականը չի փոխանցում:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր, Վրաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն