Գլխավոր » Politics, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Տիգրան Փաշաբեզյան. «Պատանդ ե՞նք դարձել միջնորդական առաքելությունների ձեռքին»

Հուլիս 11, 2011թ. 10:35

armeniaand-karabakh1Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ ընթացող  վերջին զարգացումներին անդրադառնալով, քաղաքագետ Տիգրան Փաշաբեզյանը բանակցային կողմերին` Մինսկի խմբի համանախագահներին, Ադրբեջանին ու Հայաստանին, առաջարկում է նախ վերհիշել 1920-ի Հայաստանի խորհրդայնացումից հետո տեղի ունեցած իրադարձությունները. ինչը զարմանալիորեն անտեսել է նաև հայկական կողմը:

Այսպես, 1920 թ. նոյեմբեր 29-ին  Ադրբեջանական ԽՍՀ պետական իշխանության լիազոր մարմինները պաշտոնապես հայտարարեցին հայկական հողերի` Ղարաբաղի, Զանգեզուրի եւ Նախիջևանի հանդեպ տարածքային նկրտումներից հրաժարվելու մասին հօգուտ  Հայկական ԽՍՀ-ի:  Ադրբեջանի Հեղկոմի նախագահ Ն. Նարիմանովի եւ Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Մ. Հուսեյնովի 1920 թ. նոյեմբերի 30-ի հեռագրում հաղորդվում էր. «Այսօրվանից չեղյալ են հայտարարվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եղած սահմանային վեճերը և  Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջևանը ճանաչվում են Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության բաղկացուցիչ մաս՚: 1920-ի դեկտեմբերի 4-ին ՙՊրավդա՚ թերթը տպագրում է Սերգո Օրջոնիկիձեի դեկտեմբերի 2-ին Բաքվից ուղարկած հաղորդագրությունը. ՙԸնկերներ Լենինին եւ Ստալինին հաղորդեք հետևյալը` հենց նոր Երևանից հաղորդում ստացվեց, որ Երևանում հռչակվել է խորհրդային իշխանություն, հին կառավարությունը հեռացված է… Ադրբեջանն արդեն երեկ հայտարարել է Նախիջևանի, Զանգեզուրի եւ Լեռնային Ղարաբաղի հանձնումը հոգուտ Խորհրդային Հայաստանի»։

Շարունակելով պատմական փաստերի հիշեցումը Տ. Փաշաբեզյանը հավելում է. «Սակայն, միջնորդական առաքելությունն այս դեպքում էլ արագընթաց և անվրեպ գործեց։ Մոսկվայում՝ Լենին-Տրոցկի շրջանակներում շտապեցին Նարիմանովին ու մյուսներին խորհուրդ տալ չկարգավորել հակամարտությունը, որովհետեւ դրա միջոցով դեռ երկար տասնամյակներ ծրագրում էին պատանդի կարգավիճակում պահել Ադրբեջանն ու Հայաստանը, ադրբեջանցիներին ու հայերին»:

Գալով մեր օրերին, քաղաքագետը համոզմունք է հայտնում, որ այս  ամենին, անշուշտ, քաջատեղյակ են Մինսկի խմբի համանախագահները, իսկ թե ինչո՞ւ են շրջանցվում այս կարևոր փաստերը, Տիգրան Փաշաբեզյանն ունի իր մեկնաբանությունը. «Պատճառն հետևյալն է` թե’  անցյալում, թե’ այսօր իրականացվող  ծրագրերը նույնն են` չկարգավորել հակամարտությունը, պատանդի կարգավիճակում պահել տարածաշրջանի երկրներին ու ժողովուրդներին և այս իրավիճակը ծառայեցնել սեփական շահերին»։

Խոսելով հայկական կողմին պարտադրվող զիջումների մասին, Տիգրան Փաշաբեզյանն այն համոզմունքին է, որ ԼՂՀ հիմնախնդրի առնչությամբ զիջումների մասին հրապարակ նետված սկզբունքը նպատակ ունի նենգափոխել հիմնախնդրի էությունը: Քաղաքագետը հարց է ուղղում միջազգային միջնորդական առաքելության բանագնացներին, ինչպես նաև հայկական կողմին. «Ուզում եմ հարցնել, օրինակ, ո՞րն էր Ֆրանսիայի (կամ եվրոպական մեկ այլ երկրի) փոխզիջումը Գերմանիային` Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Հետաքրքիր է, չէ՞, տասնամյակներ շարունակ ԼՂՀ-ն եղել է բռնազավթված, կողոպտել են, բնակիչներին սպանել և բռնությունների ենթարկել, իսկ հետո, երբ արցախահայությունը համարձակվեց պաշտպանել իր իրավունքները և նույնիսկ հաղթել՝ այժմ էլ անամոթաբար հարցնում են, իսկ դուք ի՞նչ եք զիջելու տասնամյակներով ձեզ խոշտանգող հանցագործներին»:

Կազանյան հանդիպումից օրեր առաջ արևմտյան լրատվամիջոցներն ու վերլուծաբանները արտահայտեցին այն միտքը, թե միջնորդներն այլևս հոգնել են ղարաբաղյան հակամարտության այս փակուղային իրավիճակից. քաղաքագետը   հակադարձելով միջնորդների հոգնածությամբ մտահոգներին, վերջիններիս ուշադրությունը սևեռում է հետևյալ հանգամանքի վրա. «Տարածաշրջանի ժողովուրդների համբերությունն է հատնում, որոնք ակամա պատանդ են դարձել միջազգային հանրության միջնորդական առաքելությունների ձեռքին, քանի որ վերջիններիս նպատակը հակամարտություններին արդարացի լուծումներ գտնելը չէ, այլ հարմար պահին դրանք այնպես թեժացնելը, որ պատերազմ ծագի մեկից ավելի կողմերի միջեւ (եռակողմ-քառակողմ) եւ իրենք հնարավորություն ստանան միջազգային խաղաղապահ կոչված զինված ուժեր տեղակայել տարածաշրջանում։ Իսկ թե պատերազմի հետևանքով որքան մարդ կզոհվի, ի~նչ ավերածությունների կենթարկվեն տարածաշրջանի երկրները, իրենց քիչ է հետաքրքրում»,-եզրափակում է քաղաքագետը:

ArmAr.am


Դիտել Politics, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն