Գլխավոր » Javakhq, Լրահոս, Ջավախք, Վրաստան, Քաղաքականություն

Վահե Սարգսյան. «Ջավախքը ՀՀ-ի` դեպի ծով ելքի ամենակարճ ճանապարհն է»

Հուլիս 2, 2011թ. 20:01

vahe sargsyan 1Հարցազրույց  «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանի հետ: Քննարկվել են Ջավախքի հիմնահարցը, Ջավախքահայության ներկայիս վիճակը և մի շարք այլ հրատապ հարցեր:

– Ջավախքի հարցը գնալով նմանվում է ծեծվող ջրի պատմությանը, անընդհատ խոսվում է, խոսվում, սակայն սայլը տեղից չի շարժվում, ինչպե՞ս կբացատրեք այս հանգամանքը:

– Ջավախքի հիմնահարցը նախևառաջ պահանջում է հայեցակարգային մոտեցումներ: Երբ չկա այդ տեսլականը, բնականաբար, Ջավախքի հիմնահարցը դարձել է մի սայլակ, որը յուրաքանչյուրը ձգտում է քաշել դեպի իր կողմը: Արդյունքում` ունենք այն, ինչ ունենք:

– Վերջերս Կաթողիկոսը պաշտոնական այցով գտնվում էր Վրաստանում և Ջավախքում: Ինչ- որ դրական տեղաշարժ եղա՞վ վրացականացվող հայկական եկեղեցիների շուրջ, աչքը սարքելու տեղը ունքն էլ հանեցի՞ն մեր հոգևոր հայրերը:

– Վեհափառի այցը ոչինչ էր տալու մեզ, քանի որ այցի նախապատրաստական մասում առկա էին մի շարք խոցելի կողմեր: Ամենացայտունը, դա այն իրողությունն էր, որ ՀԱԵ-ն իրեն իրավատեր չի համարում միջնադարյան հայ քաղքեդոնիկ արժեհամակարգին: Իսկ ՀՀ մշակույթի նախարարությունը, որը կյանքի է կոչված պաշտպանելու և զարգացնելու հայ ժողովրդի մշակութային արեքները, ընդհանրապես գաղափար չունի այս ժառանգության մասին: Խոսքը վերաբերում է Տայքում, Ջավախքում և Լոռիում գտնվող տասնյակ հայ քաղկեդոնիկ տաճարներին, երբ Ջավախքում տարիներ շարունակ անխնա բռնազավթվեցին և վրացականացվեցին այդ արժեքները: Մեր եկեղեցին ու մշակույթի նախարարությունը լռեցին այդ կապակցությամբ, իսկ ահա վրացական կողմը, փայլուն օգտվելով այդ «մեծ լռությունից», պահանջատիրությունը շարունակեց` ձգտելով «օրինաչափորեն» յուրացնել Լոռվա հայ քաղկեդոնիկ տաճարները: Մեր անհաջողությունները բխեցին այս հանգամանքից նաև:

– Վրաստանում ստեղծված ներքաղաքական խնդիրները որքանո՞վ են վտանգավոր Հայ համայնքի համար, և ի՞նչ դերակատարություն, մասնակցություն ունեն Հայերը դրանում:

– Վրաստանում և Ջավախքում հայերն զբաղված են սեփական հոգսերով ու խնդիրներով, պահպանում են չեզոքություն, և Վրաստանի ներքաղաքական գզվռտոցներն ընդհանրապես չեն ազդում վերջիններիս վրա: Այս իրողությունը բխում է այն հանգամանքից, որ վրացական և իշխանամետ, և ընդդիմադիր ուժերը բացարձակապես նույնն են իրենց գաղափարախոսւթյուններով, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է այլազգիներին: Վերջիններս տարբեր զգեստներով նույն սատանան են:

– Վրաստանի իշխանությունը ակտիվ ձևով վարում է այնպիսի քաղաքականություն, որի արդյունքում Ջավախքահայությունը մեծ տեմպերով գաղթում է իր բնօրրանից, ինչպե՞ս կարելի է դրա դեմը առնել, և ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել այդ արտագաղթը:

– Ներկայումս Վրաստանը վարում է երկակի քաղաքականություն: Առաջնայինը` դա ջավախահայության զոմբիացման քաղաքականությունն է, որը իրականացվում է մտավորականության, մշակութային գործիչների մեկուսացմամբ և վտարմամբ, գիրք-գրականության արգելմամբ, տեղեկատվական վակուումի ստեղծմամբ և այլն: Երկրորդը` դա արհեստական և բնական պայմանների ստեղծումն է, որոնց շնորհիվ Ջավախքն արագորեն հայազրկվում է: Երկու դեպքում էլ ականատեսն ենք Ջավախքի ոչնչացման: Այս քաղաքականությունը նպատակ ունի նախ յուրացնելու 1921 թ. կոմունիստների կողմից Վրաստանին նվիրաբերված Ջավախքի տարածքը, մյուս կողմից` ջավախահայությանը ենթարկել ուծացման, ինչը վրաց էթնիկ հանրույթի աճման հիմնական խթանն է: Ջավախքի կործանումը դա առաջնահերթորեն խփում է ՀՀ անվտանգության հիմքերին, քանի որ Վրաստանն ստանում է ձեռքերի ազատություն: Ջավախքի պահպանման և զարգացման համար քայլերը պետք է ձեռք առնի ՀՀ-ն` իր ողջ ինստիտուցիոնալ համակարգով:

– Ջավախքը ռազմաքաղաքական տեսանկյունից տարածաշրջանում ունի բարենպաստ դիրք, և դա լավ գիտակցում են վրացիները, ինչպես նաև նրա զինակիցները և կամաց կամաց սկսում են դա օգտագօրծել: Կարո՞ղ է պատահել այնպես, որ մի օր դա մեր գլխին հերթական պատուհասը դառնա:

– Ջավախքն այսօր փայլուն կերպով օգտագործվում է մեր դեմ, այնինչ այն հզոր և անփոխարինելի լծակ է` զսպելու համար Վրաստանի ծայրահեղ, շատ դեպքերում հիտլերյան քաղաքականությունը ՀՀ-ի կամ հայության նկատմամբ: Ջավախքն անտերության մատնելու պարագայում այն պատուհաս է դառնալու և մեր, և Վրաստանի գլխին, քանի որ այստեղ օրավուր ավելանում է թյուրքական գործոնը, որն օղակում է ՀՀ-ն, իսկ Վրաստանն այստեղ զոհ դառնում մեծ թուրանական ծրագրին:

– Այսօր շատ է խոսվում և շոշափվում Համշենահայերի թեման, որը տարիներով մոռացության էր տրված, սակայն մոռանում ենք, որ Համշենի հետ ցամաքային կապող ուղի կարող է դառնալ Ջավաքը, ինչը ևս շատ բացառիկ է և կարևոր: Այս տեսնակյունից ինչպե՞ս կմեկնաբանեք Ջավախքի դերը Հայոց հողերի վերատիրման գործում:

– Ջավախքն, իրոք, ՀՀ-ի` դեպի ծով ելքի ամենակարճ ճանապարհն է: Արդեն քսան տարի է, ինչ մենք յոթ հարյուր կմ ճանապարհ ենք անցնում` էքսկուրսիա կատարելով ողջ Վրաստանով, մինչ մեր ապրանքները կհասնեն ծովից ՀՀ: Ներկայումս Վրաստանը, 2008 թ. ծայրահեղ իրավիճակից դրդված, ստիպված այլընտրանքային ճանապարհ կառուցեց Ջավախքի վրայով` կապելով Թիֆիլսը Բաթումի հետ: Մենք օգտվելու փորձեր ենք անում դրանից: Բայց եթե այս ընթացքում վերանա Ջավախքի հայկական գործոնը, մեր ձեռբերումներն այս ամենից խիստ կնվազեն, քանի որ Վրաստանի այն արհեստական տարանցման խոչընդոտները, որոնք իրականացվել են մինչ օրս, կշարունակվեն ավելի կատաղի կերպով: Ջավախքի միջոցով ծով դուրս գալն անհամեմատ կհզորացնի ինչպես Ջավախքը, այնպես էլ` ՀՀ-ն և հայկական գործոնը տարածաշրջանում: Իսկ այսպիսի իրողության պայմաններում հնարավոր է դառնում կոնկրոտ զբաղվել և համշենահայերի, և այլ տարբեր համազգային խնդիրներով: Ներկա պայմաններում, երբ ՀՀ-ում հայապահպանությունն արդեն դառնում է դժվարին գործ, երբ աղանդավորականները, օտար ու ազգակործան արժեքները, զոմբիացնող ու կործանարար հաղորդումներն ամեն օր թակում են մեր դռները, երբ մենք չենք գիտակցում մեր ողջ ազգային պոտենցիալի մասին, երբ դեռ պառակտված ենք ու առաջնորդվում ենք հատվածական, նեղ շահերով, դժվար է խոսել համշենահայերի կամ Արևմտահայաստանի հիմնահարցերի մոտալուտ լուծման մասին:

bnaban.am

ArmAr.am


Դիտել Javakhq, Լրահոս, Ջավախք, Վրաստան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն