Գլխավոր » TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

ՌԴ ԱԳ նախարար. «Մենք կարծում ենք, որ հասել ենք այն հանգրվանին, երբ հարկավոր է որոշում ընդունել»

Հուլիս 6, 2011թ. 16:15

06«Շատ մոտ ապագայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման աշխատանքները կշարունակվեն»,- Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Մոսկավայում կայացած հանդիպումից հետո հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Մենք արձանագրեցինք, որ Կազանում նախագահները հայտարարեցին կարեւոր հարցերի համաձայնեցման մասին, որոնք նպաստում են կարգավորման վերջնական պայմանավորվածությունների ձեռքբերմանը»,- նշել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Լավրովի խոսքով՝ ՌԴ նախագահ Մեդվեդևը որպես միջնորդ, ով գործում է ԱՄՆ- ի և Ֆրանսիայի համաձայնությամբ և աջակցությամբ, ավարտել է իրավիճակի վերլուծությունը կազանյան հանդիպումից հետո և մոտ ժամանակներս հետագա քայլերի վերաբերյալ որոշում կընդունի:

«Մենք կարծում ենք, որ այժմ հասել ենք այն հանգրվանին, երբ հարկավոր է որոշում ընդունել»,- ընդգծել է նախարարը ու հավելել, որ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխությունն արդյունավետ չի լինի:

Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ այսօր խելամիտ չէ փոխել Ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող միջնորդների ձևաչափը: Նա Մինսկի խումբն անվանել է բավականին արդյունավետ աշխատող ձևաչափ, որը տարիների ընթացքում մեծ փորձ է կուտակել բանակցային գործընթացում: Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կկարգավորմանն ուղղված Ռուսաստանի ջանքերը:

Ի դեպ՝ շուտով Մոսկվա կմեկնի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։ Իր ռուս պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ ադրբեջանցի դիվանագետը քննարկելու է ղարաբաղյան հիմնախնդիրը, տեղեկացրել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն։

Ըստ որոշ լրատվամիջոցների՝ հուլիսի 8- ին կայանալու է նաեւ Ռուսաստանի արտգործնախարարի կարճատեւ այցը Բաքու, այնուհետեւ Երեւան։ Կրկին օրակարգային է լինելու ղարաբաղյան խնդիրը: Պաշտոնական աղբյուրները Սերգեյ Լավրովի այցի մասին տեղեկություն չեն տարածել:


Դիտել TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն