«Արաբական գարուն» յեղափոխութիւնների հետեւանքը՝ Նոր Միջին Արեւելքի ձեւաւորման գործընթացում
Նկատի առնելով, որ Միջին Արեւելքի հասարակական-քաղաքական բռնկումները եւ դրանցից բխող արդիւնքները խորն ու երկարատեւ ազդեցութեան դրոշմ են թողնելու հետագայ աշխարհա-քաղաքական զարգացումների վրայ, ուստի՝ անհրաժեշտ է տարածաշրջանային զարգացումների գետնի վրայ՝ ճշտորոշել ապագայ փոփոխութիւնների ընթացքը կամ այլ խօսքով՝ ուրւագծել ՙԱրաբական գարուն՚ կոչւած յեղաշրջումների ռազմա-քաղաքական եւ տարածաշրջանային նոր համակարգի ձեւաւորման մօտաւոր պատկերը:
Նշենք, թէ նոր իրավիճակը Միջին Արեւելքում լուրջ փոփոխութիւններ է մտցրել շրջանի երկրների ներքին եւ արտաքին քաղաքականութեան մէջ, որով զգալիօրէն բարձրանում են Իսլամական աշխարհում ազդեցիկ դերակատարութիւն ստանձնելու շրջանային ուժերի նպատակային ձգտումները: Միեւնոյն ժամանակ, արեւմտեան մեծ տէրութիւնները բացայայտօրէն սկսել են միջամտել եւ օգտւել ստեղծւած իրավիճակից՝ տարածաշրջանում իրենց վերահսկողութիւնն աւելի խորացնելու հեռանկարով:
Այս առումով՝ յատկանշական է, որ Միջին Արեւելքի ողջ տարածաշրջանը աշխարհա-քաղաական, քաղաքա-տնտեսական եւ անվտանգութեան դեռեւս մեծ իրադարձութիւնների է սպասում, երբ շրջանի քաղաքական քարտէզի վրայ հրապարակ կը գան նոր վարչակարգեր եւ ուժեր, որոնց քաղաքա-գաղափարական հայեացակարգն ու ռազմավարական ուղղւածութիւնը, այսպէս թէ այնպէս, կը համընկնեն թէ՝ կը հակասեն համաշխարհային նոր համակարգի հիմնարար սկզբունքներին:
Որոշ քաղաքական փորձագէտների կարծիքով՝ Միջին Արեւելքի քաղաքական-հասարակական արագընթաց զարգացումները յանգելու են տարածաշրջանային կարեւոր ուժերի ռազմավարական, կրօնա-գաղափարական եւ թերեւս զինւորական բեւեռացման նոր կարգավիճակի ձեւաւորմանը: Ուստիեւ՝ դրանից է կախւած ո՜չ միայն համաշխարհային մեծ տէրութիւնների ռազմավարական շահերի հաւասարակշռութեան պահպանումը, այլեւ շիական եւ սուննիական իսլամ երկու գլխաւոր դաւանանքների միջեւ ընթացող քաղաքա-գաղափարական թաքուն մրցակցութեան նոր դրսեւորումների եւ դրանից բխող իսլամ պետութիւնների քաղաքա-տնտեսական նոր յարաբերութիւնները:
Միջին Արեւելքում բռնկւած զանգւածային ընդվզումները եւ շղթայւած իշխանափոխութիւնները, այսպէս կոչւած աւելի թոյլ երկրներում, կարծէք թէ հիմք են պատրաստում միանգամայն նոր եւ անկանխատեսելի փոփոխութիւնների համար, որով արդէն ճշտորոշւում են շիական եւ սուննիական պետութիւնների շահերի խաչաձեւման եւ երկու դաւանական ճամբարների գոյացման դրոյթները:
Այսպէս՝ Եգիպտոսի յեղափոխութիւնից յետոյ տեղի ունեցող իրադարձութիւնները եւ ներկայում Սիրիայում ընթացող խիստ փոթորկոտ ընդվզումները վկայում են, որ տարածաշրջանի կարեւոր եւ աւելի զօրեղ պետութիւնները, այսինքն՝ Իրանը, Սաուդական Արաբիան եւ Թուրքիան կանգնած են դաւանա-քաղաքական եւ ռազմավարական, ինչու չէ նաեւ էկոէներգետիկ շահերի ջրբաժանման գծի եզրերում: Այլ խօսքով՝ իսլամական այս երեք պետութիւններից կազմւած եռանկիւնու գծերը չափով ու ձեւով չեն տեղաւորւում մէկ երկրաչափական ամբողջութեան մէջ, այլ շահերի ու քաղաքական ուղղւածութեան առումով խիստ հակասում են միմեանց:
Այսպէս՝ նոր իրավիճակը Միջին Արեւելքում ուղղակի անդրադառնում է Իրանի, Թուրքիայի եւ Սաուդական Արաբիայի անվտանգութեան եւ նրանց միջեւ գոյութիւն ունեցող ռազմա-քաղաքական հաւասարակշռութեան վրայ:
Ինչպէս յայտնի է, մինչ վերջին զարգացումները՝ տարածաշրջանում աստիճանաբար ձեւակերպւել էր շիա եւ սուննի իսլամ պետութիւնների եւ խմբակցութիւնների բլոկներ: Այս ձեւակերպմամբ՝ Իսլամական աշխարհի շիա դաւանող ժողովուրդները համախմբւել էին Իրանի, Սիրիայի եւ Հարաւային Իրաքի ու Լիբանանի շիաներից կազմւած ճամբարում, իսկ սուննիներին ներկայացնում էին գլխաւորաբար Սաուդական Արաբիան, Թուրքիան, Եգիպտոսը եւ Պակիստանը: Այս իրավիճակը գրեթէ աննշան տատանումներով շարունակւում էր, մինչեւ ՙԱրաբական գարուն՚ կոչւող բռնկումների ծաւալումը՝ Միջին Արեւելքի տարածաշրջանում:
Յատկանշական է, որ վերջին ամիսներում Սիրիայի ալաւի-շիա վարչակարգի դէմ ընդլայնւող յուզումները եւ դրանցից բխող զինւած ապստամբութիւնը յանգեցրեց աշխարհա-քաղաքական անկայունութեան սրմանը՝ վերոնշեալ երեք պետութիւնների եւ նրանց վերտարածաշրջանային դաշնակիցների յարաբերութիւնների մէջ:
Խօսելով երեք տարածաշրջանային ազդեցիկ ուժերի քաղաքա-տնտեսական եւ ռազմական հաշւեկշիռների երերուն իրավիճակի մասին՝ նկատել տանք, որ ստեղծւած մթնոլորտում իւրաքանչիւր կողմ փորձում է իր ռազմավարական առաջադրանքները եւ ծրագրերն իրականացնել ձեւակերպւող Նոր Միջին Արեւելքի տարածաշրջանում, այն յաւակնութեան միտումով, որ ինքը պէտք է դառնայ շրջանի առաջատար պետութիւնը:
Ներկայում անորոշ ու բազմաբնոյթ քաղաքական գործընթացների ականատեսն ենք տւեալ տարածաշրջանում, որի պատճառով՝ ուժերի հաւասարակշռութիւնը կտրական փոփոխութիւնների է ենթարկւում Արաբական-Իսլամական աշխարհում:
Եթէ ընդունենք, որ Սիրիայում ասադեան իշխանութիւնների տապալման գործը յաջողութեամբ աւարտւի, որին նպաստում է ԱՄՆ-Իսրայէլ-Սաուդական Արաբիա եռակողմ բլոկը, ապա կարող ենք ենթադրել, որ Սիրիայում հնարաւոր է իշխանութեան գլուխ բարձրանան սուննի մեծամասնութեան քաղաքական ներկայացուցիչները: Այսպիսով՝ բնականաբար, Սիրիայի նոր վարչակարգի դիրքերն ու հայեացքը կը թեքւեն դէպի Սաուդական Արաբիա, իսկ կորցնելով իր գլխաւոր դաշնակցին՝ Իրանի դիրքերը բաւականաչափ կը թուլանան Իսլամ-շիա աշխարհում:
