Վրաց իշխանությունները երկար տարիներ փորձում են փոխել Ջավախքի ժողովրդագրական կազմը
«Ջավախահայության խնդիրների մասին սկսել են խոսել դեռևս 90-ականներից, մինչ օրս սակայն դրանցից և ոչ մեկը լուծում չի ստացել»,- ասում է «Ջավախք» ժողովրդական շարժման նախագահ Նորիկ Կարապետյանը: Նրա խոսքով՝ ջավախահայության հիմնական խնդիրը հայապահպանությունն է՝ այդ թվում՝ լեզվի, եկեղեցու, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները:
Վրաց իշխանությունները երկար տարիներ փորձում են փոխել Ջավախքի ժողովրդագրական կազմը: «Վիրք» կուսակցության նախագահ Դավիթ Ռստակյանի տեղեկացմամբ` վերջերս էլ վրացական իշխանությունները Ախալքալաքում վրացական դպրոց են հիմնում, ինչը նշանակում է, որ ապագայում հայ երեխաներին այդ դպրոց ուղարկելու ծրագիր կա:
Իհարկե չպետք է անտեսել նաև դրական տեղաշարժերը:
Վերջերս հայոց հովվապետի Վրաստան կատարած այցելությունից հետո միայն հայ առաքելական եկեղեցուն կարգավիճակ տրվեց, նշել է Դավիթ Ռստակյանը` ավելացնելով, որ այս ընթացքում նաև որոշ սոցիալ-տնտեսական խնդիրներ են լուծվել, այն էլ խոշոր տերությունների շահագրգռվածության արդյունքում:
ArmAr.am
Թեգեր` Ջավախք












