Դեմոկրատիա խաղացողներն այսօր Հուդայի պես մեզ համբուրում են, վաղը մատնելու են…
«Այն անձը ով իր կռիվը հայոց եկեղեցու դեմ է ուղղում կնշանակի պայքարի է դուրս եկել հայ տեսակի դեմ»
«Հայ եկեղեցին, որ չի դադարել ինքնավար լինելուց, քրիստոնյա եկեղեցիներից ամենաժողովրդավարականն է….»:
Անտուան Մեյե, ֆրանսիացի հայագետ
Պատմությունից հայտնի է, երբ թշնամին նպատակ է ունեցել թուլացնել մեր երկիրը, իր հարվածն ուղղել է հայոց ինքնության հենասյուներին` մեր պետությանը, մեր եկեղեցուն ու մեր լեզվին: Այսօր կրոնական քողի տակ Հայաստան ներթափանցած աղանդավորական կազմակերպությունների պայքարն ուղղված է հենց մեր հենասյուներին: Ազգային արժեքներ դեմ ծրագրված այս պայքարում, որն օրեցօր նոր դրսևորումներ ու երանգներ է ստանում, տանուլ չտալու համար մենք պարտավոր ենք հանգամանորեն վերլուծել այն իրողությունը, որի մեջ գտնվում ենք ազգովի: Հակառակ դեպքում մեր պետության և եկեղեցու անվտանգությանը աղանդների հասցրած ավերը կարող է կործանարար լինել. ծառի վրա նստած սեփական ճյուղերն ենք կտրում` երբեմն անգիտակցաբար, երբեմն գիտակցված…
Մեր հյուրերն են Հայր Կամիտասը, Տեր Եսայի քահանա Արթենյանը, հոգեբան Հրանուշ Բեջանյանը:
«Յան»-ը միայն ազգանվան մասնիկ չէ, այն էությունդ պիտի լինի
Հայր Կոմիտաս- Հայն այսօր կորցրել է իր սրբություններին տեր կանգնելու գիտակցումը: Դարձել ենք գաղափարախոսությունների ծայրահեղ հետևորդ. եթե կաթոլիկ ենք, ուրեմն պապից ավելի պապական ենք: Եվ պատճառն այն է, որ իրականում ինքներս մեզ չենք ճանաչում: Արմուտքից եկած ինչ ՙաղբաման՚ տեսնում ենք հայտնվում ենք մեջն ու հայտարարում, թե կրողն ենք այդ ՙարժեքների՚: Բայց Արևմուտք չի նշանակում անբարոյականության շեփորահարում, Արևմուտքն իր ներսում ունի բարոյական բարձր գաղափարներ, և ոչ թե այս «աղբամանային Արևմուտքը», որի կրողն ենք դարձել:
Կան մտավորականներ, որոնք այսօր ակտիվորեն հանդես են գալիս մեր եկեղեցու դեմ: Այս երևույթին ես հետևյալ կերպ եմ մոտենում. ամեն ոք, ով ասում է, թե ես հայ եմ դեռ ինձ համար հայ չէ, որովհետև անունը չի որոշում անձի էությունը: Մեր էպոսը` «Սասնա ծռեր»-ը, մեզ շատ կարևոր բան է սովորեցնում, որ հայի ամենամեծ թշնամին մսրամելիքներն են, առավելապես նրանք, որոնց մեջ այլ արյուն կա. Մսրա Մելիքի հայրը հայ էր, բայց մայրը եգիպտուհի… Իր ազգանվան մեջ «յան» մասնիկը կրողը որքանո՞վ է պաշտպանում «յան»-երի շահերը, այսինքն` հայ ժողովրդի շահերը: Ինձ համար հայը նա է ով մտահոգ է իր երկրի ու ժողովրդի ապագայով: «Յան» ազգանունը կրելը դեռ քիչ է հայ համարվելու համար: «Յանը» պետք է էությունդ լինի: Մեր մեջ կան այսօր շատ «յաներ», որոնք իրականում ոչ թե մեր հայության հավաքականության, պետության, ազգի համար են ծառայում, այլ ճիշտ հակառակը` ընդդեմ այդ հավաքականության: Ինչպես Քրիստոսն է ասում` մարդ չի կարող երկու տիրոջ ծառայել: Սրանք ոչ թե Աստծուն են ծառայում, այլ մամոնային ու հանուն դրա պատրաստ են վաճառել իրենց սրբությունները` հայոց երկիրն ու աստվածընտիր հայոց ազգը: Ովքեր գոծում են ընդդեմ հայ ժողովրդի` ինձ համար դավաճաններ են:
Երբ ուսումնասիրում ենք 19-րդ դարի որոշ աղբյուրներ, տեսնում ենք, որ այն քաղաքական գործիչները, որոնք պայքարել են հայ ազգի դեմ, մի բան լավ են գիտակցել` քանի դեռ հայը կառչած է իր մայր եկեղեցուց, նրան ոչինչ անել չեն կարող, բայց բավական է հային կտրել իր եկեղեցուց և նա ինքնաբերաբար կդադարի հայ լինել:
Հրեաներն ունեն ազգապահպանման իրենց բանաձևը, իսկ մե՞նք
Հայր Կոմիտաս- Հին կտակարանի առաջին 5 գիրքը, որ կոչվում է Թոռան, հրեա ժողովրդի սրբություն սրբոցն է: «Երկրոդումը օրինաց» գրքի 7-րդ գլխում հստակ դրված է հրեա ժողովրդի քաղաքական ծրագիրը: Ասվում է. «Երբ քո տեր Աստվածը քեզ տանի այն երկիրը, ուր պիտի մտնես այն ժառանգելու համար», (ի դեպ, կարևոր չէ որ երկիրը), «դու պիտի մտնես մեկ համոզումով, որ այդ երկիրը քոնը պետք է լինի: Քո առջևից հալածիր մեծ ու բազմաթիվ ազգերի». «Քո տեր Աստվածը նրանց կմատնի քո ձեռքը, կհարվածես, կոչնչացնես նրանց, ուխտ չդնես նրանց հետ, և նրանց չխնայես, նրանց հետ խնամություն չհաստատես», այսինքն, քո մեջից թող մսրամելիքներ չծնվեն, «Քո աղջկան նրա որդուն չտաս, նրա աղջկան քո որդու համար կին չառնես»: Խնդրեմ, սա ազգապահպանման բացառիկ ձև է, քաղաքական ծրագիր: Հայերս ունե՞նք: Ո’չ: Տարվել ենք «համաշխարհային», «մարդասիրական» վերացական գաղափարներով ու մոռացել` ինչպե՞ս կարող ես այլոց արժեքներն արժեվորել, երբ ինքդ քեզ չես արժեվորում: «Եթե ուզում եք ձեր քաղաքական ծրագրերը իրականացնել, տվեք մարդկանց անորոշ գաղափարներ ու նրանք քաոս կստեղծեն` իրականացնելով ձեր նպատակը»: Այսօր մեզանում սա է իրականացվում: Ո՞ր հավաքականությունն է զորավոր, միասնակա՞ն, թե՞ պառակտված: Այսօր ողբերգություն է կատարվում հայոց աշխարհում, ինչո՞ւ, որովհետև մենք պառակտված ենք, չենք հասկանում, թե դեմոկլյան սրի նման ինչ նոր քաղաքական ծրագիր է կախված հայ ժողովրդի գլխին: Մենք դեռ չենք հասկանում, որ դեմոկրատիա խաղացողները Հուդայի կերպարի մեջ մտած մեզ համբուրելով` վաղը մատնելու են… Թող ոմանք հիշեն Գրիգոր Զոհրաբի օրինակը. երբ Զոհրաբն իր մասոն եղբոր հետ ապրիլի 23-ի գիշերը նստած նարդի էր խաղում, բայց բավական էր, որ ոտքը դուրս դներ Թալիաթի տնից, ու վերջինս հրահանգեր` ոչնչացնել նրան:
Հայ մտավորակա՞ն, թե՞ հոգով ծախվածներ
Տեր Եսայի– Աղանդների գովքն անողները կամ վարձված են, կամ այլ շահեր են հետապնդում: Աղանդավորների աշխուժացմանը զուգահեռ լսվեց մտավորականների խոսքը, որոնք հանդես եկան ոչ թե հայոց եկեղեցու դեմ, այլ աղանդի պաշտպանության դիրքերից: Ես նրանց հայ մտավորական չեմ համարում: Բագրատյանը գուցե որպես տնտեսագետ կարող է հետաքրքիր առաջարկներ անել, բայց երբ փորձում է ի ցույց դնել իր եկեղեցական գիտելիքներն ու հայ ժողովրդի պատմությանն անդրադառնալ, նրա խոսքում ակնհայտ է աղաղակող անգրագիտությունը: Այդպիսիք պատրաստ են հանուն շահի իրենց հոգին ծախել, ուրեմն ինչպե՞ս կարող են հայ մտավորական կոչվել:
Հրանուշ Բեջանյան– Մեր ազգային եկեղեցու հանդեպ քննադատողի կեցվածք ընդունած այդ մտավորականները մի՞թե անտեղյակ են, որ աղանդները նպատակ ունեն մասնատել ազգը, քայքայել պետությունը, և այդ նպատակը քողարկում են հավատի ու հոգևոր քողի տակ: Հայոց Եկեղեցին կրողն է մեր ազգային արժեքների, դարեր ի վեր չունենալով պետականություն մեր եկեղեցին իր ուսերի վրա է տարել ազգապահպանման կարևորագույն դերը: Զարմանալի է, թե ինչո՞ւ են որոշ մտավորականներ խորշում, երբ եկեղեցին անվանում ենք ազգային: Հայ ազգը առաքելական եկեղեցու հետևորդ է, հետևապես մեր եկեղեցին ազգային է: Հայոց եկեղեցին այն կառույցն է, որը պահում է իմ ազգի տեսակը, բայց դա չի նշանակում, որ այդ տեսակը պահելով դադարում է լինել համամարդկային: Չկա իրական համամարդկային արժեք, որն իր մեջ չներառի ազգայինը, և հակառակը: Հայոց եկեղեցին դարերի ընթացքում ապացուցել է, որ լինելով ազգային, միաժամանակ համամարդկային է, ինչով մենք պետք է հպարտանանք: Հետևությունս մեկն է` այն անձը ով իր կռիվը հայոց եկեղեցու դեմ է ուղղում կնշանակի պայքարի է դուրս եկել հայ տեսակի դեմ:
Ուրեմն, պարոնա’յք, իջեք քննադատի աթոռից, ազնիվ եղեք ինքներդ ձեր խղճի առաջ, ոչ թե հարվածեք, այլ նեցուկ եղեք մեր եկեղեցուն:
Ճանաչո՞ւմ ենք աղանդներին
Հայր Կոմիտաս– Եթե ուսումնասիրեք «Եհովայի վկաներ» կոչվածների գաղափարախոսությունը, այնտեղ սին արժեքներից բացի ոչինչ չեք գտնի: Եհովայի վկան իրավունք չունի ինքնուրույն աղոթել, աստծո հետ հարաբերվելը միայն 12 հոգուց կազմված «եհովայի խողովակի»` կենտրոնական կոմիտեի մենաշնորհն է: Անդամները պետք է նամակով դիմեն կոմիտեին, որպեսզի վկայի խնդրանքը ՙհասցվի՚ Եհվային: Ասում են ըստ Եսայու գրքի 144 հազար մարդ պետք է փրկվի, իսկ մնացածները արածեն խաղացության մեջ, այսինքն սրանք մտնում են ոչխարային կերպարի մեջ, որոնց գոյընթացն անորոշությունն է: Եթե քրիստոնեությունն ասում է` մահից հետո գոյություն ունի հավիտենական կյանք երկնքի արքայության մեջ, սրանք այդ գաղափարն էլ են մերժում, հետևապես, ո՞ւր են առաջնորդում մեր ժողովրդին: Նրանք, ովքեր օգտագործում են այս անձանց, ունեն հստակ ծրագիր` մերժել ազգն ու ապազգային գաղափարախոսությունը, հետևապես, մերժել ազգային սրբությունները: Իսկ այն ժողովուրդը, որը չունի ազգային քաղաքականություն` դատապարտված է կործանման: Աղանդները ապազգային գաղափարախոսություն տարածելով հայոց մեջ նպատակ ունեն կործանման առաջնորդել հայ ժողովրդն: Եթե դու`որպես եհովայի վկա, պատրաստ չես զենք վերցնել երկիրդ պաշտպանելու, ուրեմն հայի դեմ ես գործում:
Տեր Եսայի – Այո, գործ ունենք նաև հասարակության չտեղեկացված լինելու փաստի հետ: Եթե մարդն իմանա, թե ինչ է ՙԵհվայի վկաներիե աղանդը, վստահ եմ, որ չի գնա նրանց հետևից: Նաև կեղծ մտքեր են հնչում, թե հայոց եկեղեցին պայքարում է ՙԵհովայի վկա՚ աղանդի անդամների դեմ. ո’չ` մեր պայքարը մեր հայրենակիցների դեմ չէ, այլ աղանդի ու դրա վտանգավոր հետևանքների: Մի կին եկել էր եկեղեցի ու հուզված պատմում էր, որ իր որդու դպրոցի մոտ, որ գտնվում է Հարավ-Արևմտյան թաղամասում, եհովայի վկաները վխտում են, ու ամեն օր տունդարձի ճանապարհին կանգնեցնում են որդուն և սկսում իրենց քարոզը: Աղանդավորներն անցել են բոլոր սահմանները, իրենց նպատակին հասնելու համար միջոցների մեջ խտրականություն չդնելով:
Այս չարիքի դեմ պայքարում մենա՞կ ենք թողել մեր եկեղեցուն
Հայր Կոմիտաս– Այսօր մեր ժողովրդի վաղվա օրն է տագանպած: Ուրեմն, մեր ժողովուրդը չպետք է մտածի, որ աղանդավորական շարժումների դեմ միայն եկեղեցու 100-120 հոգանոց հոգևոր դասը պետք է պայքարի: Այդ պայքարը պետք է լինի հավատացյալ հայ ժողովրդի հետ ձեռք-ձեռքի տված: Սա միայն եկեղեցու գործը չէ, այլ, շեշտում եմ, գիտակից, չծախված հայերի գործն է:
Մենք պարտավոր ենք ազգովի առնել այս քաղցկեղի առաջը, որն իր մետաստազներն է տարածում:
Հրանուշ Բեջանյան- Ցավոք ոչ ոք չի հասկանում, թե ո՞րն է հայ եկեղեցու առաքելությունը: Մեր ժողովուրդը սովորել է, որ բոլոր դժվարությունները մեր եկեղեցին իր ուսերի վրա պիտի տանի: Ու եկեղեցու հանդեպ դարձել ենք պահանաջատեր: Ունենք երկրի նախագահ, վարչապետ, բայց, չգիտես ինչու Վեհափառ հորից պահանջում ենք նախագահի լիարզորություններին հարիր քայլեր ձեռնարկել: Ինչո՞ւ ենք մոռանում, որ Եկեղեցին հենց ինքներս ենք ու միասին պետք է տեր կանգնենք մեր արժեքներին, մեր հավատին: Ինչպե՞ս կարելի է հայ հոգևորականին միայնակ թողնել այս մարտահարվերների բովում: Փա’ռք մեր սուրբ հայրերին, որ դարերի ընթացքում այնպիսի հզոր էներգետիկ դաշտ են ստեղծել, որն առ այսօր բոլոր փորձություններից պահպանում է մեր եկեղեցուն: Իսկ մեզ մնում է դրա արժանի ժառանգորդը լինել:
Ո՞րն է ելքը
Տեր Եսայի – Կարևորում եմ օրենքի հստակեցումը. խղճի ազատության օրենքը շարունակում է մնալ անկատար: Երբ տարիներ առաջ ՀՀ ԱԺ-ն հանդես եկավ նման նախաձեռնւթյամբ Արևմուտքն այնպիսի~ մի աղմուկ բաձրացրեց` իբր ՀՀ-ում կրոնական անհանդուրժողոնակություն է տիրում: Դա նման էր վայնասունի, սպառնալիքի, հոխորտանքի: Մենք անկախությունը շփոթել ենք ամենաթողության հետ: Մոռացել ենք Ցիցերոնի բացառիկ դարձվածքը` եթե ուզում ես ազատ ապրել, պիտի լինես ստորուկը օրենքի: Պահանջում ենք ԱԺ-ից ու համապատասխան մարմիններից հստակ ձևակերպել ինչ ասել է հոգեորսություն: Այսօր լուծումը տեսնում եմ հայ եկեղեցուն ապավինելու և հայ եկեղեցու միջոցով ժամանակի բոլոր մարտահրավերներին դիմակայելու մեջ:
Հայ Կոմիտաս– Կարևոր գործ ունեն անելու հայ սոցիոլոգները, հոգեբանները, պատմաբանները, եթե մենք մտածում ենք վաղվա հայի մասին, ապա նա պետք է հստակ պատկերացնի, թե ինչո՞ւ է ուզում մնալ հայ, ինչո՞ւ պետք է ամուր պահի իր պետականությունը, ինչո՞ւ պիտի գնահատի իր ազգային արժեքները: Եկեղեցին ազգի հոգևոր արժեքների տերն է ու պաշտպանը, բայց ազգի հավաքական գոյընթացը ամրագրողը պետք է լինի պետության ղեկավար մարմինը, ուրեմն այդ մարմինն էլ պետք է տեր կանգնի այդ ընթացքին:
Հրանուշ Բեջանյան- Ելքը մեր եկեղեցու զորացումն է: Իսկ այդ գործում կարևորում եմ հայրենանվեր մտավորականության համախմբումը: Ես չեմ էլ ուզում խոսել իրենց հոգին ծախածների մասին, որոնց հայ մտավորական չեմ համարում: Խոսքս ուղղում եմ ազգային շահերը գիտակցող հատվածին: Մենք պետք է ուժեղանանք համախմբվելով, դրանից հետո աղանդներն ու աղանդապաշտները մկների նման կլքեն մեր երկիրը, քանզի անելիք չեն ունենա:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
ArmAr.am, «Իրատես de facto»
Թեգեր` Հայր Կամիտաս, հոգեբան Հրանուշ Բեջանյան, Տեր Եսայի քահանա Արթենյան