Իրանի համար Սիրիայի շիա վարչակարգի կորուստը հաւասար է Իրաքում եւ Լիբանանում ռազմավարական կարեւոր դիրքերի ու շիա խմբակցութիւնների հետ կապ պահելու հնարաւորութիւնից զրկւել: Նման ծանր գին չվճարելու համար՝ Իրանը պատրաստ է Սաուդական Արաբիայի հետ որոշ փոխհամաձայնութեան յանգել, սակայն Իրանի իշխանութեան վերնախաւում բոլորը չեն, որ պատրաստ են հաշտւել դաւանական-ռազմավարական մրցակից համարւող Սաուդական Արաբիայի հետ դիւանագիտական համաձայնութեան գալու գաղափարի հետ:
Միջին Արեւելքում տիրող իրավիճակն աւելի է բարդանում, երբ նկատի ենք առնում, որ խաղի երրորդ կողմը՝ Թուրքիան փորձում է ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի աջակցութեամբ իր դերակատարութիւնը մեծացնել շրջանի, իսկ յատկապէս Սիրիայի քաղաքական ներքին գործընթացներում: Իհարկէ, սա առաջին անգամը չէ, որ Թուրքիան ստանձնում է Վաշինգտոնի կողմից թելադրւած պահանջները: Ինչպէս քաղաքական մեկնաբաններն են յայտնում, ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն փորձում են Թուրքիայի միջոցով, անհրաժեշտութեան դէպքում, ռազմական գործողութիւն իրականացնել Սիրիայի կառավարական ուժերի դէմ: Այսպիսով՝ դիւանագիտական մարտավարութիւնների կողքին՝ մեծանում է նաեւ Թուրքիայի կողմից հնչեցւած ռազմական սպառնալիքների վտանգը՝ Սիրիայի վարչակարգի նկատմամբ: Ակնյայտ է, որ Թեհրանը արդէն անհանգստացած է Սիրիայում Թուրքիայի եւ Սաուդական Արաբիայի կողմից հովանաւորւող ուժերի ակտիւացմամբ, ինչը վտանգում է Իրանի եւ Սիրիայի կառավարութիւնների կայունութիւնն ու անվտանգութիւնը:
Այդուամենայնիւ, թուրքերի եւ արաբների յոխորտանքները միայն քարոզչական եւ հոգեբանական կռւի բնոյթ ունեն եւ իրականում չեն կարող ռազմական լուրջ սպառնալիք համարւել Միջին Արեւելքի մրցակից պետութիւնների հանդէպ: Հաշւի առնելով, որ Իրանը ՕՊԵԿ-ի նաւթի ու գազի արդիւնաբերութեան մէջ կարեւոր նշանակութիւն է վերապահել իր համար, ուստի՝ դժւար է ենթադրել, որ որեւէ հարեւան պետութիւն ցանկանայ արկածախնդրական քայլեր ձեռնարկել Իրանի կամ նրա շիա դաշնակից խմբակցութիւնների դէմ:
Յատկանշական է, որ Միջին Արեւելքի վերջին զարգացումների մէջ առանձին նշանակութիւն ունի Իրանի վերաբերմունքը՝ շրջապատի մրցակից պետութիւնների կողմից սպառնացող վտանգների հանդէպ:
Պէտք է նշել, որ այս ռազմավարական դասաւորումները շրջանի կարեւոր ուժերին ներքաշել են մարտավարական խիստ զգայուն եւ դիւանագիտական ճկուն խաղեր վարելու մրցադաշտ, որի արդիւնքը ապագայում ճշտորոշելու է Միջին Արեւելքի աշխարհա-քաղաքական նոր հաշւեկշիռները:
Սահակ ՇԱՀՄՈՒՐԱԴԵԱՆ
ArmAr.am












